Բաժիններ՝

«Եթե իրենց նկատի ունենայի՝ ուղիղ կասեի՝ հենց «Լիդիան Արմենիա»». Սերգեյ Բագրատյան

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել 2019թ. փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի՞ մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ…», հրապարակայնորեն հերքել:

Ընկերությունը Սերգեյ Բագրատյանից զրպարտության համար պահանջել է նաև դրամական փոխհատուցում:

«Քննարկման ժամանակ ես նշեցի, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր՝ բոլոր այս ծրագրերում: Սիլվա Համբարձումյանն էլ, լինելով հանքարդյունաբերող, ապացուցել է, որ բոլոր թույլտվությունները կաշառքով է ստացել: Երբ ասացի, որ կարծում եմ՝ «Լիդիան Արմենիան» չպետք է շարունակի շահագործել Ամուլսարը, բնականաբար, իրենց մոտ դա հակադարձ ռեակցիա առաջացրեց: Իսկ իմ խոսքից մեջբերված հատվածում ասում եմ՝ իրենցից կաշառք են վերցրել նախորդ իշխանությունները: Հիմա, եթե «իրենցից»-ի տակ հասկացել են «Լիդիան Արմենիա», ուրեմն իրենք իրենց նման գործարքի մեջ կասկածում են:

«Իրենցից»-ը չի նշանակում՝ «Լիդիան Արմենիա»: Դահլիճում քաղաքացին հարց է տվել, թե ինչո՞ւ են նման ծրագրերը կառավարության կողմից լիցենզիա ստանում, իսկ ես պատասխանել եմ, որ իրենցից կաշառք են վերցնում: Իրենցից ասելով՝ նկատի եմ ունեցել հանքարդյունաբերողներին, ու նշել, որ նախադեպ ունենք՝ 14 միլիոն դոլարի կաշառք է փոխանցվել, որի դիմաց երեք լիցենզիա են ստացել:

Հիմա, եթե դատարան է դիմել, պաշտպանելո՞ւ է կառավարությունը, որ կաշառք չի ստացել, թե՞ փորձում է իմ խոսքերն իրեն վերագրել: Եթե այդպես է, ապա դա իր սուբյեկտիվ մոտեցումն է: Ես նկատի ունեմ հանքարդյունաբերողներին, ովքեր վատ ծրագրերը կարողացել են անցկացնել կոռուպցիոն սխեմայով: Այսինքն՝ կոնկրետ պաշտոնյաներ շահագրգռված են եղել այդ ծրագրերն անցկացնել գումարի դիմաց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Բագրատյանը:

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել, քանի որ հերքում և դրամական փոխհատուցում են պահանջել, պատգամավորը պատասխանեց.

«Հենց «Լիդիան Արմենիան» է զրպարտում ինձ, որովհետև իրենց չուղղված խոսքերը վերագրել են իրենց: Հիմա, որտեղ տեսնենք՝ «իրենք» գրված, պետք է փակագծերում կարդանք՝ «Լիդիան Արմենիա՞»: Եթե իրենց նկատի ունենայի՝ ուղիղ կասեի»:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս