Բաժիններ՝

Պաշտպանի աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն․ չհայտարարված այց Երևանի կայազորային հոսպիտալ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական վիճակը պարզելու նպատակով:

Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ:

Արդյունքում պարզվել է, որ զինծառայողի առողջական վիճակը պարզելու նպատակով հոսպիտալում իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և հոսպիտալի ղեկավար անձնակազմի համատեղ քննարկման արդյունքում զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ առավել ամբողջական տվյալներ ստանալու նպատակով որոշում է կայացվել իրականացնել լրացուցիչ հետազոտություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինծառայողների իրավունքների ապահովման և ամրապնդման ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս