Բաժիններ՝

«Այս պահին բոլոր ընկերությունները սառեցրել են իրենց ներդրումային ծրագրերը». Գազավորված ըմպելիքներ արտադրողները՝ վատ հետևանքների մասին

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծի համաձայն՝ ակցիզային հարկով կհարկվեն նաև գազավորված ըմպելիքները:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքա­­րայնություն պարունակող ըմպելիքները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաս­­տանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասու­նանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար՝ նմա­նատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյու­ջեի հարկային եկամուտների կորուստը:

Առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով հարկել նաև 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանի փոխանցմամբ՝ նախնական տարբերակում ենթադրվում էր, որ պետք է հինգ տոկոս հարկ կիրառվեր 5-ից ավելի տոկոս շաքար պարունակող ըմպելիքների դեպքում՝ 1 լիտրի հաշվով: Ներառվում էին բոլոր ըմպելիքները՝ բացի հանքային ջրից: Իսկ լրամշակված տարբերակում արդեն խոսվում է այն մասին, որ հաշվի են առնելու բոլոր ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, կամ ոչ: Նույնը՝ համաբուրավետիչների դեպքում: Օրինակ, եթե կա հանքային ջուր, որը պարունակում է համաբուրավետիչ, մեկ լիտրի դեպքում 30 դրամ է ավելանում:

Կարդացեք նաև

«Խոսում են նաև առողջ ու անառողջ ըմպելիքների մասին: Նշում են, թե գազավորված բոլոր ըմպելիքները համարվում են անառողջ: Բացառություն են համարում հանքային ջրերն ու ալկոհոլը: Մենք այս դիրքորոշումը չենք հասկանում: Այս հատկանիշների ու դիրքորոշման համար զարմացած ենք: Բազմիցս են իշխանության ներկայացուցիչները խոսում բյուջեի համալրման մասին, իսկ նմանատիպ նախաձեռնություններով ոչ մի ձևով այդ հարցը չի լուծվում»,- ընդգծեց Էլինա Մարգարյանը:

Շարունակելով նրա խոսքը՝ «Թամարա և Անի» ՍՊԸ փոխտնօրեն Տիգրան Շալջյանը նշեց.

«Հայտնի մի բժիշկ ասել է՝ ամեն ինչ թույն է և ամեն ինչ դեղ է, միայն չափաքանակն է դեղը սարքում թույն, և թույնը՝ դեղ: Հայաստանում մի օրում գազավորված ըմպելիքների օգտագործումը մեկ հոգու կողմից մեկ տոկոսից պակաս է կազմում: Ինչ վերաբերում է շաքարի վնասին, ապա Միջազգային առողջապահական կազմակերպությունն առաջարկել է սահմանափակել շաքարի օգտագործումը տասը տոկոսի չափով, բայց չի ասել, թե սննդի ո՞ր տեսակի մեջ: Աշխարհում կան շատ երկրներ, որոնք մտցրել են շաքարի հարկը, բայց հետո հանել են, տեսել են, որ արդյունավետ չէ՝ առողջապահական, տնտեսական տեսակետից: Դանիայում նման որոշում կիրառել են 1930 թվականից, հանել են 2013 թվականին, քանի որ տեսել են, որ այն առողջության հետ ոչ մի կապ չունի: ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում օրենքի ընդունումից 10 տարի հետո տեսել են, որ գեր մարդկանց թիվն ավելացել է 2-3 անգամ: Այսինքն, առողջապահական տեսակետից այս նախագիծը ոչ դրական, ոչ էլ բացասական արդյունք է տալիս: Կամ՝ ո՞վ է ասել, որ խաղողն ավելի օգտակար է, քան գազավորված ըմպելիքը, խաղողի մեջ շաքարայնությունը մինչև 18 տոկոս է կազմում»:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանն էլ խոսեց նախագծի տնտեսական հետևանքների մասին:

«Երևի ոչ ոքի համար անակնկալ չի լինի, որ գները կթանկանան՝ բարձր կատեգորիայի ապրանքների դեպքում՝ 12-15, ցածրերի դեպքում՝ 30-40 տոկոսով: Կկրճատվեն եկամուտները, ինչպես նաև՝ աշխատատեղերը: Տուժելու են նաև տեղական մյուս ընկերությունները, ովքեր շշեր, շաքար, նյութեր են տրամադրում: Գաղտնիք չէ, որ ամեն երկրի գրավչության հիմքում տնտեսական քաղաքականության կայունությունն է, որն առողջ բիզնեսի, ներդրում կատարելու առաջին նախադրյալն է: Մեր բնագավառում ներդրումներ կատարել են թե՛ դրսից, թե՛ ներսից: Իսկ այս օրենքի կիրառման դեպքում ներդրումային միջավայրի վստահությունը նվազում է: Այս պահին բոլոր ընկերությունները սառեցրել են իրենց ներդրումային ծրագրերը»,- նկատեց Գուրգեն Նարիմանյանը:

168.am-ի հարցին՝ ե՞րբ է եղել վերջին քննարկումը Ֆինանսների նախարարությունում, և ընկերության ներկայացուցիչները կոնկրետ ի՞նչ առաջարկներ են արել, բանախոսները պատասխանեցին, որ մի քանի քննարկումներ են ունեցել Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տնտեսական զարգացման նախարարի հետ: Հարկային ոլորտից ևս ներկայացուցիչ է եղել: Այդ օրն էլ իմացել են, որ հարկվելու են ոչ միայն շաքար, այլև այլ քաղցրացուցիչներ պարունակող ըմպելիքները: Իսկ վերջին քննարկումը եղել է փետրվարի 25-ին:

«Մենք առաջարկել ենք խորը ուսումնասիրել երկու հարց՝ տնտեսական էֆեկտն ու առողջապահության ոլորտում գազավորված ըմպելիքների ազդեցությունը: Մենք պատրաստ ենք օգնել, դիմել այլ երկրների մեր գործընկերներին, ինչպես նաև անկախ մասնագետների՝ թեկուզ առողջապահության ոլորտից, որպեսզի հասկանանք՝ ճի՞շտ բան են ուզում անել, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ որոշումը ճիշտ է, մենք կհասկանանք, թե ինչպես ենք շարունակելու գործել, բայց առայժմ մեր բոլոր ուսումնասիրությունները, շփումները ցույց են տվել, որ նման օրենքը առողջապահական, տնտեսական առումով չի բերում այն դրական արդյունքներին, ինչն ակնկալում են»,- պատասխանեց Գուրգեն Նարիմանյանը:

«Յունիոն» ՍՊԸ «Հայ Կոլա զուլալ ջրերի» տնօրեն Տիգրան Հովսեփյանն էլ ասաց, որ «Հայ Կոլան» ստեղծվել է 1996 թվականին, քանի որ ուսումնասիրելով դաշտը՝ եզրակացրել են, որ պետք է փակել թուրքական, պարսկական ապրանքների ներմուծումը ՀՀ:

«Ֆինանսների նախարարությունն է հնարել այս օրենքը՝ չկատարելով ոչ մի ռեալ հետազոտություն: Մտել են Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարության ոլորտ՝ չհիմնավորելով ոչ մի բան: Ուղղակի, բյուջեի ճեղքը լցնելու պատրվակով հնարել են ակցիզային հարկի, գազավորված ըմպելիքների դասակարգման կիրառումը: Սա շատ վատ հետևանքներ է ունենալու: Ես արդեն իմ աշխատողներին տեղեկացրել եմ, որ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, կանգնելու ենք փակման եզրին, և դուք այս պահից սկսած կարող եք այլ աշխատանք փնտրել, որովհետև, եթե մեր ապրանքը թանկանա 30 տոկոսով, այն անմրցունակ է դառնում շուկայում, և ավտոմատ կերպով դուրս ենք մնում»,- հավելեց Տիգրան Հովսեփյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս