Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը: Այս մասին հայտնեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից:  Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը: Ստեղծագործական առաջին քայլերը, որպես դերասանուհի, կատարել է Բաքվի Երեմյանի անվան հայկական պետական թատրոնում՝ մարմնավորելով Սոնայի դերը Շիրվանզադեի «Չար ոգիում», Ադայի դերը՝ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» բեմադրությունում`որպես Վահրամ Փափազյանի զուգընկեր:

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում ուսանելու տարիներին միակ՝ Գրիբոյեդովի անվան թոշակառուն էր: Դեռ ուսանողական տարիներից (1948 թվական), թղթակցել է ռադիոկոմիտեի լուրերի բաժնին, անդամակցել Հայաստանի  Թատերական գործիչների միությանը: 1953 թվականին ռեժիսորի կարիերան սկսել է Գորիսի, ապա՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոններում:

1957 թվականից Էլմիրա Հեքեքյանի կյանքն ընդմիշտ կապվում է հայկական հեռուստատեսության հետ. բեմադրություններ, սցենարներ, 50-ից ավելի հեղինակային հաղորդաշարեր, փաստավավերագրական ֆիլմեր՝ «Մեր տան պատիվը», «Հասմիկ» հանդես, «Վարք ու բարք», «Գեղարվեստ», «Թատերական  մանրանվագներ»,   «Թատերական հուշեր»,  «Համաշխարհային  թատրոնի  պատմության  էջերից»,  «Զրույցներ գեղագիտության  մասին», «Գեղեցիկի  աշխարհում»: Նրա հաղորդումները  մշտապես  արժանանում  էին «Շաբաթվա», «Ամսվա», «Տարվա լավագույն հաղորդում» կոչմանը:

1964 թվականին նրա նկարահանած «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է» կինոնկարն առաջին միջազգային դափնիներն է բերել հայկական հեռուստատեսությանը՝ նույն թվականին արժանանալով Համամիութենական, իսկ 65-ին՝ Պրահաի միջազգային կինոփառատոների Առաջին մրցանակներին:

«Եթերում Երևանն է» իր գրքում Ստեփան Մարուքյանը գրում է. «Էլմիրա Հեքեքյանը կարճ ժամանակամիջոցում ստեղծեց յուրօրինակ, հիշարժան հաղորդումներ, որոնք իբրև նոր խոսք գնահատվեցին հեռուստատեսային արվեստում»:

1960-ականներին երկու տեսախցիկով եռակի էքսպոզիցիա ստանալը ռեժիսոր Հեքեքյանի տեխնիկական նորարարությունն էր, իսկ Ջորդանո Բրունոյի դրամատուրգիան բացահայտելն ու նրա «Մոմակալը» պիեսը բեմադրելը՝ համամիութենական մասշտաբի իրադարձություն և  համաշխարհային պրեմիերա:

«3000-րդ  հերոսուհի  մայր»  հաղորդման համար Է. Հեքեքյանը պարգևատրվել է ՀՍՍՀ  Գերագույն  խորհրդի  պատվոգրով (1967): 

1969 թվականին Էլմիրա Հեքեքյանին շնորհվել է համամիութենական հեռուստատեսությամբ հաստատված բարձրագույն կարգի ռեժիսորի որակավորում:

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ 65 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ որպես թատերական մանկավարժ, իսկ 38 տարի անմնացորդ նվիրումով ծառայել է Հեռուստառադիոյի կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին:

Մեծ հայրենասեր Էլմիրա Հեքեքյանը պարբերաբար օգնել է Սպիտակի, Վանաձորի և Գյումրիի աղետյալներին, նեցուկ կանգնել Շահումյանի, Գետաշենի փախստականներին: Արցախյան պատերազմի հենց սկզբից Ստեփանակերտի  հանրապետական մանկական հիվանդանոցում 3000 երեխաների համար ստեղծել է կաթնախոհանոց:

Էլմիրա Հեքեքյանը 2-րդ աշխարհամարտի կամավոր մասնակից է:

Մեծապես կարևորելով անկախ Հայաստանում ապրող սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության դերը՝ Մոնթե Մելքոնյան, Փոքր Մհեր, Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանների մշտական հյուրն էր Հայաստանի Փոքրիկ երգիչների հետ միասին:

Պարգևատրվել է 14 աշխատանքային, զինվորական, հոբելյանական մեդալներով, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունների, Թատերական գործիչների միության Ոսկե մեդալներով: Երեք միջազգային  մրցույթների դափնեկիր  է, Բնական գիտությունների եվրոպական (Գերմանիա), ռուսական  և ՀՀ տեխնոլոգիական ակադեմիաների իսկական անդամ, Հեռուստատեսության և Ռադիոյի պատվավոր ակադեմիկոս:

Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով: Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, գեղեցիկը, զավակներն ու հոգեզավակը՝ Հայկական հեռուստատեսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս