Կրճատումների մի մասով կառավարությունը զիջումների է գնացել

Կառավարությունում զիջումների են գնացել. նախօրեին կրճատումների սցենարի շուրջ ծավալված բուռն քննարկումներն արդյունք են տվել՝ հօգուտ պետական կառավարման համակարգի և Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմի:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում թվով մինչև 650 աշխատակիցների հավանական կրճատումների մասին:

Կառավարման օպտիմալացման շրջանակներում նորակոչ պաշտոնյաներից առաջարկ էր հնչել՝ այս նախարարության ենթակա կառույցները կրճատել՝ փոխարենը՝ գործառույթները վերաբաշխել նախարարության վարչություններին՝ թեկուզ լրացուցիչ հաստիքների ներգրավմամբ: Այդպիսով կառավարությանը մտադիր էին զրկել առնվազն 623 աշխատակցի վճարելու պատասխանատվությունից: Թիրախում հայտնվել էր նախարարության ենթակա Սոցիալական ապահովության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնը»: ՍԱՊԾ-ն լուծարելու գաղափարի հեղինակի մոտ, թերևս, պահպանվում են կառույցի հետ՝ Վազգեն Խաչիկյանի հայտնի դեպքով և գործով պայմանավորված ասոցիացիաներն ու կենսաթոշակային ֆոնդ ասվածը: Հավանաբար նա խորապես ծանոթ չի եղել այս համակարգին, պատկերացում չի ունեցել Խաչիկյանից հետո նախկին իշխանության օրոք վերակազմավորված ՍԱՊԾ-ի, Արմեն Աբրահամյանի նշանակումից հետո միայն թոշակառուների հասցեների ճշգրտումով՝ բյուջե վերականգնված 57 միլիարդ դրամի պատմության մասին:

Իսկ ծառայության կրճատման գաղափարը հանձնարարության տեսքով միանգամից տեղափոխվել էր ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ, նախարարի տեղակալներից մեկը հապշտապ քայլեր էր ձեռնարկել՝ քննարկումներ ծավալելով իր գծած պլանի շուրջ:

Հիշեցնենք, կրճատումների գենպլանում ՍԱՊԾ-ն լուծարելու կամ կրճատելու մոտեցումը պատճառաբանվում էր, թերևս, ծախսերի խնայումով միայն: Պաշտոնական օղակներից այս մասին ոչ մի փուլում այդպես էլ չհամարձակվեցին բարձրաձայն խոսել: Խուսափեցին հերքում տալ անգամ հրապարակային դաշտ նետված կարծիքներին ու թեմային վերաբերող նյութերին:

Այդուհանդերձ 168.am-ին հաջողվեց կորզել չհրապարակված տեղեկատվության մի մասը, թե ինչո՞ւ հանկարծ կառավարությունը հետքայլ արեց ՍԱՊԾ-ն լուծարելու գաղափարից:
2018թ. դեկտեմբերից ՍԱՊԾ աշխատակազմին նամակագրություններով ու կրճատման սցենարային պլանով տեռորի մեջ պահած Ֆինանսների նախարարությունը երեկ նահանջել է մարտական դիրքերից՝ գիտակցելով, որ ՍԱՊԾ-ի 623 հոգանոց աշխատակազմի գործառույթը տեսականորեն հնարավոր չէ ամբողջովին վերաբաշխել նախարարության աշխատակազմի վրա: Նշենք, որ վերջին տարիներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի քաղաքականությունը տարվում էր ՍԱՊԾ-ն ուժեղացնելու, որոշում ընդունող մարմին դարձնելու ճանապարհով, փոխարենը՝ նախարարությունն իր մասով պատասխանատվություն էր կրում բացառապես օրենսդրական մշակումների և ոլորտում վարվող քաղաքականության արդունավետության համար:

ՍԱՊԾ-ի կառավարմանն էր հանձնվել բյուջեից ոլորտին իջեցված գումարի ամբողջ ծավալը: Նշենք, որ սոցիալական թիրախային խմբերին ՍԱՊԾ-ի միջոցով բաշխվում է ավելի քան 340 միլիարդ դրամ, որը կազմում է բյուջեի տարեկան հատկացումների ավելի քան 24 տոկոսը: Բացի այդ, ՍԱՊԾ- ում են գործարկվում տեղեկատվական շտեմարանները, համակարգերը:

Իսկ միլիարդներ տալ նախարարության մեկ անձի՝ նախարարի կառավարմանը, որին նաև որոշում կայացնելու իրավասություն է տրված, մեղմ ասած, տրամաբանական չէ:

Նախարարությունն ի վիճակի չէ և չի կարող այդչափ ահռելի ծավալով աշխատանք կատարել շատ պարզ պատճառաբանությամբ՝ ՍԱՊԾ-ում ներդրված տեղեկատվական համակարգերը փոքր աշխատակազմով հնարավոր չէ պատշաճ գործարկել:

Տեղեկատվական համակարգերի բազան նաև ամենժամյա սպասարկում է պահանջում, ու որքան էլ ներդրվածն ինքնուրույն գործող խելացի համակարգեր են, միևնույն է, այդ տեղեկատվական բազան ամեն օր և պահի ինֆորմացիայի հավաքագրման կարիք ունի: Իսկ օպերատիվորեն համալրման իմաստն այն է, որ տեղեկատվական շտեմարաններում ճշգրիտ լինի երկրում գրանցված քաղաքացիների մասին ամփոփ տեղեկատվությունը, որպեսզի ամեն ամիս թոշակների, նպաստի և աջակցության ծրագրերի միջոցով պետական բյուջեից կես միլիոնից ավելի շահառուի բաշխվող 340 միլիարդը գերազանցող միջոցները հասնեն ուղիղ հասցեատերերին:

Եվ դա չի իրականացվում մեկ կամ մի քանի աշխատակցով: Սոցիալական կարգավիճակը բնորոշող տեղեկատվություն համարվում է անձի եկամտի, ունեցած անշարժ և շարժական գույքի մասին ինֆորմացիան, զբաղվածությունը, եկամտի չափը, ունեցվածքը, հաշմանդամություն ունենալ-չունենալը, կարգը, ընտանեկան կարգավիճակի բնութագիրը, ընտանիքի անդամների քանակը և նրանցից ամեն մեկի մասին առանձին-առանձին ամբողջական տեղեկատվությունը միասին վերցված: Բացի այդ, մարդկանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունները պետք է նաև փաստացի արձանագրվեն: Ամեն երեխայի ծնվելով, արտագաղթի տվյալով, մահացության դեպքով որոշիչ է դառնում բյուջեից դուրս եկող միջոցների կառավարումը: Գործազուրկ դառնալու, ամուսնալուծության հետևանքով առաջ եկող զանազան հանգամանքները սոցիալական մակարդակում իրավիճակ են փոփոխում, հետևաբար՝ անընդհատ ու ամեն ժամ փոփոխվում են սոցիալական խմբերում անձանց թիվը, փոփոխական է նաև ներբեռնվող ինֆորմացիայով պայմանավորված՝ բյուջեից դուրս եկող գումարների չափը:

Ամենապարզ ընկալման համար այսպես բնութագրենք. տեղեկատվական այդ հզոր բազաներում խորհրդային տարիներից մնացած արխիվային հսկայածավալ նյութեր են զետեղված՝ անձի աշխատանքային ստաժի, կրթության, հարկերի և այլնի մասին: Սրանք հաստափոր մատյաններից մեկ առ մեկ դատարկվել ու թվայնացվել են բազայում, պաշտպանված են, հավաստի են, դրանք ենթակա չեն անձնական միտումով խմբագրման, չեն ջնջվի, չեն վնասվի ու չեն անհետանա արտաքին ոչ մի տեսակի միջամտության պատճառով: Եվ այս ամբողջին ավելացվում է մերօրյա պատմությունն ամեն անհատի մասին:

Նպաստառու ընտանիքների ցանկն ամեն ամիս փոփոխության է ենթարկվում, ինչպես նաև երկրի կենսաթոշակառուներինը, ծննդյան նպաստ ստացողների, մահվան և կուտակային կենսաթոշակ փոխանցողներինը, զինհաշմանդամներինը, զինվորական թոշակի անցած սպայական կազմինը, և այլն: ՍԱՊԾ-ի տեղեկատվական բազան պետական կառավարման համակարգում ներդրված միասնական բազայի զգալի մասն է կազմում: Գործում են նաև Արդարադատության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, սահմանային անցակետի և պետռեգիստրի համակարգերը: Անձի մահվան, ամուսնության և ամուսնալուծության մասին տեղեկատվությունը շտեմարաններ է մուտք արվում Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից (ՔԿԱԳ): Այս մեծածավալ ինֆորմացիան պետական ծառայողներին հասանելի է ցանկացած կետից, ի հաշիվ դրա՝ կառավարման համակարգում աշխատանքներն օնլայն են, արագ, կառավարելի և թափանցիկ:

Այս աշխատանքներն իրականացվում են արդեն 4 տարի, և ժամանակ առ ժամանակ կադրային կրճատումներով են փոխհատուցվել նորարարական լուծումները: Հենց այս պատճառով է, որ այսօր օնլայն ծառայությունների սպասարկման միջոցով նպաստառուն չի տեսնում նշանակող մարմնին, և սա կոռուպցիոն ռիսկի վերացում է ենթադրում: ՏՏ նորարարական վերջին լուծումներին, ՍԱՊԾ-ում ասում են՝ քիչ է մնացել: Գուցե հենց այս պատճառով էլ Կառավարությունում զիջման են գնացել: Համակարգը լուծարելու գաղափարը հանվել է օրակարգից, առաջարկվել է կազմակերպաիրավական մակարդակում որոշակի փոփոխություններ կատարել: Այն է՝ կադրերի օպտիմալացում՝ ի հաշիվ նախարարության հետ նույնացող գործառույթներով վարչությունների ուժեղացման:

Սա, ի դեպ, բավականին մեղմ մոտեցում է՝ ի սկզբանե մտածված կադրային ջարդի սցենարի դիմաց: Ինչ վերաբերում է նախարարության մյուս ենթակա կառույցին՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնին», ապա այս կառույցի մասով քննարկումները դեռևս շարունակվում են: Քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունը հավանաբար կտեղափոխվի նախարարության ենթակայության տակ:

Հիշեցնենք` «Նորք» հիմնադրամի գործառույթը մեծապես տեղեկատվական շտեմարանների ստեղծումն է, համակարգերի ներդրումը ոլորտում և ծառայությունների սպասարկումն առցանց դարձնելը: Այսօր կենտրոնը սպասարկում է սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերը, շուրջ 6500 կտոր համակարգչային տեխնիկան և սերվերային համալիրը:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս