Բաժիններ՝

Հայկ Մարությանը Երևանի քաղաքի պարտքի բեռն ընդամենը 1 տարում ավելացնում է 1.26 միլիարդ դրամով. «Շռայլ բյուջե 2019»

Երբ այս տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ դրեց «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, այն որակվեց՝ որպես զգուշավոր, իսկ կառավարության մոտեցումն էլ իր բովանդակությամբ առավել խնայողական էր: Խնայողական կոնտեքստում է նաև 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող ամսական հաշվետվությունների, 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 34.8 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի (161.1 մլրդ դրամ) 21.6%-ը, որը 92.2 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Արդեն այս տարվա դեկտեմբերին հրապարակվեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը, սակայն, ոչ զգուշավորության և, առավել ևս, ոչ էլ խնայողությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ընդհակառակը, եթե պետական բյուջեի պես՝ փորձենք այլ անվանում մտածել Երևանի բյուջեի մասին, ապա վերջինս, անկասկած, կստանա «Շռայլ բյուջե 2019» տիտղոսը:

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում եկամուտները նախատեսվել են 83 077 մլն դրամ, որը 3.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: 2019 թվականին ծախսերի մասով ևս առկա է ավելացում: Եթե 2018 թվականի բյուջեի նախագծով ծրագրվել էր 80 238 մլն դրամ, ապա 2019 թվականի Երևան քաղաքի բյուջեի նախագծով այդ թիվը կավելանա ևս 5.1 տոկոսով և կկազմի 84 347 մլն դրամ: Թե ծախսային ո՞ր հոդվածներով է նախատեսված ավելացումները, արդեն բազմիցս խոսվել է թե՛ վերլուծաբանների կողմից, և թե՛ Երևանի ավագանու նիստերում:

Արդյունքում՝ պետք է փաստենք, որ վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ մայրաքաղաքի հիմնական ֆինանսական փաստաթղթում եկամուտների և ծախսերի աճը համաչափ չի եղել, և ավանդական «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր» սկզբունքը չի պահպանվել առհասարակ, որի պատճառով 2019 թվականի բյուջեի նախագծում ունենք պակասուրդի աննախադեպ բարձր մակարդակ: Համաձայն Երևան քաղաքի բյուջեի նախագծին կից ներկայացված բյուջետային ուղերձի, 1 միլիարդ 269 միլիոն դրամ պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել հիմնականում Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ քաղաքապետարանը 1.12 միլիարդ դրամի վարկ կստանա:

Ինչպես երևում է գծապատկերից, 2014թ. Երևանի բյուջեի պակասուրդը կազմել էր 400 մլն դրամ: Հետագա տարիներին այս ցուցանիշը շարունակաբար ունեցել է նվազման միտում՝ 2018թ. հասնելով մինչև 48 միլիոն դրամի: Սակայն, ի հեճուկս այդ նվազման, 2019թ. Երևանի բյուջեի պակասուրդը նախատեսվում է հասցնել 1 միլիարդ 269 միլիոն դրամի: Ընդ որում, միայն 2019թ. նախագծով նախատեսված ցուցանիշն ավելին է, քան վերջին 5 տարիների բոլոր ցուցանիշների հանրագումարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքը կառավարման իր տեսակով հանդիսանում է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) բաղկացուցիչ մաս, ապա այս պակասուրդն իր ամբողջ ծավալով վերածվում է մայրաքաղաքի համար պարտքի, որը հետագայում պետք է վճարի քաղաքապետարանը: Թե որքա՞ն է կազմում Երևանի պարտքն այսօր և ե՞րբ ու ինչպե՞ս է վճարելու քաղաքապետարանը, ուսումնասիրության առանձին թեմա է, որին կանդրադառնանք։

Սակայն, եթե վերոնշյալ երևույթը դիտարկենք հին ու նոր քաղաքային իշխանությունների համեմատության կոնտեքստում, ապա կփաստենք, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքի պարտքի բեռն ընդամենը մեկ տարում ավելացնում է 1.26 միլիարդ դրամով, որն ավելին է, քան նախկին քաղաքապետի՝ վերջին 5 տարիներում կուտակված պարտքի ծավալը:

Իսկ թե որքանով արդյունավետ կլինի ներգրավված 1.2 մլրդ դրամ պարտքը, և ի՞նչ փոփոխություններ այն կբերի երևանցիների կյանքում, ցույց կտա ժամանակը, բայցև պետք է չմոռանանք, որ որքան հաճելի է վարկով վերցված միջոցները ծախսելը, նույնքան տհաճ ու դժվար է այդ պարտքը փակելը: Հուսանք, մոտ ապագայում նման տհաճություններ չենք ունենա:

Հայկ Բեջանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս