Բաժիններ՝

Յունկերը Brexit-ի նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համեմատել է Սֆինքսի առեղծվածի հետ

Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակել է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:

Պատգամավորներին հաշվետվություն ներկայացնելով ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ, որտեղ հանրակցության պետությունների ղեկավարները Լոնդոնին թույլատրեցին հետաձգել Brexit-ը, նա հայտարարել է.

«Եթե ես Մեծ Բրիտանիան համեմատեմ Սֆինքսի հետ, ապա Սֆինքսի առեղծվածը բաց գիրք կթվա: Տեսնենք՝ ինչ կասի այդ Սֆինքսը հաջորդ շաբաթ»:

ԵՄ-ի գագաթնաժողովը որոշել է Brexit-ը հետաձգել մինչեւ մայիսի 22-ը, պայմանով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն կտա կանոնակարգված դուրս գալու վերաբերյալ Բրյուսելի հետ կնքված համաձայնագրին: Եթե դա տեղի չունենա, ապա մինչեւ ապրիլի 12-ը Լոնդոնը պետք է ձեւակերպի իր դիրքորոշումը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ. կա՛մ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս առանց համաձայնագրի, կա՛մ երկարատեւ հետաձգում է խնդրում ճգնաժամի կարգավորման նոր ուղիներ գտնելու համար՝ մասնակցելով Եվրախորհրդարանի մայիսի 23-26-ի ընտրություններին, կա՛մ նախապատրաստվում է Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելուն:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն ընդհանուր առմամբ 16 այլընտրանք են առաջարկել Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ այդպես էլ իրենց հավանությանը չարժանացած նախագծի համար: Մարտի 27-ին օրենսդիրները պետք է մի շարք քվեարկություններ անցկացնեն այն առաջարկությունների շուրջը, որոնք կընտրի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Բերքոուին հանձնված տարբերակների թվում են՝ Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումը, Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հրաժարումը, Միացյալ Թագավորության անդամակցումը Եվրոպայի ազատ առեւտրի ասոցիացիային, ինչպես նաեւ Brexit-ը, որը ենթադրում է Մեծ Բրիտանիայի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Քվեարկությունները պարտադիր ուժ չեն ունենա կառավարության համար, որը Brexit-ի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը խլելու խորհրդարանի փորձը «վտանգավոր նախադեպ» է որակել, սակայն կուժեղացնեն ճնշումը Թերեզա Մեյի կաբինետի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս