Բաժիններ՝

Հայաստանում ինտերնետի սահմանափակում եղել է ընդամենը 15 օր՝ մարտի 1-ի դեպքերից հետո

Մարտի 12-ին նշվում է Համացանցում խոսքի ազատության օրը:

«Հայաստանը ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է, բայց, եթե «Վիճա­կա­խաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքն ընդունվի, ապա այդ ցանկից դուրս կթռնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

«Ես առաջիններից եմ, ովքեր դեմ են խաղատների գովազդին: Տեսնում եմ, թե ինչ մեծ չարիք է, սակայն կտրուկ բռնել-կտրելն էլ արդյունավետ չի լինի: Կան այլ եղանակներ, որոնք կարելի է օգտագործել՝ չվնասելով տեղեկատվության ազատ փոխանակման սկզբունքը:

Ոչ մի երկրում ինտերնետի հասանելիության արդյունավետ սահմանափակում չի իրականացվել, իսկ այն երկրները, որոնք շարժվում են սահմանափակման ուղիով՝ միջազգային ռեյտինգներով իրենց վարկանիշը կտրուկ նվազեցրել են: Հայաստանում ինտերնետի սահմանափակում եղել է ընդամենը 15 օր՝ մարտի մեկի դեպքերից հետո, այն էլ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում»,- հավելեց նա:

Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ՝ մենք ունենք միջազգային հեռահաղորդակցության կարգավորման մասին փաստաթուղթ, որը ստորագրվել է 1988 թվականին, և այն նախատեսում է միջազգային տեղեկատվության անարգել փոխանակում, իսկ 1994 թվականին ԱԺ-ն վավերացրել է բոլոր այն կոնվենցիաները, որոնք ընդունվել էին ԽՍՀՄ տարիներին:

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ ամբողջ աշխարհով մեկ Համացանց ազատ մուտքի հիմնախնդրի նկատմամբ հասարակայնության ուշադրությունը գրավելու համար առաջին անգամ Համացանցում խոսքի ազատության օրն անցկացրել է 2008 թվականի մարտի 12-ին: Ամեն տարի կազմակերպությունը հրապարակում է «Համացանցի թշնամիների» (Internet Enemies) սեփական ցուցակը:

2008 թվականի մարտի 12-ին Համացանցում խոսքի ազատության ամենաառաջին օրը «Լրագրողներ առանց սահմանների»-ն օգտատերերին հրավիրել է այցելել կազմակերպության կայք՝ բողոքելու գրաքննության դեմ, որը չարաշահում են առանձին երկրների կառավարություններ, և ավելի մեծ իրավունքներ պահանջելու Համացանցի օգտատերերի համար: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ էր արել մասնակցել ինը երկրների՝ Բիրմայի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Եգիպտոսի, Էրիթրեայի, Թունիսի, Թուրքմենստանի և Վիետնամի դեմ բողոքի ակցիային:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս