Բաժիններ՝

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց տեքստիլ ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին

Կառավարությունը բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը:

Մասնավորապես, կառավարությունը բավարարեց «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը գործում է Քասախ գյուղում, արտադրում է հագուստ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 200 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա են 55 աշխատատեղեր, որին կավելանա եւս 10-ը: Ծրագրով նախատեսված է արտադրել 305 մլն դրամի արտադրանք, որը կիրացվի Հայաստանի տարածքում: Մաքսատուրքից ազատման արտոնությունը 15,1 մլն դրամ է, որից 184 հազար դրամը բյուջեի եկամուտների նվազեցումն է:

Կառավարությունը բավարարեց նաև «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ)  նյութերի  նկատմամբ:

Այս ընկերությունն արտադրում է բանվորական ձեռնոցներ, գործում է սահմանամերձ տարբեր գյուղերում: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1,5 մլն դրամի ներդրում: Ընկերությունում աշխատում է 600 աշխատակիցներ, նախատեսվում է ստեղծել եւս 300-ը, միջին աշխատավարձը 150 հազար դրամ է: Այս դեպքում՝ արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 12,6 մլրդ դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է ԵԱՏՄ  երկրներ: Մաքսատուրքից ազատման արտոնության գումարը կազմում 402 մլն դրամ:

Երրորդ կազմակերպությունը, որին կառավարությունն արտոնություն տվեց, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն է, որը նախատեսում է առաջարկվող ծրագրով կտորի ներկրում: Այս դեպքում՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 35 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե այս եւ նմանատիպ արտոնություններով ծրագրերն իրականացվեն, հսկայական ներդրումների մասին կարող է խոսք լինել:  Նա առաջարկեց, որ այսպիսի հարցերը երեք ամիսը մեկ արտահերթ կառավարության նիստի ռեժիմով կքննարկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս