Ավստրալիայում խուզարկել են Նոր Զելանդիայում ահաբեկչության մեջ մեղադրվողի քրոջ տունը
Ավստրալիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նոր Հարավային Ուելսի երկու տներում, որոնց թվում է Նոր Զելանդիայում ահաբեկչության մեջ մեղադրվող Բրենթոն Թարանթի քրոջ տունը: Այդ մասին հայտնել է 9news հեռուստաալիքը:
Ոստիկանության ասելով՝ խուզարկության նպատակը հավելյալ տեղեկատվություն ստանալն էր, որը Նոր Զելանդիայի իրավապահ մարմիններին կարող է օգնել մզկիթներում կատարված հրաձգության հետաքննությանը:
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, ոստիկանության աշխատակիցներն ընդգծել են, որ Թարանթի ընտանիքը շարունակում է օժանդակել ոստիկանությանը:
Երկրորդ տունը, որտեղ խուզարկություն է անցկացվել, ենթադրաբար, նույնպես պատկանում է Թարանթի ընտանիքի անդամներից մեկին: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել են հարյուրավոր մարդիկ:
Դեպքի վայր ժամանած իրավապահները գրոհների կազմակերպման կասկածանքով ձերբակալել են երեք հոգու, սակայն հարձակման մեղադրանք է առաջադրվել նրանցից միայն մեկին: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ: Եվս 50 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է վերցված մինչեւ ապրիլի 5-ը, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: