Կառավարության քաղաքական և կազմակերպչական սնանկությունը

Օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ անդամ պետություններից որակավորման  բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած խորհրդատուներ կհրավիրվեն Հայաստան, որոնք երկարաժամկետ ժամանակահատվածով կկցվեն ՀՀ տարբեր գերատեսչություններին՝ աջակցելով նախարարություններին՝ առաջնահերթ ընտրված ոլորտներում կյանքի կոչելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Եվրոպական միությունը ճարահատյալ է գնացել այս քայլին՝ ֆինանսավորելով նման բարձրաստիճան խորհրդատուների գործուղումը Հայաստան, որովհետև համոզվել է, և մեր կառավարությունն էլ փաստացի ընդունել է, որ գործող իշխանությունները՝ նախարար-փոխնախարարներով հանդերձ, չունեն համապատասխան մտավոր ռեսուրս՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կյանքի կոչելու համար։

Ոչ մի ոլորտում այսօրվա դրությամբ բարեփոխում իրականացված չէ,  և Եվրոպական միության կողմից նման խորհրդատուների գործուղումը համաձայնագիրը կյանքի կոչելու համար ամենատեսանելի գնահատականն է գործող իշխանության ունակություններին։

Երեկ նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կրկին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ վերջինս հունվարի վերջին ՀՀ-ում էր։ Եվ ահա տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որը,  բացի արարողակարգային մամլո հաղորդագրությունից, ուրիշ ոչինչ չի տվել։ Հերթական անգամ նրանք խոսել են այն մասին, որ Հայաստանի կողմից համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը հունիսից մինչ օրս դեռևս վերջնականացման փուլին չի հասել։

ՀՀ իշխանությունները խոստացել էին, թեկուզև ուշացումով, բայց գոնե 2018թ. դեկտեմբերին այն ավարտին հասցնել։ Փաստորեն, Եվրամիությունը մեր կառավարության փոխարեն՝ այժմ աշխատում է ճանապարհային քարտեզը գրելու վրա, միաժամանակ ուղարկելու է բարձրաստիճան խորհրդատուների, որպեսզի իրականացնեն այդ բարեփոխումները։

Սրանից ավելի խայտառակ գնահատական գործող իշխանությունների քաղաքական և կազմակերպչական սնանկությանը՝ դժվար է պատկերացնել։

Տեսանյութեր

Լրահոս