Բաժիններ՝

«Գյուղատնտեսության քայքայման հիմնական գործընթացը տանում է Կառավարությունը, մեղքը նրա վրա է». Հրաչ Բերբերյան

«Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գարնանացանի մեկնարկի հետ գյուղացու վիճակն է՛լ ավելի է բարդանում, քանի որ նախկինում Կառավարությունը փորձում էր սուբսիդավորել՝ ինչպես դիզվառելիքը, այնպես էլ՝ պարարտանյութը։ Բայց ինչպես հետագայում պարզվել է, գյուղացուն տրվող պարարտանյութը շուկայում ավելի էժան է վաճառվում, քան պետությունը սուբսիդավորում է։

«Կառավարությունը սխալը սխալի հետևից էր անում, այսինքն՝ աշխատում էր չինովնիկների հետ՝ աշխատեցնելով «ձեռքերը տաքացնելու» տեխնոլոգիան, և հանուն գյուղացու ձեռք էին բերում պարարտանյութ, սակայն շատ անորակ։ Բայց հիմա դա էլ չկա, հազար անգամ ասել ենք, որ գյուղացու փոխարեն՝ բանկերին ֆինանսավորելը պարզապես հանցագործություն է։ Որևէ ցիվիլ երկրում բանկերին չեն ֆինանսավորում, որպեսզի դրանք մեծ զեղչերով վարկեր տան գյուղացուն։ Այ մարդ, այդ գումարը տվեք գյուղացուն»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ է պետությունը ֆինանսավորում հենց բանկերին, Հրաչ Բերբերյանը պատասխանեց, որ ավելի հեշտ է գումարը 10 հոգու մեջ բաշխել, քան, օրինակ՝ 300:

«10 հոգու հետ աշխատելը հեշտ է, դու՝ ինձ, ես՝ քեզ, սա շատ պարզ սխեմա է։ Իսկ մենք ասում ենք, 1 հեկտարի հաշվարկով եկեք գյուղացուն ֆինանսավորեք, ինչպես Վրաստանում է։ Մեր ֆերմերներից 3 հոգի արդեն հող է վերցրել Վրաստանում, որովհետև այնտեղ վարկի խնդիր չունեն»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գյուղացուն պետությունը երկրորդ հարվածը հասցրեց՝ փակելով Գյուղատնտեսության նախարարությունը։

Նրա համար անհասկանալի է, թե «ինչով են մտածում իշխանության ներկայացուցիչները»։

«Այսօր Հայաստանում Համախառն ներքին արդյունքի 25 տոկոսն ապահովում է գյուղատնտեսությունը, լավ, այդ ո՞ր խելոքն է վերցրել ու փակում նախարարությունը, որը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է, գուցե այլ խնդի՞ր ունեն, որ հայ գյուղացին լքի գյուղը։ Ինձ համար նաև անհասկանալի է այն, թե ինչպե՞ս կարող է հայ գյուղացու համար կառուցված ջրամբարը հայտնվել էներգետիկայի ոլորտը ղեկավարողի ձեռքում, ինձ սա կարո՞ղ են բացատրել։ Եթե այն ոռոգման համար է, ապա պետք է լիներ Գյուղնախարարության համակարգում։ Բայց տվել են էներգետիկներին, նրանք էլ դրանց վրա հէկ-եր են կառուցել։ Այսինքն՝ այդ ջրամբարները դարձել են էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Ո՞վ է այսօր պատասխան տալու, որ ջրամբարներում ջուր չկա։ Վստահ եմ, սկսելու են «Գյուլնազ տատու հեքիաթներ» պատմել, ասել, թե ջուրը ցնդել է, ցնդածն այդ ասողների գլուխն է, որոնք գյուղացուն միտումնավոր այս օրն են գցում»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրմանը, Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ արդեն տասը տարի է՝ ասում են, որ գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ, ուստի Կառավարությունը պետք է ունենա մինիմալ ռիսկայնություն։ Այսինքն՝ լինի կատարյալ անասնաբուժական ծառայություն, բույսերի պաշտպանության և հակակարկտային  ծառայություններ։

«Ես շատ լավ գիտեմ, թե գյուղապահովագրության համակարգից ովքեր են խոսում, ընդամենը 5-6 տարի առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձեց այդ համակարգով ամեն ինչ ձախողել։ Հիմա նույն այս կառավարությունն է ցանկանում ամեն ինչ ձախողել, փողերը լվանալու տեղը սովորել են։ Մինչև կատարյալ գյուղատնտեսություն չունենանք, ապահովագրության մասին խոսելը վաղ է։ Չնայած Գյուղնախարարությունը որ փակեն, հաջորդ տարի գյուղից այլևս չենք խոսի, շատ լավ է։ Չեմ հասկանում՝ իշխանությունում մասնագետներ չկա՞ն, թե՞ գյուղատնտեսությունը չեն սիրում։ Այսօր գյուղատնտեսության քայքայման հիմնական գործընթացը տանում է Կառավարությունը, մեղքը նրա վրա է, որովհետև ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղերը դատարկվեն»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս