
Սոսո Պավլիաշվիլին թողարկել է իր «Ամեն ինչ քեզ համար» նոր երգի մուլտիպլիկացիոն հոլովակը

Հանրաճանաչ երգիչ Սոսո Պավլիաշվիլին թողարկել է իր «Ամեն ինչ քեզ համար» նոր երգի մուլտիպլիկացիոն հոլովակը. սիրո մասին սադրիչ տեսահոլովակը նախատեսված է 18+ հանրության համար։
Որպես հոլովակի նկարիչ հանդես է եկել Դավիթ Սահակյանցը՝ խորհրդային եւ հայ ռեժիսոր, սցենարիստ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին:
Ինչպես նշվում է YouTube-ում կատարողի պաշտոնական ալիքում, Սոսո Պավլիաշվիլին Դավիթ Սահակյանցի աշխատանքները տեսել է, երբ նա ելույթ է ունեցել Հայաստանից հատուկ թողարկման ժամանակ Comedy Club-ին հյուրընկալվելիս:
Դրանից հետո նա անհապաղ կապ է հաստատել Դավիթի հետ: «Մենք շատ ջերմ զրույց ունեցանք, այնպիսի զգացողություն էր, որ մենք վաղեմի ծանոթներ ենք: Ես նրան ցույց տվեցի երգը եւ նույնիսկ ոչինչ չասացի այն մասին, թե ինչ եմ ցանկանում տեսնել հոլովակում, քանի որ լիովին վստահեցի նրա ճաշակին ու չսխալվեցի»,-անկեղծացել է Սոսոն:
Ինչպես նշվում է, «Ամեն ինչ քեզ համար» երգը եւ հոլովակը շատ հուզիչ են ստացվել: Երաժշտության հեղինակը Սոսո Պավլիաշվիլին է, խոսքերի հեղինակը՝ Վասիլի Տկաչուկը: Ինչպես եւ իր կոմպոզիցիաներից շատերը, այս երգը Սոսոն նվիրել է կանանց ու նրանց լավ տրամադրությանը: