ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճակատագիրը Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի համատեքստում
Այսօր մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ «բավականին լավ օրակարգ է ունենալու»։ Այցը ուշագրավ է այն տեսանկյունից, որ դեռևս անորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի կարևոր հենասյուն հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման և կիրարկման ճակատագիրը։ Հետևաբար՝ այցի նկատմամբ ուշադրությունը բավականին մեծ է, թեև դրա իրական արդյունքների մասով առկա է նաև որոշակի օբյեկտիվ թերահավատություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի նախորդ նմանատիպ շփումները հիմնականում կրել են արարողակարգային բնույթ և չեն հանգեցրել լուրջ ու գործնական արդյունքների։
Ինչևէ, սպասվող այցը լավ առիթ է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, դրա ուժի մեջ մտած դրույթների կիրարկման հետ կապված ստեղծված իրավիճակը գնահատելու, առկա խնդիրները բացահայտելու և լուծումներ որոնելու տեսանկյունից։ Ոչ պակաս կարևոր է պայմանագրի վավերացման, ուժի մեջ մտած դրույթների մասով ճանապարհային քարտեզի հաստատման գործընթացների ձգձգման պատճառների ուսումնասիրությունը և հնարավոր հետևանքների կանխատեսումը։
ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի հետ կապված այս պահին կարելի է առանձնացնել հետևյալ խնդիրները
- պայմանագրի վավերացման գործընթացի ձգձգումը,
- 2018թ.-ի հունիսի մեկից պայմանագրի ուժի մեջ մտած դրույթների մասով ճանապարհային քարտեզի մշակման և վերջնական հաստատման գործընթացի դանդաղ ընթացքը,
- պայմանագրի կիրարկման հետ կապված որոշակի դանդաղկոտությունը և կառավարության ծրագրում պայմանագրի մի շարք առարկայական դրույթների բացակայությունը,
- ՀՀ դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նկատվող բացասական ազդակները, որոնք կարող են հակասել ՀԸԳՀ-ում տեղ գտած սկզբունքներին
Համաձայնագրի վավերացման իրավական հետևանքները
ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի վավերացման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, ու չնայած դրա ստորագրման պահից՝ 2017թ. նոյեմբերի 24-ից ավելի քան 15 ամիս է անցել, ՀՀ խորհրդարանից բացի, այն վավերացրել են 28 երկրներից միայն 10-ը։ Սրա հետ կապված կային, իհարկե, օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծված և մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները շարունակվող անորոշ ներքաղաքական իրադրությունը, նորընտիր կառավարության դեռևս չհստակեցված արտաքին քաղաքական կուրսը։ Սակայն վավերացման գործընթացի ձգձգումը նաև պայմանավորված է նորընտիր խորհրդարանի անփորձությամբ։
Ավելի շատ զբաղված լինելով ներքաղաքական պայքարով՝ թե կառավարությունը, թե իշխող կուսակցությունը ներկայացնող քաղաքական ուժի պատգամավորները անհրաժեշտ ջանքեր չեն կարողացել գործադրել պայմանագրի վավերացման գործընթացը արագացնելու համար, ինչի մասին խոստովանեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նշելով, որ «Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ (պայմանագրի վավերացման) աշխատանքները»[1]։ Կարելի է ենթադրել, որ նոր իշխանությունների անփորձությունը պայմանագրի վավերացման գործընթացը խոչընդոտող միակ պատճառը չէր, կարևոր նշանակություն ունեին նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, որոնք, բնականաբար, արժանացել են նաև պայմանագիրը վավերացնող երկրների ուշադրությանը։
ՀՀ իշխանությունների կողմից հասարակությունը բևեռացնելու, սևերի ու սպիտակների բաժանելու, դատական համակարգի, ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու փորձերը հակասում էին ՀԸԳՀ-ով հայկական կողմի ստանձնած պարտավորություններին և դրա դրույթներով նախատեսված ժողովրդավարական բարեփոխումներին։ Նաև սա էր պատճառը, որ չնայած իշխանափոխությունից հետո ձևավորված դրական ակնկալիքներին, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ բարձր պաշտոնների էին նշանակվել բացահայտ արևմտամետ դիրքորոշում ունեցող մի շարք գործիչներ, պայմանագրի վավերացման գործընթացը ոչ միայն չունեցավ հեղափոխական տեմպ, այլ հայտնվեց ստագնացիոն վիճակում։ ՀԸԳՀ-ի վերջնական վավերացումը կարևոր է ոչ միայն պայմանագրի դրույթների 20%-ի ուժի մեջ մտնելու տեսանկյունից։ Պայմանագրում ԼՂՀ հակամարտության վերաբերյալ կա հստակ գնահատական։
Մասնավորապես պայմանագրում նշվում է՝ «Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը»։
Այսինքն պայմանագրում նախատեսված հայանպաստ դրույթները, առաջին հերթին ուժի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ազգերի ինքնորոշման մասին, պայմանագրի վերջնական վավերացումից հետո իրավական ուժ կստանան ԵՄ-ի համար։ Սա կարևոր է այն տեսանկյունից, որ, ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը նույնպես ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում համապարփակ գործընկերության պայմանագիր ստորագրելու շուրջ, որտեղ, անշուշտ, փորձելու է ԼՂՀ հարցով իր դիրքորոշմանը համահունչ դրույթներ ամրագրել։ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի համար նման փորձերը էլ ավելի կբարդանան, մինչդեռ, եթե Ադրբեջանը հաջողի ավելի արագ ստորագրել ու վավերացնել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հայկական կողմը կկորցնի իր ստացած հարաբերական առավելությունը։
Ճանապարհ առանց քարտեզի
ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի արդյունավետության և ՀՀ քաղաքացիների համար դրա գործնական հետևանքների տեսանկյունից կարևոր նշանակություն պետք է ունենար 2018թ.-ի հունիսի մեկից պայմանագրի ուժի մեջ մտած դրույթների մասով ճանապարհային քարտեզի մշակման և վերջնական հաստատման գործընթացը։ Հայկական կողմից ներկայացվող ճանապարհային քարտեզի հաստատումը պետք է հստակեցներ ՀՀ իշխանությունների գործողությունների հաջորդականությունը, որոնք պետք է ապահովեին պայմանագրի դրույթների իրականացումը։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ 2018թ. օգոստոսի 30-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։ Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը զեկուցել է ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքի և ժամանակացույցի նախագծի մասին, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են ճանապարհային քարտեզի մշակման հստակ ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվեր ԵՄ կողմի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը[2]։ Սակայն բավականին երկար ժամանակ ՀՀ նոր իշխանությունները չէին կարողանում եվրոպական կողմին ներկայացնել ճանապարհային քարտեզի նախագիծը։
2018թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը։ 2018թ.-ի հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, այնուհետև հոկտեմբերի 24-ին Բրյուսելում գումարվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ պարբերաբար տեղի են ունենում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը, որոնցից վերջինը կայացել է 2019թ.-ի փետրվարի 18-ին։ Սակայն դեռևս ճանապարհային քարտեզը չի հաստատվել ԵՄ կողմից։
Մամուլում կար տեղեկատվություն, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված գործողությունների պլանը չէր բավարարել ԵՄ պաշտոնյաներին, ինչը դրա ձգձգման հիմնական պատճառն էր։ Փետրվարի 26-ին հրավիրած ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնեց, որ հունվարի վերջին Եվրամիության ծառայությունները ճանապարհային քարտեզի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները փոխանցել են հայկական կողմին։ Ըստ դեսպան Սվիտալսկու, Հայաստանի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև մարտի վերջ։ Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ԵՄ-ի հետ համաձայնեցված ճանապարհային քարտեզը, նախատեսվածին հակառակ, անցյալ տարի այդպես էլ չստացավ իրավական ակտի բնույթ, իսկ այս տարի դրա հաստատումը դեռևս ձգձգվում է։ Ճանապարհային քարտեզի հաստատման գործընթացի ձգձգումը կասեցնում է պայմանագրի կիրարկման գործընթացը։
