Սոցիալական պետական ապահովության ծառայությունը կլուծարվի. թվով 623 աշխատակիցներ կրճատման եզրին են
Կառավարությունում կրճատվող պետական կառույցների ցանկում է հայտնվել Սոցիալական պետական ապահովության ծառայությունը (ՍԱՊԾ)՝ ժողովրդին իրենց լեզվով հայտնի՝ սոցապֆոնդը: Զոհասեղանին Երևանի փոքր կենտրոնում՝ Սախարովի հրապարակում գտնվող 4 հարկանի շենքային պայմաններն են ու տարեկան 2 մլրդ դրամի հասնող աշխատավարձի բյուջեի կրճատումը:
Կարճ ժամանակում շահագրգիռ կողմերը կառավարությունում հասցրել են նույնիսկ մի քանի քննարկում ծավալել: Եվ հետաքրքրականն այն է, որ անձնակազմերի, ֆինանսների կրճատմանը միտված քննարկմանը հարկ չեն համարել հրավիրել նույն ՍԱՊԾ-ից որևէ ներկայացուցչի՝ թեկուզ միայն «դլյա գալոչկի»:
Կառավարությունն իր այս հավակնությունները մոտիվացնում է միայն մի բանով՝ ռեսուրսների օպտիմալ կառավարում: Պատճառաբանությունն էլ այն է, թե երկրի ամենամեծ գործատուն՝ կառավարությունը, իրավունք չունի այսքան կադրեր ու պետական աշխատավարձեր բաշխել: Գործադիրի՝ օպտիմալացման տակ քողարկված անգամ «փող մուրալու» նպատակը լրիվ ընկալելի կլիներ, եթե իրականում աշխատավարձեր տալ չկարողանալուն զուգահեռ՝ նույն խնայողությանը գնար վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ պետական համակարգում միլիոնավոր պարգևավճարներ թույլ չտալով և հետո դրանք չարդարացնելով, Բանակի օրվան նվիրված պետական միջոցառման համար Օպերայի և բալետի շենքի փոխարեն՝ մասնավոր տարածքի վարձակալություն չպատվիրելով, չինովնիկներին սպասարկող անձնակազմի, ամենագնացների պահպանման ծախսերի, վարորդների կրճատմանը գնալով, և այլն:
Բայց երբ խոսում են կադրերի ուռճացման մասին, պետական ռեսուրսների նպատակային ծախսի մասին՝ այս ամենի ֆոնին, մեղմ ասած՝ դժվար է հասկանալ: Նշենք, որ ՍԱՊԾ-ն լուծարելու և թվով 623 աշխատակիցների գործառույթները նախարարության նույնանուն վարչությունների վրա վերաբաշխելու պատկերացումները դեռևս միայն Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն է լիարժեք պատկերացնում ու երևի այն պատճառով, որ քրոջ՝ Կարինե Բրուտյանի համար, այդպես էլ չհաջողեց ՍԱՊԾ ֆինանսների վարչության պետի պաշտոնից դեպի ծառայության պետ առաջխաղացում ապահովել:
Ի դեպ, հենց Բրուտյանն է նաև թղթին հանձնել այս կառույցը լուծարելու կառուցվածքային փոփոխության նախագիծը, որին անվերապահորեն կտրականապես դեմ է արտահայտվել ՍԱՊԾ աշխատակազմը:
168.am-ն առաջիկայում կներկայացնի կառավարության օպտիմալացման ծրագիրը, դրա տակ թաքնված նպատակն ու հնարավոր հետևանքները, որ կարող է սպառնալ սոցծառայություն սպասարկվող շուրջ կես միլիոն շահառուներին:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