«Մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր»

«Մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել:  Ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ:

Այս ոչ պաշտոնական ակումբը, բրիտանական դեսպանատան հովանու ներքո, մեղմ ասած, չի կարող խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է՝ որպես իր հետագա քաղաքականության ռազմավարական ուղղություն: Ուստի մենք Հայաստանի հետ հարաբերությունների որակը գնահատելու ենք միմիայն պրակտիկ գործողություններով, և ոչ՝ խոսքերով: Գործը, քայլերը, դիրքորոշումն ամենալավ ցուցիչն են լինելու, դրանք Հայաստանի հետագա ընթացքի վեկտորի ամենալավ ցուցիչն են լինելու»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Նա նաև հավելել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվեն այն խորությամբ, ինչ եղել են, ռազմավարական գործընկերության բնույթը  պահպանվի, բայց «Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից, և Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»:

«Անկեղծ ասեմ, որ ռուսաստանյան ռազմական, ուժային էլիտաների շրջանակում  Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշումը բավականին զգուշավոր է: Ժողովրդական հեղափոխության մասին խոսակցությունները լավ են ժողովրդական զանգվածների համար, որոնց պետք է ինչ-որ բան ասել: Իսկ իրականում մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր: Իսկ Ռուսաստանում հետսովետական տարածքում տեղի ունեցող գունավոր հեղափոխությունների նկատմամբ վերաբերմունքը բավականին զգուշավոր է, ուստի  կտեսնենք, թե ինչպես  Փաշինյանը կզարգացնի այդ հարաբերությունները»,- ընդգծել է նա:

Կարդացեք նաև

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս