«ՀՀ կառավարությունը պետք է նրբորեն մոտենա ներդրումային վեճերին և ապացուցի վեճերի արդյունավետ կառավարման իր ունակությունը». Մուշեղ Մանուկյանը՝ «Լիդիանի» և ՀՀ ներդրումային միջավայրի մասին

Մարտի 11-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» (TSX:LYD) ընկերությունը (հետայսու՝ Լիդիանը կամ Ընկերությունը) հայտարարություն էր տարածել Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ. «Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց»,- նշված էր հայտարարության մեջ։

Ընկերությունը նաև նշել էր, որ բոլոր ճանապարհները բաց են, որպեսզի Կառավարության հետ միասին քննարկեն առկա վեճերը։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է հանրահայտ «Թրի Քրաունս» փաստաբանական գրասենյակի Վաշինգտոնի գրասենյակի փաստաբան, ԱՄՆ Կոլումբիայի Շրջանի Վերաքննիչ դատարանի հաշտարար Մուշեղ Մանուկյանի հետ։

– Պարոն Մանուկյան, օրերս «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը պաշտոնական հայտարություն էր տարածել, ըստ որի, եթե ՀՀ կառավարությունը չկատարի ընկերության հետ կնքած պայմանագրով նախատեսված պարտականությունները, ապա ընկերությունը պատրաստ է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ, ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Եթե խոսքը վերաբերում է «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերության մարտի 11-ի հայտարարությանը, ապա դրանում հղում չկա կառավարության հետ կնքած պայմանագրին։ Ես տեղյակ չեմ` արդյոք այդպիսի հատուկ պայմանագիր առհասարակ կնքվե՞լ է, թե՞ ոչ։

«Լիդիանի» մարտի 11-ի ծանուցումը Հայաստանի հետ ունեցած վեճի առկայության վերաբերյալ ծանուցում է, որը սովորաբար ներդրումային արբիտրաժ սկսելու համար պարտադիր առաջնային փուլ է։

Այդ ծանուցումը հետևյալի մասին է. «Լիդիանի» երկու դուստր ընկերությունները՝ մեկը՝ հիմնված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, մյուսը՝ Կանադայում, պաշտոնապես ծանուցել են ՀՀ կառավարությանը Հայաստանի հետ ունեցած վեճի առկայության վերաբերյալ՝ համաձայն՝ համապատասխանաբար՝ ՀՀ-Միացյալ Թագավորություն (1993թ.) և ՀՀ-Կանադա (1997թ.) միջպետական ներդրումային պայմանագրերի։ Վերջիններս ոչ թե հատուկ «Լիդիանի» մասով կնքված պայմանագրեր են, այլ վերաբերում են Միացյալ Թագավորության և կանադական բոլոր ընկերություններին, որոնք ներդրում կանեն ՀՀ տարածքում, և ճիշտ հակառակը՝ բոլոր հայկական ընկերություններին, որոնք ներդրում կանեն, համապատասխանաբար, Միացյալ Թագավորությունում և Կանադայում։ Դրանցով ներդրողների համար միջազգային պաշտպանության մեխանիզմներ են ներառված, այդ թվում՝ միջազգային արբիտրաժին դիմելու հնարավորություն։

Այդ միջպետական պայմանագրերով մինչև արբիտրաժ դիմելը, օտարերկրյա ներդրողը պարտավոր է ծանուցել Հայաստանին վեճի առկայության մասին և փորձել բանակցել տվյալ պայմանագրով սահմանված կարգով։ Օրինակ, Կանադայի հետ պայմանագրով ներդրողը պետք է փորձի բանակցել առնվազն 6-ամսյա ժամկետում, իսկ Միացյալ Թագավորության հետ պայմանագրով՝ 3 ամսում փորձել գալ լուծման տեղական իրավական պաշտպանության միջոցներով կամ այլ ձևով։

Ըստ էության, «Լիդիանի» դուստր ընկերությունները մարտի 11-ից գործընթացը մեկնարկել են։ Այժմ կողմերը պետք է փորձեն վեճին լուծում տալ։ Եթե համապատասխան ժամկետում դա ձախողվի, ապա «Լիդիանի» դուստր ընկերությունները կարող են սկսել արբիտրաժային գործընթաց։

Եթե ՀՀ կառավարության հետ ընկերությունը չգա ընդհանուր հայտարարի և դիմի արբիտրաժ, ի՞նչ է սպասվելու Հայաստանին։

– «Լիդիանի» մարտի 11-ի ծանուցումից հստակ է, որ վեճի համար հիմք է հանդիսացել դեպի հանք տանող ճանապարհների շարունակական փակումը։ Այսինքն՝ «Լիդիանի» պնդմամբ՝ Հայաստանն իր անգործությամբ խախտել է վերը նշված միջպետական պայմանագրերը։ Ապացուցման պարտականությունը «Լիդիանի» վրա է լինելու։

Նախ պետք է ասեմ, որ «ինչ է սպասվելու» արտահայտությունը հավասարապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ «Լիդիանին»։ Ներդրումային արբիտրաժը, անկախ պահանջվող գումարի չափից, երկարատև և թանկ գործընթաց է։ Օրինակ, իմ վստահորդներից մեկը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ վեճի մեջ է, որի 10-րդ տարին այս տարի կլրանա։ Մեկ այլ վեճով՝ դեռ 4-րդ տարում ենք, ու ակնկալում եմ, որ առնվազն 1-2 տարի էլ դեռ կշարունակվի, մինչև արբիտրաժային դատարանն իր վճիռը կայացնի։ Պետք է սա հստակ լինի թե՛ կողմերի համար, թե՛ «Լիդիանի» ներդրողների, և թե՛ հայ ժողովրդի համար։

Բուն արբիտրաժային գործընթացի մասով, արբիտրաժում «Լիդիանի» երկու դուստր ընկերությունները նախ պետք է ապացուցեն, որ համապատասխան միջպետական պայմանագրերի համաձայն՝ իրենք հանդիսանում են «ներդրողներ»՝ այնպես, ինչպես միջպետական պայմանագիրը բնորոշում է այդ հասկացությունը։ Նմանապես, նրանք պետք է ապացուցեն, որ ներդրում են կատարել Հայաստանում՝ համաձայն միջպետական պայմանագրի։ Եթե «Լիդիանը» չկարողանա ապացուցել սա, արբիտրաժային դատարանն իրավասություն չի ունենա քննելու այս վեճը։

Սպասումների առումով պետք է նաև ընդունել, որ արբիտրաժային գործընթացը գրեթե միշտ գաղտնի է։ Այս հանգամանքը վերջերս բավական շատ քննադատության է արժանանում, քանի որ ընդունող պետության հասարակությունը տեղյակ չի լինում գործընթացի մասին։ Նույնը վերաբերելու է նաև այս վեճին. հայ հասարակությունը շատ սուղ տեղեկություն է ունենալու արբիտրաժային գործընթացի մասին։

– Այս հանգամանքը որքանո՞վ կարող է ազդել Հայաստանի հեղինակության վրա։

– Արբիտրաժը միակողմանի ճանապարհ չէ։ Որքան Հայաստանի համար կարող են հետևանքներ լինել, այնքան էլ՝ ներդրողի։ Այդ առումով, թերևս, Հայաստանն առավել լավ վիճակում է, քան «Լիդիանը»։

Վերջին 7 տարում «Լիդիանի» բաժնետոմսերի գինը շարունակ նվազել է, ուստի «Լիդիանի» բիզնեսի համար այս արբիտրաժը կարող է վճռորոշ լինել։ Կորպորատիվ ներդրողները սովորաբար վերապահումով են մոտենում այնպիսի ընկերություններին, որոնք խոշոր վեճ ունեն։ Այս վեճը, իհարկե, միջազգային արբիտրաժի մասով մեգա վեճ չէ, բայց ցանկացած դեպքում երկու կողմերն էլ ռեպուտացիոն ռիսկերը պետք է հաշվի առնեն։

Ներդրումների ներգրավման համար Հայաստանն արդեն հղել է բավական լավ ազդակներ, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, իրավական և տնտեսական բարեփոխումների պատրաստակամություն, և այլն։ Վեճի իրավական էությամբ պայմանավորված՝ չեմ կարծում, որ Հայաստանի ներդրումային հեղինակության լուրջ նվազում կարելի է սպասել։ Այժմ 90-ականները չեն, երբ ներդրումային վեճերը բացառիկ իրադարձություններ էին. ներկայումս դրանք հարուցվում են չափազանց հաճախ՝ անգամ աննշան, թվացյալ միջազգային պարտավորությունների խախտման համար։ Սակայն իրավացի եք, որ այս վեճը, ի թիվս այլ հանգամանքների, որոշակի հավելյալ «սպասողականություն» կարող է հաղորդել ներդրողներին։

Պետք է նաև նշել, որ ցանկացած ներդրումային վեճ «սթրես» է թե՛ ներդրողի բիզնեսի, թե՛ պետության համար։ Այս առումով հաշտությունը կարող է բխել երկու կողմերի շահերից։ Ինքս լինելով հաշտության մեծ ջատագով՝ պոտենցիալ եմ տեսնում այս վեճը հաշտությամբ լուծելու համար, միգուցե նաև ներդրումային վեճերի համար առավել ակտուալ դարձող մեդիացիայի (mediation), այսինքն՝ երրորդ, անկողմնակալ հաշտարարի մասնակցությամբ բանակցությունների միջոցով, որը սովորաբար առավել արդյունավետ է, քան ուղիղ բանակցությունները։ Եթե Հայաստանն ու «Լիդիանը» կարողանան հենց մեդիացիայի միջոցով վեճը լուծել, Հայաստանը կզբաղեցնի ներդրումային վեճերի լուծման «թագավորությունում» իր հեղափոխական ուրույն տեղը։

– «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը ՀՀ խոշոր ներդրողներից մեկն է, եթե նման խնդիր է առաջացել, հնարավո՞ր է՝ այն բացասաբար անդրադառնա ՀՀ ներդրումային միջավայրի վրա և վանի Հայաստանում ներդրումներ անելու պատրաստ մարդկանց։

– Այսպիսի վեճեր 2007թ.-ից ի վեր Հայաստանը չէր ունեցել, իսկ այժմ ունի 3-ը (բոլորն էլ՝ ժառանգված նախորդ կառավարություններից)։ Ճիշտ կառավարման դեպքում կարելի է ներդրողներին քաջալերել, որպեսզի իրենք համոզված զգան իրենց՝ ներդրումների պաշտպանության առումով։ Իհարկե, պետական պաշտոնյաների հավաստումները, որ ներդրումներին որևէ մեկը չի կարող վնասել, դրական կարող են լինել, սակայն ներդրողներին առավելապես վստահեցնում է ներդրումների պատպանության ինստիտուցիոնալ կառույցների առկայությունը։ Այս առումով դեռ շատ անելիք կա։

Անկախ այս վեճից՝ խոշոր ներդրողները դեռ սպասելու են առնվազն 1-2 տարի, որի ընթացքում կառավարությանը սպասվում է ծանր աշխատանք։ ՀՀ կառավարությունը պետք է նրբորեն մոտենա ներդրումային վեճերին և ապացուցի վեճերի արդյունավետ կառավարման իր ունակությունը։ Եթե սա կառավարությանը հաջողվի, կարծում եմ՝ այս վեճը ՀՀ ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի ունենա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս