Եկել է Հայաստանի համարժեք պատասխան տալու ժամանակը

Սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք արդեն երկրորդ այցի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին օրերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ առաջիկա այցը բավական լավ օրակարգ է ունենալու։ Նրա գնահատմամբ, ծրագրով բավական առաջ են գնացել, որը կոչվում է ճանապարհային քարտեզ։

«Կարծում եմ, Բրյուսել այցի ժամանակ մենք ավելի հստակեցված կունենանք մեր աշխատանքները՝ թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով»,- ասել էր Զ.Մնացականյանը։ ԱԳՆ փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Մնացականյանը վերահաստատել է, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

Փաշինյանի այցը Բրյուսել, ըստ էության, տեղի կունենա ԵՄ-ից ստացվող դրական և ՀՀ իշխանությունների անհասկանալի «իրատեսական» ուղերձների ֆոնին: Եվրոպական կողմից ամենաուշագրավ հայտարարություններից մեկը հնչեց վերջերս Երևանում` հունվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում, երբ նա մի շարք տեղեկություններ փոխանցեց Հայաստանին հատկացվելիք ԵՄ ֆինանսավորման վերանայման մասին: Երևանում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ներկայումս 300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, 100 միլիոն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 միլիոն եվրոյի ներդրումներ են արվել մի շարք ոլորտներում, դա էլ ավելի կմեծանա, քանի որ աշխատում են Կառավարության հետ, որպեսզի առանձնացնեն հետագա օժանդակության ոլորտները:

«Ուզում եմ ընդգծել, որ վերջերս ստորագրել ենք փաթեթ, որը վերաբերում է կրթության ոլորտում նորարարությանը, 23 միլիոն եվրոյի փաթեթ, այդ թվում՝ «ԵՄ-ն նորարարության համար» ծրագիրը Թումոյում»,- ասել էր Յոհաննես Հաանը:

ԵՄ պաշտոնյան նաև նշել էր, որ արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստանին հատկացվելիք ԵՄ հաջորդ ֆինանսական բյուջեի մշակման շուրջ, բյուջե, որը նախատեսված է լինելու հաջորդ յոթ տարիների համար` 2021-2027թթ., և այն ավելին է լինելու, քան նախորդ բյուջեն: Սակայն մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «իրատեսական» գնահատական հնչեցրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետների հետ կապված հարցին՝ ասելով, որ շատ իրատեսական չէ այս տարի համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:

«Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»,- ասել էր Ա. Միրզոյանը։

Գաղտնիք չէ, որ նման գնահատականները, եթե դրանք նույնիսկ իրավիճակի իրատեսական բնութագրությունն են, դիվանագիտական լեքսիկոնից սովորաբար կրճատվում են կամ մեղմացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե դա ինչպես կարող է ընկալվել գործընկերների կողմից` բացասական հետևանքների պատճառ դառնալով: Ավելին, ըստ մի շարք փորձագիտական կարծիքների, ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե նման գնահատականներ հնչեցնեն, այլ նպաստեն, որպեսզի համաձայնագրի ամբողջական կիրարկումը սկսվի հնարավորինս շուտ, իսկ դա կարող է տեղի ունենալ ԵՄ անդամ բոլոր երկրների և Եվրոպական խորհրդարանի վավերացումից հետո:

Ավելի վաղ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունն անխնա քննադատության էր ենթարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անցյալ տարին երկկողմ հարաբերությունների համար որակելով կորսված, Կառավարությանն անվանելով դանդաղկոտ և սիրողական:

Այնուամենայնիվ Եվրոպական կողմից հնչող խոստումներին զուգահեռ՝ ՀՀ իշխանություններին ուղղված հորդորներ են հնչում՝ նախաձեռնողականություն ցուցաբերել Եվրոպական միության հետ հարաբերություններում:

Օրերս Երևանում էր Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե շա՛տ կարևոր է, որ Հայաստանը նախաձեռնող լինի, Հայաստանը հասկանա, որ ԵՄ-ն ևս փոփոխությունների շեմին է, Եվրոպայում սպասվում են շատ կարևոր խորհրդարանական ընտրություններ, որից հետո կկազմվի Եվրոպական նոր հանձնաժողով, և շատ ճիշտ կլինի, որ ՀՀ կառավարությունը կարողանա իր հայտերը, իր ակնկալիքներն ու առաջնահերթությունները ներկայացնել բավականին վաղ փուլում՝ բացատրելու Եվրամիությանը, որ ունենալով հարաբերությունների որոշակի փորձ՝ ահա սա է, ինչ ուզում ենք, այսպիսի համագործակցություն ենք ցանկանում ունենալ։

