Առողջապահության նախարարը պատրաստ է քննարկել փակ վայրերում նարգիլե ծխելու սահմանափակման մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը
ՀՀ առողջապահության նախարարության համար գերակա շահը մարդու առողջության պահպանումն է, սակայն եթե կան այլ շահեր, պատրաստ են համադրել դրանց: Փակ վայրերում ծխելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հարցում պատրաստ են քննարկումներ կատարել, հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը:
Նախագծի մասին նախարար Արսեն Թորոսյանը խոսեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Մենք ոչ մի բիզնես գործունեություն չենք պատրաստվում արգելել: Մենք ունենք օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելը: Մենք` ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրները, փորձում ենք նվազեցնել դրա վնասը: Եթե դրան հակասող գործունեություն կա, այսինքն՝ փակ տարածքում ծխելու գործունեություն, ապա մենք առաջարկում ենք դա տեղափոխել գոնե փակ տարածքից դուրս: Մենք ընդամենը սահմանափակում ենք ծխելու վայրերը, այլ ոչ թե արգելում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նարգիլեներին` Թորոսյանը նշեց, որ տարբեր երկրներում տարբեր համակարգեր կան: Օրինակ`Ղազախստանը մտածում է նարգիլեների օգտագործումն արգելելու մասին:
«Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն և մյուսների առողջությանը չվնասեն: Մենք պատրաստ ենք օրենքի քննարկման շրջանակում քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ-որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից:
Օրինակ՝ օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարուց: Կամ, օրինակ, մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար` կես տարուց»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով` իրենց համար կա հանրային գերակա շահ` մարդու առողջությունը: Եթե կան այլ շահեր` բիզնես, ներդրում, ապա նախարարությունը պատրաստ է համադրել այդ շահերը` երբեք չզիջելով առաջնային շահը:
«Կարող ենք քննարկել, սակայն առողջ մնալու և առողջության պահպանման իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքի»,- նշեց Թորոսյանը:
Նա շեշտեց` սրտամկանի ինֆարկտի, քաղցկեղի, ինսուլտի հիմնական ռիսկի գործոնը ծխելն է: Սրտանոթային հիվանդություններով մահացության պատճառի մոտ 50 տոկոսը, ուռուցքային հիվանդությունների` 25-30 տոկոսի պատճառը ծխելն է: Թորոսյանը նշեց` հիմա իրենք ուզում են պայքարել այդ ռիսկի գործոնների դեմ: