«Հարց եմ տալիս պետական ահռելի պարտքի մասին, ժպտում եք, հետո ասում եք՝ ձայնս թախծոտ է…». Տիգրան Ուրիխանյանը՝ վարչապետին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում Կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հասկանալու համար, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում արտաքին պարտքը սպասարկելու համար։

«Այս տարվա կտրվածքով Հայաստանը պետք է սպասարկի 400 մլն-ից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա, հաջորդ տարվա որոշակի ժամանակային կտրվածքով՝ 800 մլն-ից ավելի չափով։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ կարճ ժամանակի մեջ 1 մլրդ 200 մլն դոլարի պարտքի ակումուլյացիա պետք է սպասարկի։ Սա ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել մեզ համար, հնարավո՞ր է՝ Հայաստանին սպառնա դեֆոլտի վտանգ»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի հարցի՝ վարչապետը պատասխանեց. «Պարոն Ուրիխանյան, անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչու եք այդքան թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է, չէ՞, որ դա նորություն չէ և այսօր չի ծագել, և հասկանալի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով, բյուջետային պլանավորման ծրագրով այդ ամենը նախատեսված է։ Ոչ, Ձեր նշած որևէ սպառնալիք ՀՀ-ին չի կարող սպառնալ, ոչ մի սպառնալիք։ Ոչ, անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են, պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու, այլ ավելանալու են»։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Տիգրան Ուրիխանյանը նկատեց.

«Պարոն վարչապետ,  Դուք լավ գիտեք իմ հարգալից վերաբերմունքի մասին, հարց եմ տալիս ահռելի պարտքի մասին, ժպտում եք, հետո ասում եք՝ թախծոտ ձայնով… ԱԺ կանոնակարգ օրենքը չի կանոնակարգում պատգամավորի ձայնի ելևէջները, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտք ունենք, բա թախիծ է, բա ինչ է։ Այո, ես մտահոգ եմ և ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին, կառավարություններին, որոնք եղել են այս դահլիճում, և մենք դա Ձեզ հետ միասին ենք արել։ Մտահոգիչ է, ես ուզում եմ իմանալ՝ պետությունը պարտք վերցնո՞ւմ է, որ պարտք փակի, շնորհակալություն, հարգանքով Ձեր հանդեպ»։

Փաշինյանը պատգամավորից ներողություն խնդրեց.

«Եթե իմ խոսքի մեջ ոչ պատեհ բան եք նկատել, ներողություն եմ խնդրում, ես՝ընդամենը Ձեր տրամադրությունն էի ուզում փոխել, այն հին ռիտորիկան, թե բա՝ պարտք ենք, ի՞նչ է լինելու… պետք է դուրս գալ գալ այդ տրամաբանությունից, մենք փողի խնդիր չունենք, ունենք գաղափարի ու դրա իրագործման խնդիր։ Այո, ինչպես ասել եմ, մեր բոլոր խնդիրների լուծումը մտքի ասպարեզում է»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս