«Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը փաստեց, որ մեր «հեղափոխական» թզենին դեռ անպտուղ է». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական ցնցումները (ինչ ուզում եք անունը դրեք) «չկապիտալիզացվեն» Արցախի հարցում մեր դիրքերի ամրապնդմամբ, ապա այդ ամենը հետին թվով կդառնա բացարձակ անիմաստ՝ Ավետարանական հայտնի թզենու պես։ Արցախի հարցը, ինձ համար, մեր պետականության բացարձակ առաջնահերթությունն է։

Իսկ մյուս բոլոր հարցերը, որքան էլ կարևոր լինեն, Արցախի հարցի համեմատ պետք է դիտարկվեն առաջնահերթությունների ստորադաս «զամբյուղում» (թեև մյուս հարցերում ևս «հեղափոխական» իշխանությունները, ցավոք, առանձնապես պարզերես չեն)։

Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը փաստեց, որ մեր «հեղափոխական» թզենին, ցավոք, դեռ անպտուղ է՝ չնայած մեր դիվանագետների իրապես գնահատելի ջանքերին։

ՀԳ. Հնարավոր թյուրըմբռնումը կանխելու համար հատուկ ընդգծեմ, որ Հայաստանի և ոչ մի ղեկավարի (ներառյալ գործող Վարչապետին) երբեք չեմ համարել ու հիմա էլ չեմ համարում դավաճան կամ «հողեր հանձնող»»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ, և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միևնույն ժամանակ՝ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս