«ԵԱՏՄ-ում պետք է ներկայացնել Արցախի տնտեսական ներուժը»
Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ աշխատանքներ պետք է տանել ԵԱՏՄ-ում Արցախի տնտեսական ներուժը ներկայացնելու համար:
«Քաղաքական բանակցությունները թող իրենց հունով գնան, բայց մենք պարտավոր ենք նախ՝ տարաբնակեցման մասին մտածել, երկրորդը՝ Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիայի մասին, ավելի կոնկրետ՝ այդ ներուժը ներկայացնելու և մեզ ընձեռված հնարավորությունը դարձնելու նաև Արցախին ընձեռված հնարավորություն»,- ասաց նա:
Ըստ Մանասերյանի՝ Հայաստանի խնդիրներն ընդհանրական են ԵԱՏՄ մյուս երկրների հետ. «Տնտեսական անվտանգության տեսանկյունից կան սպառնալիքներ, որը մեզ ակամա գործընկերից բացի՝ բարեկամ երկիր է դարձնում շատերի հետ՝ պարենայինից սկսած՝ մինչև ժողովրդագրական»:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանի խոսքով՝ եթե Հայաստանը չհասնի արտահանում/ՀՆԱ 50% հարաբերակցության, լուրջ խնդիրներ ենք ունենալու, իսկ արտահանումն իրականացվում է Ռուսաստան, նաև աշխատուժն է հիմնականում արտահանվում Ռուսաստան, որտեղից գալիս են հիմնական տրանսֆերտները, միաժամանակ ստանում ենք էներգակիրները. «Սա է իրականությունը: Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիրը չստորագրելու վնասը եղել է 30 մլն դոլար, բայց ԵԱՏՄ պայմանագիրը չստորագրելու դեպքում վնասը կլիներ մոտ 0.5 մլրդ»:
Թավադյանը նկատեց, որ, եթե նախկինում ԵԱՏՄ արտահանումը 17% էր, ապա այժմ գերազանցել է 27%-ը, և հիմնականում պատրաստի արտադրանք է արտահանվում:
Տնտեսագետը նշեց, որ ՀՀ մաքսատուրքի բաժինը ԵԱՏՄ կաթսայում 1.11 % էր, Ղազախստանն ու Ռուսաստանը զիջել են 0.05-ական տոկոս, և այժմ մենք ստանում ենք 1.22%. «2017թ. մենք փոխանցել ենք ընդհանուր բյուջե մոտ 90 մլն դոլար, իսկ ստացել ենք 150 դոլար, այսինքն՝ 60 մլն քողարկված դոտացիա ենք ունեցել»:
Անդրադառնալով արժութային քաղաքականության համաձայնեցմանը՝ Թավադյանը հայտարարեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը «լավ էլ ծուլանում է» այս գործում, բայց առանց դրա հնարավոր չէ անցնել միասնական շուկայի: