«Թեյթ Մոդեռն» պատկերասրահը դարձել է Բրիտանիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրը
Ժամանակակից արվեստի «Թեյթ Մոդեռն» պատկերասրահը դարձել է Լոնդոնի առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրը՝ առաջին անգամ առաջ անցնելով Բրիտանական թանգարանից, տեղեկացնում է BBC-ին: Անցյալ տարի «Թեյթ Մոդեռն» է այցելել 5,9 մլն մարդ, իսկ Բրիտանական թանգարան՝ 5,8 միլիոն: Այդ մասին վկայում է Alva բրիտանական ընկերակցության թարմացված վիճակագրությունը, որի մեջ մտնում են զբոսաշրջության զարգացման, պատմական ժառանգության պահպանման, խոշորագույն թանգարանների եւ այլ տարածաշրջանային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Վիճակագրությունից հետեւում է, որ Լիվերպուլի «Համաշխարհային թանգարանի» հաճախելիությունն աճել է 111 տոկոսով: Դրա շնորհիվ լիվերպուլյան թանգարանն անցյալ տարի առավել մեծ ժողովրդականություն վայելող մշակույթի օջախն է դարձել Լոնդոնի սահմաններից դուրս:
Այստեղ այցելել է 1,4 մլն մարդ: Ընդհանուր վարկանիշում թանգարանն զբաղեցրել է 23-րդ տեղը՝ առաջ անցնելով «Թեյթ-Բրիտանիա» պատկերասրահից եւ Լոնդոնի կենդանաբանական այգուց: Բիրմինգհեմյան թանգարանն անցյալ տարի ընդունել է 832 հազար այցելուների՝ 38 տոկոսով ավելի, քան 2017 թվականին:
Մինչեւ տարեվերջ շուրջ 431 հազար մարդ է հասցրել այցելել սեպտեմբերին Դանդիում բացված Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանի մասնաճյուղ: «Թեյթ Մոդեռն»-ը, որտեղ անցյալ տարի կազմակերպվել էին Պիկասոյի եւ Մոդիլիանիի շատ մեծ ժողովրդականություն վայելող ցուցահանդեսները, առաջին տեղն առաջին անգամ է զբաղեցրել 2000 թվականին իր բացվելու ժամանակից ի վեր: