Որքան գեղեցիկ է պարտքը
Նորից «Գազպրոմ Արմենիան» լրատվական հիմնական հերոս ու թեմա է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախազգուշացրել է այս ընկերությանը: Պատճառը, լայն իմաստով, համարյա գերիրապաշտական է: Այս հիմնարկությունն ուշացրել է Հանձնաժողովին ներկայացվող հաշվետվությունը Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի 2018թ. նոյեմբերի գործունեության մասին: Մամուլն ու ոլորտի փորձագետներն առաջին տարին չէ, որ «Գազպրոմ Արմենիայի» ետևից են ընկել: Պարզապես վերջին 6-8 ամսում այդ գործին նաև իշխանություններն են լծվել:
Ի դեմս կառավարության: Հասարակությունը երկար (ու ինչպես հետո պարզվեց` իզուր) սպասում էր գազի սակագների նվազմանը: Անցած ամռանն ով չէր ալարում՝ վերլուծում ու հաշվարկում էր, որ գազի գինը բնակչության համար կարող է նվազել 20 դրամով: Իշխանությունները համարյա խոստանում էին, որ դա հնարավոր է ներքին վերահաշվարկների հաշվին: Եթե չեմ սխալվում՝ նշվում էր, որ համապատասխան հանձնաժողով է ձևավորվել այդ նպատակով:
Բայց պարզ չեղավ՝ իրականում կա՞ր, թե՞ ոչ նման հանձնաժողով: Փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց կարծիք, որ գազը կէժանանա նաև սահմանին: Հետո պարզվեց, որ այս տարվա սկզբից գազը սահմանի վրա թանկացավ 10 տոկոսով (կամ`15 դոլարով): Իշխանություններն արագ խոստացան, որ գազն էժանանալու հեռանկարը հետաձգվում է, ու որպես բարի լուր՝ ասացին, որ ներքին սպառողների համար սակագինը չի բարձրանա:
«Ո՞վ և որտեղի՞ց է վճարելու 15 դոլարը» հարցը մնաց անպատասխան: Ավելի ճիշտ՝ իշխանությունները պնդում էին, որ գազամատակարար ընկերությունն այն կվերցնի իր վրա: Իսկ «Գազպրոմ Արմենիան» լռում էր: Երեկ պարզ դարձավ, որ այս հիմնարկությունն առայժմ բանակցությունների մեջ է: Ավելին՝ պարզվում է, որ կառավարության հետ բանակցությունները կարող են շարունակվել երկու ամիս: Հակառակի պես՝ մեր երկրում գազի սպառման պիկը հենց տարվա առաջին ու վերջին եռամսյակների հետ է համընկնում: Ու այդ հարցում մենք ոչ մի մեղք չունենք:
Դրա պատճառն այն տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն են, ուր գտնվում է մեր երկիրը: Ի՞նչ գիտենք մենք գազի սակագնի մասին: Սահմանին նախկինում 150 դոլար արժեցող գազը բնակիչներին մատակարարվում էր 290 դոլարով, խոշոր սպառողներին (ամսական 10 հազար խորանարդից ավելի սպառողներ)` 242 դոլարով, իսկ ջերմոցներին ու վերամշակող ընկերություններին՝ 212 դոլարին համարժեք գումարով:
Փաստորեն, բնակիչների համար ներքին շուկայում գազի գինը համարյա կրկնապատկվում էր, իսկ մյուս սպառողների համար` թանկանում 40 տոկոսի չափով: Հիմա այս թվերը մնացել են նույնը՝ բացառությամբ առաջինի: Սակագնի մասին գիտեինք նաև, որ այն իր մեջ ներառում է չորս տոկոսանոց կորուստ, ինը տոկոսանոց սպասարկման ծառայության վարձ, վեց տոկոսանոց շահութաբերություն և 3 տոկոսանոց մաշվածություն: Այս թվերը, որ ժամանակին, կարծեմ, ընդունվել են ՀԾԿՀ կողմից՝ չափազանց համեստ են: Այս թվերից պարզ հաշվարկելի է, որ խնայողության որևէ աղբյուր չկա: Եթե, իհարկե, մոռանանք վերջին շաբաթների մեր սիրելի զբաղմունքը: Խոսքն ուրիշի գրպանի փողերը հաշվելու մասին է, որ «մոդա ընկավ» պարգևավճարների թեմայից հետո:
Գազի սակագնի հաշվարկի մեջ ներառված տոկոսների մեջ այդ հիմնարկի աշխատավարձի տոկոսը նշված չէ: Հետևաբար՝ կարելի է հասարակության ուշադրություն-զայրույթն ուղղել այդ թեմային: Բայց այն միմիայն բացասական հետևանքներ կարող է ունենալ: «Գազպրոմ Արմենիան» ռուսական դուստր ընկերություն է, և այդ հիմնարկում աշխատողների որակի մասին հրաշալի տեղեկացված են «մայր» ընկերությունում:
Պարզ է, որ «Գազպրոմ Արմենիայի» որակյալ աշխատուժը (մասնագետ ինժեներներից՝ մինչև տնտեսագետ ու իրավաբան) շատ արագ կարտագաղթի ՌԴ-ում և այլ երկրներում գործող կառույցներ: Եթե փորձեր արվեն սակագինը պահել նրանց աշխատավարձերի նվազեցման հաշվին:
Փաստորեն, պատային իրավիճակ է` կորուստները, ցավոք, օբյեկտիվ երևույթ են, և այս պարագային՝ շատ փոքր՝ 4 տոկոսանոց բաժին ունեն: Մաշվածքի փոխհատուցումից (այն նույնպես փոքր է`3 տոկոս) հրաժարվելը կհանգեցնի համակարգի տեխնիկական վիճակի վատթարացման, որի շտկելը հետագայում անհամեմատ ավելի շատ փող կպահանջի: Այսպիսին է սակագնի ձևավորման պաշտոնական նկարագիրը:
Ու հավանաբար այդ պատճառով է, որ արդեն մի ամիս ձգձգվող ՀՀ կառավարություն-«Գազպրոմ Արմենիա» բանակցություններն անլուր են: Որբի ճակատագրի նման: Ու պարզվում է, որ դրանք դեռ երկու ամիս էլ կձգվեն:
Մի քանի կառավարություն առաջ գազի սակագնի լուծման հարցերը նմանատիպ մեթոդներով հետաձգվեցին: Հետևանքները տխրեցնող էին: Պատկերը կկրկնվի, եթե շարունակենք բութ ուժի մեթոդով կարգավորել հարցը: Շատերն են կարծում, որ սակագինը պահպանել (կամ՝ նվազեցնել) հնարավոր է միմիայն ՌԴ-ի հետ արտաքին բանակցությունների հարթակում: Այլապես կրկին պարտքեր կկուտակվեն: Իսկ պարտքը, գիտեք, վճարելով է գեղեցիկ: