«Մեկ էլ երևի Կարսը հանձնելու ժամանակ է նման դեպք եղել. Գունդը լքում է զորամասը, այն դատարկ է. Սա խայտառակ դեպք է». Տիգրան Քոչարյան

Օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Մեդիա փորձագետ, բլոգեր  Տիգրան Քոչարյանը սա համարում  է խայտառակություն՝ ասելով. «Մեկ էլ երևի Կարսը հանձնելու ժամանակ է նման դեպք եղել: Գունդը լքում է զորամասը, այն դատարկ է: Սա խայտառակ դեպք է»:

Նա այս միջադեպը պայմանավորում է նաև հազվադեպ հնչող խաղաղասիրական կոչերի հետ:

«Շատ լավ է, որ կրակոցները նվազել են, բայց խնդիրն այն է, որ, երբ դու վտանգ չես զգում, փորձում ես ասել, որ ադրբեջանցին, թուրքը փոխվել են, թշնամի չպետք է լինենք, զինվորը զգոնությունը կորցնում է: Խնդիրներ էլի են լինելու, քանի որ քանդվում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը: 10-15 տարի հետո սերունդ կունենանք, որը կմտածի՝ ադրբեջանցին մեր բարեկամն է»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

Նշենք, որ Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով ( Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ և կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով) և ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս