«Չէ, Նիկոլ, դու գլխավոր հրամանատար չես». Գուրգեն Եղիազարյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է
ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանին վրդովեցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» վերաբերյալ հայտարարությունները։ Ասում է՝ դեռ ամիսներ առաջ է զգուշացրել, որ վարչապետը դադարեցնի նման խոսելաոճը և բռնության կոչերը։
«Երկրի առաջին դեմքից մենք նման բաներ ենք լսում, չնայած՝ չգիտեմ, թե ով է առաջին դեմքը։ Եթե կարդում ենք Սահմանադրությունը, ապա Նիկոլը չէ առաջին դեմքը, այլ նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Բայց Փաշինյանը բոլոր տեղերում իրեն հռչակել է երկրի դեմք՝ իր խոսքերով ասած, դե, Սահմանադրությունը դնում ենք մի կողմ, քանի որ նա դրա վրա թքած ունի։ Ինչ խոսում է, հակասահմանադրական է։ Երբ հայտարարում էր, ես՝ գլխավոր հրամանատարս…, չէ, Նիկոլ, դու գլխավոր հրամանատար չես, գլխավոր հրամանատար կարող ես լինել միայն պատերազմի ժամանակ՝ ըստ Սահմանադրության։ Բայց քանի որ Սահմանադրության լինել-չլինելը նրա համար միևնույն է, ինչ ուզում է՝ թող ասի։ Երկրորդ անգամ եմ զգուշացնում Նիկոլ Փաշինյանին՝ այլևս չխոսի բռնություններից, բավական է։ Մեկ անգամ շատ զուսպ ասել եմ, որ թուրքերը կարող են նրա բոլոր ելույթները ձայնագրել՝ բռնության կոչերով մտնեն միջազգային ատյաններ, և հարցերը կլուծեն»,- նշեց Գ. Եղիազարյանը։
Ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչեր է անում, այնպիսի կոչեր, որ արդեն փողոցում մարդուն բռնում են և հաշվեհարդար տեսնում։
«Ես ասել եմ, նման կոչերի արդյունքում Փաշինյանը արյուն է բերելու փողոց։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որին ատելով ատում եմ, որին կարող են կասկածել միայն մեկ դեպքով, Նիկոլ Փաշինյանն արդեն մտել է խաղերի մեջ, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ գիտեմ։ Գիտեմ, թե նա ո՞ւր է մտել, և ի՞նչ է անելու։ Փաշինյանին զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ հանդես եմ գալու ուղիղ կոչով։ Այս 10 ամիսների ընթացքում նա ինչ հակապետական գործողություններ ասես, որ չի արել, ինչ ցանկացել՝ ասել է, բայց դա «այգու մնդոն» չի ասում, այլ՝ ինչպես Փաշինյանն է ասում՝ երկրի տերն ու տիրակալը»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը վերջին անգամ բռնության կոչ է արել Կառավարության նիստերից մեկի ժամանակ՝ հայտարարելով, որ կնսեմացնեն բոլոր նրանց, որոնք կփորձեն կաշառք վերցնել։
«Մեր օրենքում վարչապետը նսեմացնելու մասին որևէ բան տեսե՞լ է, ի՞նչ է նշանակում՝ մարդուն նսեմացնել։ Էհ, ԱԺ-ում 80 հոգի մարդ ունի, նրանց միջոցով թող օրենք ընդունի, օրինակ՝ նսեմացում համար մեկ, նսեմացում համար երկու, և այլն։ Թող վարչապետն ասի՝ իմանանք, թե ինքն ո՞վ է՝ վարչապե՞տ, «խուլիգա՞ն», թե՞ «խառոշի»»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը։
Զվարթ Խաչատրյան