Կառավարության ծրագրի լռությունը
Մյուս խնդիրը պայմանագրի կիրարկման հետ կապված որոշակի դանդաղկոտությունն ու կառավարության ծրագրում պայմանագրի մի շարք առարկայական դրույթների բացակայությունն է։ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում ՀՀ խորհրդարանի բնականոն գործունեության համար պարբերաբար խոչնդոտներ էին ստեղծվում։ Հիմնականում զբաղված լինելով ներքաղաքական խնդիրների լուծմամբ՝ նախորդ գումարման ազգային ժողովը չկարողացավ հանդես գալ համապատասխան օրենսդրական բարեփոխումներով, որոնք նախատեսված են ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրով։ Այստեղ ոչ պակաս կարևոր էր կառավարության կողմից նախաձեռնողականության բացակայությունը։ Նորընտիր խորհրդարանն իր հերթին՝ դեռևս լուրջ ջանքեր չի գործադրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված օրենսդրական բարեփոխումները արագ տեմպով կյանքի կոչելու համար, իսկ ճանապարհային քարտեզի վերջնական հաստատման ձգձգումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում այս գործընթացի համար։
Ավելին, կառավարության վերջերս հաստատված ծրագիրը չի արտացոլում ՀԸԳՀ-ով նախատեսված հայկական կողմի ստանձնած հանձնառությունների ողջ էությունը, ինչը նույնպես խոսում է պայմանագրի նկատմամբ ոչ ադեկվատ ուշադրության մասին։ Իրականում կառավարության ծրագիրը պարունակում է շատ ավելի ընդհանրական դրույթներ և չճշգրտված ժամանակային սահմաններ, մինչդեռ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով հայկական կողմի ստանձնած պարտավորություննները նախատեսում են շատ ավելի կոնկրետ գործողություններ և դրանց իրականացման հստակ ժամանակացույց։ Այս իրավիճակում տարօրինակ են հայկական կողմից պարբերաբար հնչեցվող «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համապատասխան Հայաստանին տրամադրվող օժանդակությունը մեծացնելու պահանջները, քանի որ եվրոպական կողմի համար այս կամ այն երկրում ներքաղաքական փոփոխությունները և տարբեր ամբիոններից հնչեցված հայտարարությունները առանց համապատասխան օրենսդրական բարեփոխումների չեն կարող բավարար հիմք հանդիսանալ տվյալ երկրին մատուցվող օժանդակությունը լրջորեն ավելացնելու համար։
«Չկապիտալիզացված հեղափոխություն»
Համապատասխան նախաձեռնողականության բացակայությունն է նաև պատճառը, որ գործող իշխանությունների ընդդիմախոսները հաճախ վերջիններիս մեղադրում են իշխանափոխությունից հետո ստեղծված «բարենպաստ» մթնոլորտը ԵՄ-ի հետ հարաբերություններում կապիտալիզացնել չկարողանալու մեջ։ Չնայած 2018թ.-ի հունիսից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտել, առայժմ դրանց կիրարկումը չի հանգեցրել Հայաստանում շոշափելի բարեփոխումների, ինչը կազդեր հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա։ Չնայած կառավարության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, պարբերաբար խոսում էին ԵՄ-ի հետ հարաբերություններում «հեղափոխությունը կապիտալիզացնելու» մասին, ինչը ենթադրում էր նաև ֆինանսական աջակցության մեծացում, առայժմ այս ուղղությամբ որևէ լուրջ տեղաշարժ չկա։ Մինչդեռ փորձ է արվում ԵՄ-ի կողմից տրվող աջակցության պարբերաբար ավելացումը ներկայացնել՝ որպես հեղափոխության հետևանք, իրականում նման պրակտիկան (տրամադրվող աջակցության չափերի աճող դինամիկան) գոյություն է ունեցել նաև նախկինում, և անկախ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից, ԵՄ-ն ավելացնելու էր տրամադրվող աջակցությունը։
Ավելին, փետրվարի 26-ին հրավիրած ասուլիսի ժամանակ ԵՄ դեսպան Սվիտալսկին նորից խոսեց Երևանում իրականացվելիք 110 մլն եվրոյի նախագծի մասին, որը մինչև նախորդ տարվա ավագանու ընտրությունները դադարեցվել էր։ Դեսպանի խոսքից ստացվում է, որ այդ սառեցված 110 մլն եվրոյի ակտիվացումը պետք է կատարի հայկական կողմը։ Այսինքն՝ իշխանությունները ոչ միայն չեն կարողացել «կապիտալացնել հեղափոխության արդյունքները», այլև նույնիսկ նախատեսված նախագծերը ի վիճակի չեն եղել կյանքի կոչել։
