«Կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այսօր խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպման վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին: Նա մասնավորապես հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանդիպումն ունի հստակ օրակարգ։

Վարչապետը հիշեցրեց, որ այդ հանդիպման մասին հայտնել է դեռևս փետրվարի վերջին Թեհրանում։

«Մենք այդ հանդիպման համաձայնությունը տվել ենք, բայց քանի դեռ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի, որովհետև նրանք բոլոր կողմերից պետք է հաստատումը ստանան, որը վերջնական հաստատվում է։ Անկեղծ, այս ժամերին արդեն պետք է հայտնի դառնա, այդ հանդիպումը տեղի՞ է ունենալու, թե՞ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Վիեննայում կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախկինում ենք ասել, իմ դիրքորոշումը նաև հայտնել եմ Ադրբեջանի նախագահին, որ իմ կարծիքով՝ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները պետք է օրակարգ չունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչը մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և ըստ էության այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա ողջ բանակցային գործընթացում»,- ընդգծեց վարչապետը։

Նաիրա Զոհրաբյանը փորձեց ճշտել՝ կարո՞ղ են ենթադրել, որ այդ քննարկումների ընթացքում կլինի նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հարցը։

Փաշինյանը չժխտեց. «Ստեփանակերտում իմ ելույթի առաջին դրույթը դա էր, ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Տարօրինակ մեկնաբանություն կա նաև Հայաստանում, որ սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Իհարկե, սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս