Քաղաքապետարանը և սրճարանների սեփականատերերն ընդհանուր հայտարարի չեկան
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը քիչ առաջ ավարտվեց:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին հայտնեց, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:
«Առաջարկություններ հնչեցին, այդ թվում՝ 10 տարի պայմանագիրը դարձնել 5, մենք ասացինք, որ քաղաքապետի հետ կքննարկենք: «Լույս» դաշինքի անդամ տիկին Խաչատրյանն առաջարկում է՝ բոլոր սրճարանները քանդել, մենք համամիտ չենք: Քննարկում ենք 5 սրճարանի հարց. «Լիճ», «Ջազվե», «Ատլանտիկ», «Շոկոլադնիցա» և «Մոնտալ»։ Բացի «Մոնտալը», որը «Մարի» ՍՊԸ-ինն է և չունի «դուբլ» սրճարան, ապամոնտաժվելու են: Որոշներն ասում են, որ ունեն վարկեր, հարյուրավոր աշխատողներ, կարծում եմ՝ ուռճացված են, մենք այդ ամենը վաղը ճշտելու ենք»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:
Այսօր սրճարանների տարածքում լրագրողների հետ զրույցում Վ. Մնացականյանն ասել էր, որ կան սրճարաններ, որ, օրինակ, Օպերայի այդ տարածքում 100քմ տարածքի վարձակալության համար մինչ օրս ամսական վճարել են 90.000 դրամ. շուկայականից ահռելի ցածր վարձավճար, որն անթույլատրելի է։ Քիչ առաջ ավարտված քննարկումից հետո Վ. Մնացականյանը ճշտեց իր խոսքը. «Ոչ թե 100քմ, այլ 400 քմ են տվել 90.000 դրամ ամսական վարձավճարով»:
Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ ասաց, որ վարձակալները, 3 ամիս է՝ տեղյակ էին գործընթացից: «Ինքնակամ կառույցները ենթակա են ապամոնտաժման՝ օրենքի ուժով, քանի որ գտնվում են զբոսայգում»,- հավելեց նա:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը, ով այսօր այցելել էր ապամոնտաժվող սրճարանների տարածք, ասաց՝ պատահական, թաքուն ապամոնտաժում չի լինի:
«Ես պնդում եմ, որ պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները, սակայն, մինչ դա՝ սրճարանի տերերին հնարավորություն պետք է տան, որ գոնե այս սեզոնին աշխատեն: Ասում են՝ 300 հոգի է առանց աշխատանքի մնալու: Իմ առաջարկն է, որ մեկ տարի ժամանակ տան»,- նշեց Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանը սկսել էր ապամոնտաժել Օպերայի շենքի մերձակայքում գործող որոշ սրճարաններ և սրճարանների որոշ հատվածներ:
Տարեսկզբին Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սրճարանների սեփականատերերը, իրենց հերթին, նշում են, որ բիզնես գործունեության ծավալման համար կնքված պայմանագրերը չեն ավարտվել:
«Մեր պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականին, բայց այն միակողմանի խզվել է: Թող տարածքը գերակա շահ ճանաչեն, ապա նոր քանդեն»,- մեզ հետ զրույցում ասել էր սրճարաններից մեկի ներկայացուցիչ Լաերտ Պողոսյանը։
Նա նաև հարց էր բարձրացրել՝ ո՞վ է երաշխավորելու, որ այստեղ երբեք սրճարաններ չեն լինելու որևէ իշխանության փոփոխության ժամանակ:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարածքում ամբողջն ինքնակամ կառույցներ են՝ գազոնների վրա:
Ավելի ուշ պարզաբանմամբ հանդես եկավ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։
Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։
Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, և այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։
Ուզում եմ մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր՝ ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։
Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից։
Ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»,- ասված էր հայտարարության մեջ։
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