
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժումով պատասխանեց Brexit-ի չեղարկման հանրագրին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ խնդրել Եվրամիությանը` չեղարկելու ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգերը եւ կշարունակի աշխատել Brexit-ի իրականացման ուղղությամբ: Կառավարության հայտարարությունը, որը մարտի 26-ի երեկոյան հայտնվել է երկրի խորհրդարանի կայքում, դարձել է Brexit-ի չեղարկման հանրագրի պատասխանը, որը պաշտպանել են Միացյալ Թագավորության գրեթե 5,8 մլն բնակիչներ։
«Կառավարությունը հետ չի կանչի (Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածը: Մենք հարգելու ենք 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ խորհրդարանի հետ միասին աշխատելու ենք այն գործարքի հաստատման համար, որը կապահովի մեր երկրի դուրս գալը Եվրամիությունից,- ասված է Brexit-ի հարցերով նախարարության պատրաստած հայտարարության մեջ:- Կառավարությունն ընդունում է, որ հանրագիրը հասարակակն աջակցություն է ստացել: Դրա հետ մեկտեղ ձայնի իրավունք ունեցող բրիտանացիների գրեթե երեք քառորդն է մասնակցել 2016 թվականի հանրաքվեին՝ ակնկալելով, որ դրա արդյունքները կհարգվեն»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ պահպանողական կառավարությունը չի խախտելու այն խոստումները, որոնք տվել է բրիտանական ժողովրդին: Վարչապետ Թերեզա Մեյի կաբինետում գտնում են, որ հրաժարվելով Brexit-ի իրագործումից, կառավարությունը կխախտի իր նկատմամբ երկրի բնակիչների վստահությունը, ինչպես նաեւ ուժգին հարված կհասցնի բրիտանական ժողովրդավարության հիմքերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: