Բաժիններ՝

«Նախորդ կառավարությունն այնքան սարսափելի էր, դրա համար, առանց հասկանալու, թե ի՞նչ է գալիս, մենք ասացինք՝ եթե հինը չէ, ուրեմն լավ է». Հոգեբան

«Հայերը երջանկության առումով աշխարհում 125-րդ տեղն են զբաղեցնում 130 երկրների շարքում: 65.000 հոգի իմ հարցումներին մասնակցել է, ու առաջին հարցին, թե՝ որո՞նք են ձեր կենսական պլանները, պատասխանել են՝ ուսում ստանամ, ընտանիք ստեղծեմ, զբոսնեմ, և այլն, ու չկար գրված՝ լինեմ երջանիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ, շարունակելով նրա խոսքը՝ նշեց. «Հայը ստրկացած հոգեբանությամբ է հարցին մոտենում, որովհետև իր երջանկությունն իր երեխայի երջանկությունն է: Առաջին անգամ, երբ ինձ այցելում են՝ հարցնում եմ, թե ո՞րն է նրանց կյանքի նպատակը: Եթե հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի հիմքերը վերցնենք, ապա նա ճիշտ պատասխանը համարում է սա՝ «Լինել առողջ և երջանիկ՝ կյանքից հաճույք ստանալով հանդերձ»: Այսպիսին է մարդու նպատակը: Բայց հայը, հատկապես, եթե մայր է, մենակ երեխաների մասին է խոսում: Ես էլ օրինակ եմ բերում, հարցնում եմ՝ տեսե՞լ ես՝ բնության մեջ ինչպես է. կենդանին ձագին կերակրելիս՝ սկզբում ինքն է ուտում, այսինքն՝ առաջինը քո մասին պետք է մտածես: Եթե դու դժբախտ եղար, քո երեխան չի կարող երջանիկ լինել»:

Հոգեբանը նկատում է՝ երջանիկ լինելու համար մի նպատակից հետո մյուսը պետք է ունենաս ու առաջ գնաս:

«Երջանկությունը նաև գործընթաց է, իսկ հիմքում զարգացումն է: Եթե դու չաշխատես քո զարգացման վրա, ուրեմն չես կարող գնալ առաջ: Մենք ահավոր ձևի կախված ենք նաև կարծիքներից: Կարծիքից կախված մարդը չի կարող իրեն երջանիկ զգալ»,- ասաց Իրինա Ծատուրյանը:

Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո հայ ժողովրդի՝ երջանիկ լինելու սպասումներին, հոգեբանը նշեց.

«Ես դեռ սպասում եմ տեսնում: Մարդկանց մի ստվար բանակ միանգամից հավատում է ինչ-որ բանի, սա, ի դեպ, հատուկ է մեր ժողովրդին: Իսկ հավատացին, քանի որ նախորդ կառավարությունն այնքան սարսափելի էր, և թվում էր՝ ով էլ գա, լավ կլինի, դրա համար, առանց հասկանալու, թե ի՞նչ է գալիս, մենք ասացինք՝ եթե հինը չէ, ուրեմն լավ է: Հիմա շատերի մոտ եկել է հիասթափության պահը, սակայն չեն ուզում ցույց տալ, դեռ սպասում են»:

Հարցին՝ արդյո՞ք հիասթափությունը նաև սեփական ուժերի վրա հույս չդնելու հետևանք չէ, Իրինա Ծատուրյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ երկար ժամանակ պետականություն չունենալուց է սա գալիս: Մենք պաշտպանված չենք եղել ու մտածում ենք, հիմա մի ցար կգա ու մեր հարցերը կլուծի: Մեզ մոտ այդպես էլ չի ձևավորվում քաղաքացիական հասարակությունը, որովհետև չի ձևավորվում ազգային «մենքը»: Մենք մնում ենք եսի մակարդակում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս