Բաժիններ՝

«Այսօրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառույցների վրա, ուղղակի ծիծաղելի է». փոխվարչապետը՝ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մասին

Այսօր խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց, թե, ի վերջո, ինչ է լինելու գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների հետ, որոնք այսօր առավոտից բողոքում են Ազգային ժողովի մոտ՝ նշելով, որ հարկերի բարձրացման հետևանքով իրենցից շատերը կփակվեն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, թե գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում և երկար քննարկել են և եկել են այն մտքին, որ դրանք չպետք է համեմատեն այլ ֆինանսական կառույցների հետ, քանի որ վերջիններս՝ թե՛ վարկային կազմակերպությունները, թե՛ բանկերը, գործում են բացարձակ այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ։

«Բացարձակ այլ դաշտում են գործում գրավատներն ու տարադրամի փոխանակման կետերը, որն ինչ-որ ֆինանսական հատվածի համար բավականին վտանգավոր երևույթ է, որովհետև այս կամ այն իրավիճակներում ըստ էության, որևէ գործիքակազմ չկա դրանց գործունեությունը կարգավորելու համար։ Ըստ այդմ, վարչարարության գումարը պետք է կոմպենսացվի տուրքերի միջոցով, այո՛, նաև 60 անգամ ավելի տուրքերի, որովհետև այսօրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառույցների վրա, ուղղակի ծիծաղելի է և ադեկվատ չէ այն խնդրին, որը նրանք կարող են առաջացնել»,- ասաց փոխվարչապետը։

Ըստ նրա՝ տուրքի չափը բավականին տրամաբանական է, և գրավատների ներկայացուցիչները խոսել են տարեկան շահույթի մասին, որոնց մասին, սակայն, Մհեր Գրիգորյանը չցանկացավ բարձրաձայնել: Նրա խոսքով՝ տուրքի չափը կազմում է նրանց ընդհանուր շահույթի 20-30 տոկոսը։

Մհեր Գրիգորյանը նաև ասաց, որ լավ կլինի, եթե ձևավորվեն «դիալոգի կետեր», այլ ոչ թե՝ բողոքողները գան ու պահանջեն, որ ոլորտի ներկայացուցիչները որևէ բան չանեն:

«Դա անհնարին է»,- եզրափակեց փոխվարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս