«Մեր ազգն ամբողջովին դարձել է բաց նամակ գրող, հրաժարական պահանջող»
«Այսօր բոլոր մեղքերը կենտրոնացվում են մեկ մարդու ուղղությամբ, և ակնհայտ է, որ այն շատ սուբյեկտիվ է, որովհետև չեն կարող 1998 թվականից մինչ օրս բոլոր մեղադրանքները մեկ մարդու դեմ լինել: Սուբյեկտիվության դոզան շատ է մեծանում: Եվ այո՛, այն մարդիկ, ովքեր չէին ընդունում Ռոբերտ Քոչարյանին և շարունակում են չընդունել, օբյեկտիվությունից ելնելով՝ բարձրաձայնում են, որ սուբյեկտիվության չափն այնքան է բարձրացել, որ ամեն ինչի մեղավորությունը փորձում են բարդել մեկ հոգու վրա: Դա չի կարելի, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Վահան Բաբայանը:
Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի բաց նամակին՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Վահան Բաբայանը նկատեց. «Որևէ ղեկավար չի կարող տարածք հանձնել, այն էլ՝ Մեղրին: Միջազգային ինչ առաջարկներ, քննարկումներ էլ լինեն, ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող գնալ նման քայլի: Նա մեկ ժամ հետո այլևս ղեկավար չի լինի, ինչի՞ մասին է խոսքը: Շատ բաներ կարող են եղած լինել, իսկ մենք խոսում ենք փաստերով: Եթե խոսք է գնում Քոչարյանի մասին, եկեք նայենք, թե 10 տարվա մեջ նրա օրոք ՀՀ-ի ինչ-որ մի տարածք մենք տվե՞լ ենք ադրբեջանցիներին, կամ Մեղրիի հետ կապված Քոչարյանն ինչ-որ հայտարարություն կամ քա՞յլ է արել: Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ խոսակցություններ, առաջարկներ են եղել միջազգային հարթակներում, բայց փաստը մնում է փաստ, որ այդ ժամանակ նման բան տեղի չի ունեցել: Այսինքն, անցյալում տեղի ունեցած խոսակցությունը հիմք վերցնել, բացասական ֆոն ստեղծել հարցերի շուրջ, որոնք 10-յակ տարիներ առաջ խոսակցության մակարդակից այն կողմ չեն անցել, կարծում եմ՝ անլուրջ է»:
Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով էլ՝ Մեղրիի հետ կապված մանիպուլյացիա է արվում: «Բոլոր բանակցությունների ժամանակ խոսք է գնացել Ադրբեջանից Նախիջևան կոմունիկացիա ունենալու, և միջազգային երաշխիքներով ապահովված Մեղրիով անցնող ճանապարհ պետք է լինի: Մեղրին հանձնելու համար նախ պետք է հանձնել Ջաբրաիլը, Ֆիզուլին, Մնջևանը: Ուղղակի էմոցիոնալ ֆոն է լցվում, և հասարակությունը, հատկապես՝ ֆեյսբուքյան հասարակությունը, կորցնում է իր վերլուծելու և քննադատելու կարողությունը»,- հավելեց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև այս կամ այն պաշտոնյային հեռացնելու պահանջով բողոքի ցույցերին:
«Ով ումից դժգոհ է՝ ապստամբում է: Իհարկե, մի տեսանկյունից նայելով՝ դա ժողովրդավարություն է, բայց մյուս տեսանկյունից՝ մեր պետության հիմքերը քայքայվում են: Վերջին մեկ տարվա լրահոսը որ նայում եք՝ անընդհատ հրաժարականների պահանջ, ձերբակալություն, պաշտոնանկություն, նախաքննություն է: Այսինքն, մենք ուրիշ բան չունենք անելու, մեր ազգն ամբողջովին դարձել է բաց նամակ գրող, հրաժարական պահանջող: Կառավարությունը պարտավոր է Սահմանադրության համաձայն տարբեր հարցերի լուծումները տալ, բայց, չգիտես ինչու՝ թույլ է տալիս, խրախուսում է, որ մարդիկ իրենց հարցերը լուծեն նման ճանապարհով: Մեր երկրում հազարավոր կարևոր հարցեր կան, կոնկրետ տնտեսական ճգնաժամի առջև ենք կանգնելու, ինչի՞ մասին է խոսքը.ի՞նչ դպրոց, ի՞նչ մանկապարտեզ, ի՞նչ բողոք: Եթե լինի հզոր իշխանություն՝ ձեռքը խփում է սեղանին և հարցերը լուծում է: Ստեղծվում է անարխիա, դա պետք է կանգնեցնել»,- նկատեց Վահան Բաբայանը:
Նրա հետ համաձայնեց Տիգրան Քոչարյանը, միայն մեկ նկատառում ուներ. վարչապետը կարող էր շատ հանգիստ Արարատի մարզպետին հեռացնել աշխատանքից՝ այնտեղ կատարվող իրադարձությունների պատճառով, թեկուզ հենց Ավշարի միջնակարգ դպրոցի դեպքում:
«Այդ երիտասարդը վնասում է Փաշինյանին, սակայն շարունակում է պաշտոն զբաղեցնել, սա նշանակում է՝ կա՛մ Փաշինյանը նվիրված մարդ չունի այդ մարզում, ինչն ինձ համար զարմանալի է, կա՛մ Գարիկ Սարգսյանը մեծ լավություն է արել ժամանակին»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Անի Կարապետյան