Վիզաները կսպասեն
Բարեփոխումների բացակայությամբ է պայմանավորված նաև վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի հետաձգումը։ Վերոնշյալ ասուլիսի ժամանակ ԵՄ դեսպան Սվիտալսկին հստակ նշեց, որ վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար հարկավոր է, որ լավ կառավարվող և անվտանգ շարժի աապահովման երաշխիքներ ու մեխանիզմներ լինեն, ուստի ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի սրա հետ կապված առանձին ԵՄ անդամ երկրների մտահոգություններին։
Վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված անորոշ մեկնաբանություն էր արել նաև Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունվարին տված համատեղ ասուլիսի ժամանակ՝ խուսափելով հստակ ժամանակ սահմանել։ ՀՀ իշխանությունները նույնպես խուսափում են գործընթացի մեկնարկի համար հստակ ժամանակ նշել։ Ուշագրավ է, որ դեռևս նախքան իշխանափոխությունը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հույս էր հայտնել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի 2018թ.-ի ընթացքում։ Վերջինս նաև կարծիք էր հայտնել, որ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա մինչև 2020 թ.:
Ֆեմիդայի նինջը
ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ-ի հետ կապված խնդիրներից են նաև ՀՀ դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նկատվող բացասական ազդակները։ Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումը այն պայմանն է, որով եվրոպական կողմը կարող է մեծացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Չնայած այսօրվա իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում հաջողությունների մասին, սակայն միջազգային կառույցների գնահատականները և փաստացի իրողությունները լավատեսության համար այնքան էլ ամուր հիմքեր չեն ստեղծում։
Նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքականապես մոտիվացված հետապնդումները և ընտրովի արդարադատությունը (selective Justice), իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դատաիրավական համակարգի գործունեությանը (այդ թվում՝ վարչապետի արած հայտարարությունները դատավորների՝ իրեն ենթարկվելու մասով, ԱԱԾ, ՀՔԾ պետերի և վարչապետի միջև հեռախոսային խոսակցությունների հայտնի ձայնագրությունները և այլն), ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդելու ու սահմանափակելու, հասարակությանը բևեռացնելու փորձերը իրականում կասկածի տակ են դնում երկրում ժողովրդավարական արժեքների զարգացման հանձնառության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության անդամների կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը։
Փոխարենը՝ ՀՀ կառավարության անդամները և ԵՄ ներկայացուցիչները երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մի քանի անգամ խոսել են ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը մեծացնելու մասին։ Եթե այն պայմանավորված չէ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում գրանցած հաջողությունների, կամ ՀԸԳՀ-ով նախատեսված ոլորտային բարեփոխումների իրականացմամբ, ապա աջակցության մեծացումը կարող է միայն քաղաքական ենթատեքստ ունենալ, ինչը իր մեջ կարող է խութեր պարունակել։
Գործելու ժամանակը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանագրի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀՀ իշխանությունները լուրջ անելիք ունեն։ Նախ և առաջ հարկավոր է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ապահովվի պայմանագրի վերջնական վավերացումը ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից։ Այս ուղղությամբ նորընտիր Ազգային ժողովը մեծ անելիք ունի։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ թե պետք է հայտարարի, որ պայմանագրի վավերացումը 2019թ.-ի ընթացքում քիչ հավանական է, և դրա համար որպես օբյեկտիվ պատճառ՝ ներկայացնի մայիսին սպասվող Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, այլ նախանշի այն գործողությունները, որոնք իրականացնելու է նորընտիր խորհրդարանը պայմանագրի հնարավորինս շուտ վավերացումն ապահովելու համար։
Հաջորդ կարևոր քայլը պետք է լինի ճանապարհային քարտեզի հնարավորինս շուտ կիրարկումը և կորսված ժամանակը հետ բերելուն ուղղված ակտիվ օրենսդրական գործունեությունը։ Քանի որ Կառավարության ծրագիրը արդեն հաստատված է, ուստի այն այլևս հնարավոր չէ համապատասխանեցնել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի դրույթներին։ Փոխարենը՝ անհրաժեշտ են գոնե բանավոր հավաստիացումներ, թե ինչպես են ներկայիս իշխանությունները պատկերացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը և ինչ գործնական քայլեր են պատրաստվում իրականացնել այդ ուղղությամբ։ Այս տեսանկյունից վարչապետ Փաշինյանի առաջիկա այցը Բրյուսել կարող է լավ առիթ հանդիսանալ առաջիկա անելիքները ներկայացնելու համար։
Միևնույն ժամանակ հարկավոր է արագացնել պայմանագրի համաձայն ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացը, ինչը ենթադրում է թե կառավարության, թե ԱԺ-ի կողմից օրենսդրական գործունեության ակտիվացում։ Անկախ ճանապարհային քարտեզի հաստատման գործընթացի ձգձգումից, մի շարք օրենսդրական բարեփոխումներ քաղաքական կամքի ու պրոֆեսիոնալիզմի առկայության դեպքում վաղուց կարող էին իրականացված լինել։
Ի վերջո, շատ կարևոր է պահպանել հարգանքը իրական ժողովրդավարական արժեքների նկատմամբ և իշխանության քաղաքականությունը բխեցնել հենց իրական ժողովրդավարական արժեհամակարգից, այլ ոչ թե պոպուլիզմի վրա խարսխված կարճաժամկետ քաղաքական հավակնություններից։ Արտաքին քաղաքական տարբեր ուղղություններով, լինի դա Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային քաղաքականությունը թե համագործակցությունը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում, Փաշինյանի գլխավորած կառավարությունը ոչ միայն լուրջ հաջողություններ չի գրանցել, այլև ստեղծել է որոշակի խնդիրներ։
Դերենիկ Խաչատրյան
Արմեն Աշոտյան
Օգտագործված աղբյուրներ՝
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր https://www.mfa.am/filemanager/eu/cepa.pdf
20 արդյունք մինչև 2020-ը փաստաթուղթ
ՀՀ կառավարության ծրագիր 8 փետրվարի 2019թ.-ի N 65-Ա
http://www.gov.am/files/docs/3133.pdf
ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզ
http://www.osf.am/wp-content/uploads/2018/07/CEPA-Action-Plan_ARM-Draft_June-2018_vg.pdf
- http://www.gov.am/am/news/item/13743/
- https://europa.eu/european-union/index_en
- https://hraparak.am/post/1280225477?fbclid=IwAR11Y6wQfnXF-g6zimCyvtH0V-P3dtYw2rh_ZTuUySkw3NcPeMbcmFUFQ9w
- https://www.aysor.am/am/news/2019/01/21/մո-համաձայնագիր/1515401
- https://www.lragir.am/2019/02/18/418914/
- https://www.24news.am/news/23507
- https://168.am/2019/02/21/1084786.html
- https://www.tert.am/am/news/2019/02/11/Pashinyan-klaar/2918774
- https://www.tert.am/am/news/2019/02/06/Arman-yeghoyan/2914137
- https://armedia.am/arm/news/64511/kayacel-e-hh-em-mijgerateschakan-handznazhoxovi-hertakan-nisty.html
- https://armedia.am/arm/news/65956/kayacel-e-hh-em-gortsynkerutyan-komitei-andranik-nisty.html
- https://armedia.am/arm/news/66746/hh-em-haraberutyunnery-2018-in%E2%80%A4-aknkaliqner-ev-anoroshutyun.html
- https://armedia.am/arm/news/68129/pokhvarchapetn-yndunel-e-em-patvirakutyan-xekavarin-ev-mak-i-mshtakan-hamakargoxin.html
- https://168.am/2019/01/15/1067914.html
- https://www.aysor.am/am/news/2018/12/19/Փաշինյան/1505785
- https://www.mediamax.am/am/news/parzabanum/26339
- https://www.lragir.am/2019/02/26/420878/
- https://www.lragir.am/2019/02/26/420869/
- https://www.lragir.am/2019/02/26/420869/
- https://www.lragir.am/2019/02/26/420858