«Եվ այդ ամենը, կարծում եմ, պետք է կապված լինի տնտեսական փոփոխությունների, ժողովրդավարության ուժեղացման այս ալիքի հետ՝ որպես ներդրում, որ Հայաստանն արդարացիորեն ակնկալում է Եվրամիությունից։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մի սպասեք, որ Եվրամիությունն առաջարկի ձեզ, գնացեք այնտեղ և պահանջեք»,- ասել է Տյուրկը:

«168 Ժամի» հետ զրույցում գնահատելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում ստեղծված իրավիճակը, հնչող գնահատականներն ու խոստումները, լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Սլովենիայի նախկին նախագահի հորդորը տեղին է: Ըստ նրա, Եվրոպական միությունը չափազանց դրական է տրամադրված ՀՀ նոր իշխանությունների հետ աշխատանքին՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանում՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու մասին: Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել Հայաստանին տրվող ֆինանսավորումները, աջակցել տարածաշրջանի կայուն զարգացմանը՝ գումարներ ներդնելով, կոմունիկացիաներ ստեղծելով:

«Բայց հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:

ԵՄ-ն իր տրամադրվածությունը ներկայացնում է, նշում է, թե ինչի է պատրաստ, եթե երկիրը զարգանալու մեծ հավակնություններ ունի, բայց ինչո՞ւ է խոսվում նախաձեռնողականության և ակտիվության մասին, քանի որ, եթե չլինի աշխատանք Հայաստանի կողմից, համապատասխան ծրագրեր չմշակվեն, ի վերջո, սրանք մեծ գումարներ են, դրանց ճիշտ ծախսի համար հարկավոր են լուրջ ծրագրեր, լուրջ բարեփոխումներ, հստակ աշխատանք, դրանք ԵՄ անդամ երկրների հարկատուների գումարներն են: Սա շատ պատասխանատու գործընթաց պետք է լինի: Կարծում եմ` ԵՄ-ում արդեն ներքաղաքական գործընթացները հաղթահարած իշխանությունից հստակ քաղաքական ծրագրեր են ակնկալելու, այս հարաբերությունների ճարտարապետը, ինչպես միշտ, ես և շատ պաշտոնյաներ նշում ենք, պետք է իշխանությունները լինեն:

Եթե նրանք քաղաքական կամք ցուցաբերեն, այդ ծրագրերը կիրականացվեն և չեն մնա օդից կախված վիճակում: Ըստ իս, հաշվի առնելով ճանապարհային քարտեզի շուրջ աշխատանքները, որոնք դեռ ընթանում են, համաձայնագրի վավերացման գործընթացը, ոլորտային համագործակցությունները, ահռելի աշխատանք ունեն անելու ՀՀ իշխանությունները, ուստի առաջիկա այցը պետք է լուրջ քաղաքական օրակարգ ունենա, որին պետք է պատրաստվեն, քանի որ ԵՄ պաշտոնյաներն ուշադրությամբ լսելու են ՀՀ իշխանություններին»,- ասաց Զաշտովտը:

Իսկ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի դիտարկմամբ՝ ինչպես բոլոր ուղղություններով, ԵՄ ուղղությամբ ևս ՀՀ իշխանությունները պետք է, գործին ծանոթանալուց բացի, բովանդակային աշխատանք իրականացնեն: «Նախկինում հասկանալի էր, թե ինչ փուլում է Հայաստանը, անցումային կադրեր, անցումային տրամադրվածություն, ռեսուրսների պակաս, բայց ներկայումս շատ ավելի կայուն շրջան է, ուստի Բրյուսել կատարելիք ՀՀ վարչապետի այցը կարելի է համարել նրա նորմալ առաջին այցը ԵՄ, որից, բնականաբար, մեծ սպասելիքներ պետք է ունենա ԵՄ-ն: Բայց պետք է նաև իմանալ, որ ԵՄ-ն չի կարող ամբողջացնել ՀՀ-ԵՄ օրակարգը, ԵՄ-ն ավելի լավ չգիտի, թե ինչ է հարկավոր Հայաստանին, ԵՄ-ն կարող է իր կամքը ներկայացնել միայն պատրաստակամություն հայտնելով:

Այդ պատրաստակամությունը տարբեր հարթակներում տարբեր մասշտաբի պաշտոնյաների կողմից հայտնվել է, ուստի հերթը Հայաստանի իշխանություններինն է: ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է, ավելին երբեք չի կարող անել և չի անի՝ այդ թվում՝ գտնվելով ընտրությունների շեմին: Հայաստանը պետք է ձև ու բովանդակություն տա ԵՄ-ի այդ քաղաքական կամքին: Մեծ ուշադրությամբ կհետևենք այն օրակարգին և ուղերձներին, որոնք ՀՀ իշխանությունները կանեն Բրյուսելում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս