«Ռեստորանային ոլորտում առայժմ գնաճ չի լինի». Ռեստորանների միությանը հաջողվել է ձայնը լսելի դարձնել
Դեռևս նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացվեց ռեստորանների հարկային բեռը, ինչն առաջացրել էր ռեստորանատերերի դժգոհությունը, քանի որ հարկային բեռի ավելացումը կբերեր ծառայությունների մատուցման գների բարձրացման, ինչպես նաև կվնասեր ոչ միայն՝ ռեստորանային բիզնեսին, այլև՝ զբոսաշրջությանը։ Այս խնդիրը քննարկելու և այն լուծելու ճանապարհներ փնտրելու համար ձևավորվեց ռեստորանների հայկական միությունը, որի հիմնադիր ժողովը կայացավ այսօր։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց ռեստորանային բիզնեսի զարգացումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, ինչին հասնելու համար պետք է ներդրումները ճիշտ կատարվեն՝ ռեստորատորները պետք է ճիշտ կոնցեպտներ մշակեն ու ներդնեն մարզերում, իսկ պետական կառույցները ճանապարհները կառուցեն։
«Պետական կառույցները պետք է մեզ լսեն, իսկ մենք պետական կառույցներին՝ ճիշտ կատարելով օրենքները։ Ինչ վերաբերում է հարկային փոփոխությունների հետ կապված քննարկումներին, ապա կար շրջան, որ մեր և պետական կառույցների հետ կապը կտրվել էր, բայց այսօր մեզ հաջողվել է մեր ձայնը լսելի դարձնել։ Գոհ ենք այն քաղաքականությունից, ինչ արվում է։ Այսօր նրանք ընդունել են մեր առաջարկած այն տարբերակը, որը ընդունելի էր բոլորի կողմից՝ կանգնել ենք 6 տոկոսի վրա, ինչը ոլորտում գնաճի չի հանգեցնի։ Խոսակցություն եղել է, որ այդ պայմանավորվածությունը կլինի մինչև 2022 թվականը, սակայն չենք հստակեցրել»,- ասաց Դ. Երեմյանը։
Ինչ վերաբերում է հանրային վայրերում ծխելը կանխարգելելու մասին նախագծին, Դավիթ Երեմյանը նկատեց՝ հարցի հետ կապված կան տարբեր կարծիքներ։
«Ինքս կարծում եմ, որ ռեստորանների ներսում ծխելը պետք է արգելվի, սակայն բացօթյա սրճարաններում պետք է թույլատրեն։ Նախագծում կան սխալ դիտարկումներ, որի համար մեր և պետական կառույցների միջև ընթանում են բանակցություններ»,- նշեց Դավիթ Երեմյանը։
Ռեստորանների միության նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ բոլոր ռեստորանները դրական են համարում փակ ռեստորաններում ծխելու արգելքը, սակայն ռեստորաններից դուրս ցանկացած կարգավորում կհանգեցնի տարընթերցումների, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
«Այդ նախագծում ձևակերպումների մեջ բազմաթիվ խնդիրներ կան, կա «կիսաբաց տարածք» ձևակերպումը, ինչը դուրս է տրամաբանությունից։ Մենք համաձայն ենք միայն փակ տարածքներում ծխելու արգելքին, նախագծի մյուս կետերի հետ կապված՝ առայժմ նախարարության հետ որևէ ընդհանուր հայտարար չկա»,- տեղեկացրեց Աշոտ Բարսեղյանը։
Զվարթ Խաչատրյան