«Շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները լինեն մեր օրակարգում». Փորձագետ
Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհանիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշեց, որ հանդիպումից հետո խնդրահարույց կետերից մեկն այն է, որ Փաշինյան-Ալիև-համանախագահներ համատեղ հայտարարության մեջ չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակում։
«Շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները լինեն մեր օրակարգում։ Հետաքննության մեխանիզմների տեղադրումը, որոնք ըստ էության պետք է լինեն նաև միջազգային վերահսկողության մեխանիզմ, կարևոր են սահմանում խաղաղություն ապահովելու ջանքերի տեսանկյունից։ Սակայն չենք կարող շտապել և միայն այդ հայտարարությունից ենթադրել, որ օրակարգում առհասարակ այդ հարցը չկա։
Հիշենք 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած հանդիպման արդյունքները, որից հետո հայտարարությամբ հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները, և այնտեղ կրկին հիշատակված չէին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Սակայն սա չէր ենթադրում, որ օրակարգում չկար այդ ամենը, քանի որ դրան հաջորդեց 2018 թվականի փետրվարին Մինսկի խմբի հաղորդագրությունը, և այնտեղ հիշատակվում էր»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը կարևոր էր հումանիտար ջանքերի ուղղության և փոխադարձ կապ ապահովելու մասին անդրադարձը։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե խոսքն ինչ հումանիտար ջանքերի մասին է։
Նա ենթադրում է, որ խոսքը գուցե Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին է, մասնավորապես՝ Ադրբեջանում վերջերս 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի, որին դատապարտել են կեղծ մեղադրանքներով։
«Ի տարբերություն այս ամենի, երբ մարտի 16-ին սահմանը խախտել էր Ադրբեջանի քաղաքացի, նրա նկատմամբ պահվեցին հումանիտար բոլոր նորմերը և չառաջադրվեց շինծու մեղադրանք»,- շեշտեց Տարոն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, Տ. Հովհաննիսյանը նկատեց՝ ինչպե՞ս են երկու ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության, եթե չգիտեն, թե կողմերում ինչ է կատարվում։
«Բազմիցս քննարկել ենք, որ Ադրբեջանում դասագրքերում կան բազմաթիվ հակահայկական քարոզ պարունակող գրվածքներ, որոնցով դաստիարակվում են երեխաները, մանկապարտեզներում միջոցառումների ժամանակ երեխաները հանդես են գալիս ռազմատենչ խոսքով, այսինքն՝ նրանց հոգեբանությունը խեղվում է մանկուց։ Ալիևը բազմիցս նշել է, որ ռազմական գործոնն իրենց համար հիմնական գործոններից մեկն է և կարևոր է բանակցային գործում։
Սա պետք է վերահսկվի, մինչև այս ամենի մակարդակը չչափվի, անհնար է խոսել ինչ-որ քայլերի իրականացումից, որոնք տեսականորեն պետք է բերեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն։ Այստեղ շատ կարևոր է նաև Արցախի ներգրավումը»,- ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը։
Զվարթ Խաչատրյան