Բաժիններ՝

Եվրամիությունը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին՝ թույլ չտալ լարվածության սաստկացում

Եվրամիությունը կոչ է անում Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այդ մասին դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է փետրվարի 26-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում, շփման մեջ ենք մնում երկու երկրների հետ: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորն առավելագույն զսպվածություն դրսեւորեն լարվածության հետագա սաստկացում թույլ չտալու համար»,-հայտարարել է նա՝ արձագանքելով վերջին իրադարձություններին: Փետրվարի 26-ի առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Քաշմիրի պակիստանյան մասում հարված են հասցրել «Ջաիշ-ե-Մուհամադ» իսլամիստական խմբավորման խոշոր վարժական ճամբարին:

Օդային հարձակման հետեւանքով ոչնչացվել են մեծ թվով զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող փոխադրամիջոցները եւ զենքն ու զինամթերքը: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Հոքհալեն հայտարարել Է, որ կանխիչ հարվածը «միանգամայն անհրաժեշտ էր», քանի որ խմբավորումը մահապարտների մասնակցությամբ գրոհներ էր պատրաստում երկրի տարբեր շրջաններում: Բացի այդ, Նյու Դելիի կարծիքով, Պակիստանը մինչ այժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել իր տարածքում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման համար:

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականաացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս