Ո՞վ է վճարելու մայրաքաղաք Երևանի պարտքը: Քաղաքապետարանն օրե՞նք է խախտել
Երբ դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը, այն բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Հիմնական խնդիրը ծախսերի անհամաչափությունն էր մայրաքաղաքի ներկայիս խնդիրների ենթատեքստում: Սակայն, ծախսերից բացի, կար ևս մի կարևոր խնդիր, որին մենք անդրադարձել էինք դեկտեմբերի 22-ին հրապարակված վերլուծականում: Խոսքը գնում է Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտի մասին, որը նախորդ տարիների համեմատությամբ ավելի մեծ է:
Ինչպես երևում է գծապատկերից, 2014թ. Երևանի բյուջեի պակասուրդը կազմել էր 400 մլն դրամ: Հետագա տարիներին այս ցուցանիշը շարունակաբար ունեցել է նվազման միտում՝ 2018թ. հասնելով մինչև 48 միլիոն դրամի: Սակայն, ի հեճուկս այդ նվազման, 2019թ. Երևանի բյուջեի պակասուրդը նախատեսվում է հասցնել 1 միլիարդ 269 միլիոն դրամի: Ընդ որում, միայն 2019թ. նախագծով նախատեսված ցուցանիշն ավելին է, քան վերջին 5 տարիների բոլոր ցուցանիշների հանրագումարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքը կառավարման իր տեսակով հանդիսանում է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) բաղկացուցիչ մաս, ապա այս պակասուրդը տարեվերջին կամ վերածվում է մայրաքաղաքի համար պարտքի, որը հետագայում պետք է վճարի քաղաքապետարանը, կամ էլ ֆինանսավորվում է ազատ մնացորդի կամ այլ եկամուտների հաշվին:
Անդրադառնալով նախորդ տարիների դեֆիցիտի ֆինանսավորման հարցին, պետք է նշենք, որ մայաքաղաքի նախորդ տարիների բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվետվությունների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ նախորդ տարիների բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվել է տարեվերջի դրությամբ ազատ ֆինանսական միջոցների հաշվին: Արդյունքում, 2018թ. տարեվերջի դրությամբ Քաղաքապետարանը, որպես այդպիսին, պարտք չի կուտակել:
Իրավիճակը լրիվ այլ է 2019թ. համար: Նախ և առաջ՝ տարբերությունը կայանում է նրանում, որ այս տարվա բյուջեում 1.269 մլրդ դրամ պակասուրդը՝ ի տարբերություն նախորդ տարիների, հանդիսանում է վարկային ծրագիր, որը տրամադրվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից, «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման նպատակով (Բյուջետային ուղերձ, էջ 36):
Արդյունքում, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 72-րդ հոդվածի 7-րդ կետի՝ Երևանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք դեկտեմբերի 21-ին հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ներկայացնել նախ և առաջ նախորդ տարիների պակասուրդի մարումների վերաբերյալ տեղեկատվություն և պարզաբանել, թե արդյոք այս տարվա պարտքի համար կազմվե՞լ է վերոնշյալ օրենսդրական պահանջի համապատասխան ծրագիր, և եթե՝ այո, ապա տրամադրել պատճենը կամ հղում՝ համապատասխան ռեսուրսին: Հունվարի 15-ին քաղաքապետարանից ստացանք պատասխան, որում մասնավորապես նշված է, որ 01.01.2019թ. դրությամբ բոլոր պարտավորությունները մարվել են, և Երևան համայնքը պարտքեր չունի, ինչը լիովին համընկնում է վերը ներկայացված մեր վերլուծության հետ:
Միաժամանակ քաղաքապետարանը հղում անելով նույն օրենքի 73-րդ հովածին՝ նշել է, թե ինչի հաշվին է մարվում պակասուրդը: Սակայն մեր հիմնական հարցն այն մասին էր, թե արդյո՞ք քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակել է 2019 թվականի բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:
Այս հարցին քաղաքապետարանը չի պատասխանել, ինչը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ, այնուամենայնիվ, այդպիսի ծրագիր առհասարակ գոյություն չունի, և քաղաքապետարանը՝ ի դեմս գործող քաղաքապետի, թույլ է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում:
Իսկ թե երբ, ինչպես և ում կողմից է վճարվելու 1 միլիարդ 269 միլիոն դրամ պարտքը, թերևս մնում է հարցական: Որպես ամփոփում՝ մնում է հիշել, որ Երևանի ավագանու ընդիմադիր խմբակցություններից մեկը պատրաստվում էր դատի տալ քաղաքապետին՝ ոչ թափանցիկ աշխատանքի և տվյալները չտրամադրելու համար, և եթե դատի տալու ցանկությունը նրանց մոտ դեռևս չի մարել, ապա այս վերլուծականն իր բովանդակությամբ հենց օրենքի խախտման բացահայտում է և դատարան մտնել ցանկացող ընդդիմության համար՝ «երկաթե հաղթաթուղթ»:
Հայկ Բեջանյան