Բաժիններ՝

«Այո, խոսակցություններ կան». Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տնօրենը՝ վարժարանի գույքի վաճառքի մասին

«Այո, խոսակցություններ կան և մամուլում՝ հրապարակումներ: Եթե նման պլան կա, նախ առաջինը իմ հետ պետք է խորհրդակցեին: Եվ, երկրորդը, եթե նման պլան կա, ապա սա հասարակական շատ բացասական ռեակցիա կառաջացնի, որովհետև այս երեխաները վաղը մեր բանակի սպաներն են դառնալու: Բայց լսածս խոսակցությունների հիման վրա չեմ կարող եզրակացություններ անել, որովհետև որևէ կոնկրետ տեղեկություն չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մոնթե Մելքոնյան վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, համաձայն որի՝ Կառավարությունը փորձում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

«Մեզ հրահանգ է տրված նախապատրաստվել հաջորդ տարվա քննություններին, որովհետև այս վերջին երկու տարվա հաջողություններն ակնհայտ են: Ես չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կգնա նման քայլի: Ես ոչ մի պաշտոնական տեղեկություն չունեմ այդ մասին, ոչ հրահանգ կա, ոչ ես լուր ունեմ: Առաջինը, որպես վարժարանի տնօրեն, ինձ կկանչեին, չէ՞: Նման բան չկա, պարզապես կան խոսակցություններ. խոսակցություններ միշտ էլ լինում են հասարակության մեջ: Այս պահին ոչ մի մտահոգություն չունենք մենք, շարունակում ենք բնականոն աշխատանքը վարժարանում: Ընդհակառակը, ձեռքբերումներն այնքան շատ են, որ մտածում ենք՝ ինչպես անենք, որ ևս մեկ քայլ առաջ գնանք: Վերջերս վարժարանի թիմը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և 42 թիմերի մեջ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Առաջադիմության առումով բավականին մեծ արդյունքներ ենք գրավում վերջին երկու տարիներին»,- ասաց Գեղամ Սարգսյանը:

168.am-ի հավաստի աղբյուրները քիչ առաջ տեղեկացրել էին, որ երեկվա դրությամբ պոտենցիալ գնորդին Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնյաներն ուղեկցել են, որպեսզի տեղում տեսնի, ծանոթանա շենքին, պայմաններին, գտնվելու վայրին, և այլն։ Մեկնաբանելով այս տեղեկությունը, վարժարանի տնօրենը նշեց.

«Երեկ երկուշաբթի էր, ոչ ոք չի եկել վարժարան: Հնարավոր է՝ շաբաթ կամ կիրակի եկած լինեն: Մարդիկ կան, որ գալիս են, մտնում են, վարժարանը նայում են, գնում են: Եթե անգամ եկած լինեն կառավարությունից ինչ-որ մարդիկ, սովորական գործընթաց է մեզ համար, որովհետև սա այն վարժարանն է, որ հպարտություն է, բոլորը գալիս, նայում են: Չկա Եվրոպայում, չկա Ռուսաստանում»:

Իսկ հարցին, թե շաբաթ կամ կիրակի այցելուների մասին որևէ տեղեկություն ունի՞ արդյոք, վարժարանի տնօրենը նշեց, որ հանգստյան օրերին վարժարանում եղել են իր տեղակալները, իսկ նրանք պարտավոր չեն ամեն ինչ իմանալ:

«Պետգույքի վարչության հետ ես ընդհանրապես կապ չունեմ և չեմ ճանաչում որևէ մեկին»,- ավելացրեց Գեղամ Սարգսյանը:

«Ես իրոք հույս ունեմ, որ, եթե նման պլաններ կան, միևնույն է, ՊՆ-ն չի գնա նման որոշում կայացնելու քայլին, որովհետև սա ՊՆ նվաճումներից մեկն է, որը հիմնադրվել է Վիգեն Սարգսյանի օրոք: Դեռ հանձնման գործընթաց չկա: Ֆինանսների նախարարությունը դեռ չի հանձնել ՊԵԿ-ին, ՊԵԿ-ը չի հանձնել ՊՆ-ին, ՊՆ-ն չի հանձնել վարժարանին: Այ էս վիճակն է տիրում»,- եզրափակեց վարժարանի տնօրենը:

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս