«Այլ պարագայում իշխանությունների հեղինակությունը կվտանգվի, քանի որ դա կլինի դիրքորոշումից հրաժարում ինչ-որ ազդեցությունների ներքո»
«Կարծում եմ՝ խորհուրդ է հնչում՝ նախապայմաններ չդնել և բանակցել ադրբեջանական կողմի հետ: Սակայն որոշում կայացնողը ՀՀ իշխանություններն են, և ԵՄ դիրքորոշումը կարող է հնչել՝ միմիայն որպես խորհուրդ, բարի ցանկություն: Ես ևս այն համոզմանն եմ, որ ժողովուրդն ինքն իր ճակատագիրը որոշելու հնարավորություն պետք է ունենա»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Մոգերինի հանդիպման Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դիտարկումներին: Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասել է, որ խոսքը խաղաղության միջոցառումների կամ Արցախի մասնակցության մասին է:
«ՀՀ վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորման կոնտեքստում առավել հաճախակի խոսում է այս երկու թեմաների մասին: Նա նշում է, որ կարևոր է վստահության մթնոլորտի ձևավորումը, հասարակություններին խաղաղության նախապատրաստելը, ինչպես նաև Արցախի ժողովուրդը պետք է ներկայացուցիչ ունենա բանակցային սեղանին: Կարծում եմ` երկուսն էլ կարելի է համարել ադեկվատ դիտարկումներ: Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ավելին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը բխում է ՀՀ շահերից, քանի որ հայկական կողմը 2016 թվականի ապրիլյան պատերազմ է ապրել, ուստի պետք է կանխարգելիչ քաղաքականություն վարվի նման զարգացումները կրճատելու, թույլ չտալու համար:
Իսկ բանակցությունների ընթացքում հետագայում խնդիրներ չունենալու համար առավել նպատակահարմար է Արցախի ներկայացուցչի հետ բանակցել հենց սկզբից»,- ասել է նա:
Ըստ նրա՝ դատելով հայտարարություններից՝ հայկական կողմն այսօր ցանկանում է լսել, թե ինչի է պատրաստ ադրբեջանական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն արդեն այնքան ակտիվ են ներկայացրել իրենց մոտեցումներն Արցախի մասնակցության վերաբերյալ, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ առանց Արցախի նրանք կբանակցեն:
«Այլ պարագայում իշխանությունների հեղինակությունը կվտանգվի, քանի որ դա կլինի դիրքորոշումից հրաժարում ինչ-որ ազդեցությունների ներքո»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: