Բաժիններ՝

«Հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտքից…»

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինպես հայտարարեց,  առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։

1999թ․ մայիսին  ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է․«Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:»

Այստեղ մի պատմություն պիտի պատմեմ։ 1999թ․ փետրվարից աշխատում էի Երևանի Դ․Դեմիրճյանի անվան թ․27 դպրոցի տնօրեն։ Այդ թվականի մայիսին ընդունվեց «Կրթության մասին» օրենքը և ես Երևանի տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարեցի, քանի որ թե՛ ՀՀ «Կրթության մասին» օրենքը, թե՛ այն ժամանակվա շատ ավելի ճկուն ուսումնական պլանը թույլ էին տալիս ընտրովի առարկաներ ներդնել,  դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշել է 1-12-րդ դասարաններում ուսումնական պլանում ընդգրկել նոր առարկա, որը մենք կոչեցինք «Քրիստոնեական կրթություն»՝  ներկայացնելով համապատասխան ծրագրերը, դասագրքերն ու Արարատյան թեմում 2 տարի վերապատրաստված ուսուցիչների տվյալները։

Բեմում նստած ոչ մի պաշտոնյա չառարկեց ու 1999թ․ սեպտեմբերի 1-ից առարկան մտավ մեր դպրոցի դասացուցակ  ու աղանդավորների՝ հատկապես հիսունականների և եհովայի վկաների կողմից սկսվեց հարձակում դպրոցի վրա, բանը հասավ դատախազություն։  Դպրոցը գտնվում էր Չարբախում ու պարզվեց, որ այդ թաղամասում շատ տարածված են այս աղանդները։ Ինչևէ, այդ աղանդներին հարող ծնողների հետ պայմանավորվեցինք, որ այդ դասերը կամավոր են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները մասնակցեն այդ դասերին, դիմում կգրեն, կազատվեն, բայց այդ ժամին երեխայի բացակայության պատասխանատվությունը դրվում է ծնողի վրա։ Այդպիսի դիմում գրեց 1 ծնող, որի երեխան չէր մասնակցում դպրոցական ոչ մի միջոցառման։ Այդ երեխան դպրոցում սովորեց ևս 4 տարի ու ոչ միայն ինքը, այլև ամբողջ ընտանիքը, 10-րդ դասարանի վերջում Հայ առաքելական եկեղեցին ընդունող քաղաքացիներ դարձան։ Վերջում էլ ամբողջ ընտանիքով մասնակցեցին ավարտական խնջույքին։

Ինչո՞ւ եմ սա պատմում, որպեսզի օրինակի վրա ցույց տամ, թե աղանդների տարածման դեմ  որքան կարևոր է  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մուտքը դպրոց և այս կրթությունը չվնասեց ո՛չ աթեիստ, ո՛չ էլ այլադավան  ընտանիքների երեխաներին ճիշտ այնպես, ինչպես այն առարկաները, որոնք ծնողների կարծիքով, անհրաժեշտ չեն իրենց երեխաների ապագայի համար։ Դպրոցում նույն տարում ու միաժամանակ ներդրվեցին քաղաքացիական, ներառական և քրիստոնեական կրթության հենասյուները, որոնք իրար փոխլրացնելով դպրոցում հաստատեցին հանդուժողականության  այնպիսի մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, կարողանում էր ինքնադրսևորվել ու կայանալ, ստանալ իր կարողություններին համապատասխան գիտելիքներ, ի ցույց դնել իր շնորհներն ու իր մասնակցությամբ հարստանալ ու հետաքրքիր դարձնել իր միջավայրը։

Սա իմ փորձով ձեռք բերված համոզմունք է,  ի շահ երկրի կայուն ապագայի՝ հավատալ ազգային ինքնությանդ, պաշտպանել յուրաքանչյուրի  սահմանադրական իրավունքն ու անշահախնդիր ծառայել։ Հետագայում մեր պետությունը  որդեգրեց այս քաղաքականությունը  Սահմանադրությամբ։

Անցնենք առաջ։  Թե՛ 2005թ․, թե՛ 2015թ․  Սահմանադրությամբ ամրագրված է․

Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2005թ․ Սահմանադրության ընդունումից հետո,  2007թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ ամրագրվեց․

« 3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:»

ՀՀ կառավարության 28․07․2011թ․ N1088  որոշմամբ հաստատվեց «Հանրակրթության Պետական չափորոշիչ» նորմատիվ փաստաթուղթը, որով   միջին դպրոցի ծրագրի «Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

«4) ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունմանը. 5) այլ ժողովուրդների մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորմանը.  6) ազգային ինքնագիտակցություն ունենալուն. 7) մարդու և քաղաքացու իրավունքները հարգելուն և դրանք պահպանելու համար պայքարելու պատրաստակամությանը: Հետագայում այս փաստաթղթի բարելավված նախագծում,  արդեն ըստ բնագավառների, գրված է․ «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն (նաև «Ազգային երգ ու պար»)» առարկաներով, 5-9-րդ դասարաններում՝ «Հայոց եկեղեցի և մշակույթ» առարկայով: «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 10-12-րդ դասարանում ներկայացվում է «Արվեստի պատմություն և գեղագիտություն» (կարող է ներառել նաև արվեստի որևէ տեսակի գործնական դասընթաց), 10-րդ դասարանում՝ «Բարոյագիտություն» և 11-րդ դասարանում՝ «Ազգային մշակույթը և Հայոց եկեղեցին» առարկաներով:

Կարդացեք և կհամոզվեք, թե որքան անտեղի են  այսպիսի հարցադրումները․ Հայաստանն աշխարհիկ պետությու՞ն է, խղճի ազատությունը հարգվո՞ւմ է, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվո՞ւմ են, քահանան դպրոց պետք է մտնի՞, աթեիստները, այլադավանները հայ չե՞ն։

Սոցիալական ցանցերում այս թեմայով հնչող հարցերի պատասխանը տալիս է Պետական չափորոշիչը, որտեղ գրված է․ «Հայ եկեղեցու պատմություն»  առարկայի նպատակները, ըստ էության, պահպանում են հանրակրթության աշխարհիկ բնույթը, ինչպես օրինակ՝ «ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք ունենալու պահանջը, ինչը քաղաքացիական հասարակության զարգացման էական պայման է։»

Չնայած հոդվածը երկարում է, սակայն մեր մտահոգ քաղաքացիների համար մեջբերում եմ Պետական չափորոշչի Հայ եկեղեցու պատմություն առարկայի նպատակները, որպեսզի ասեք, թե էդ ի՞նչ վտանգավոր, հակաժողովրդավարական, մարդու իրավունքներին դեմ նախադասություններ կան այնտեղ գրված։

Հիմնական դպրոց-ծանոթացնել քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքներին և դրանց հաղորդակից դարձնելու միջոցով նրա մեջ դաստիարակել բարություն, ընկերասիրություն, հավատարմություն, հարգանք ծնողների և ավագների նկատմամբ, աջակցել կարևորելու հոգևոր-ազգային կառույցի դերը հայոց պատմության մեջ,  իմանալ և հարգել սեփական ավանդույթները, տոները,  ձևավորելու աշխարհայացքային  պատկերացումներ, ընդլայնելու մտահորիզոնը,  ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք,  հաղորդել գիտելիքներ Հայոց եկեղեցու համակարգված պատմության, ազգային գրականության հիմնական ուղղությունների վերաբերյալ, հարգել համաքաղաքացիներին և հայրենակիցներին, օգնել կարևորելու ընտանեկան և հասարակական կյանքում իրավունքների և պարտականությունների փոխկապվածության, քաղաքացիական հասարակության մեջ իրավունքների և պարտականությունների գիտակցման նշանակությունը

Ավագ դպրոց- սովորողի մոտ ձևավորել մշակութաբանական գիտելիքներ հայոց ավանդական արժեքների, հոգևոր-ազգային մշակույթի վերաբերյալ,  հոգևոր-ազգային մշակույթի պատմական տարածության մեջ նպաստել անհատի ինտեգրմանը, որը կնպաստի նրա պատմական գիտակցության ձևավորմանը, սովորողի մոտ դաստիարակել  հարգանք նախնիների, հայրենիքի պատմական անցյալի նկատմամբ, ձևավորել աշակերտի մեջ հարգանք, բարեխիղճ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, նպաստել աճող սերնդի հոգևոր-ազգային, բարոյական նկարագրի ձևավորմանը,սովորողներին պատրաստել հետագայում հայագիտական կրթություն ստանալու և համապատասխան մասնագետ դառնալու ուղղությամբ:

Ինչպես տեսնում եք  ավագ դպրոցում ուղղվածությունը բարոյագիտությունն է։

Այս բառի հետ կապված արժե հիշել, որ 2015 թվականի Սահմանադրության մեջ «Բարոյականություն» բառը, ի տարբերություն նախորդների,  հանդիպում ենք մի քանի տեղ։ Ցանկացած իրավական փաստաթուղթ ունի բառարան, որտեղ գրվում են այնտեղ օգտագործվող մասնագիտական բառերի բացատրությունները, սակայն այս բառի բացատրությունն այնտեղ չկա, որովհետև ենթադրվում է, որ այդ բառի հետ մարդը ծանոթ է մանկուց, դպրոցից։ Հիրավի, ծանոթ են բառին, սակայն նրա բովանդակությանը՝ ոչ բոլորը, որովհետև բարոյականության հիմնաքար Քրիստոնեության ոսկե կանոնի մասին՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր մարդիկ քեզ հետ վարվեն, չի դասավանդվում ոչ մի դպրոցական դասագրքով, բացի Հայ եկեղեցու պատմություն դասագրքից՝ 5-րդ դասարանից սկսած, իսկ ավագ դպրոցի դասագրքերում ամբողջ գլուխներ են նվիրված բարոյագիտությանը և իհարկե կախված այդ առարկան դասավանդող մանկավարժի որակից, աշակերտները պետք է խոսեն, բարոյականության տեսակետից վերլուծեն, կարծիքներ ասեն բարոյականության հետ անհամատեղելի մեզանում տարածված երևույթների մասին ու այդ դասերը դասղեկական ժամերին կարող է վարել  հոգևորականը, դա թույլ է տալիս վերոնշյալ Օրենքը։

Անհնար է, որ այդ դասերը դրոշմ չդնեն մեր աշակերտների, ապագա քաղաքացիների բարոյական նկարագրի վրա։ Հենց երեկ մի նամակ եմ ստացել նախկին մի աշակերտից, ով հիմա պետական ծառայող է։ Նա նշում է, թե իր այսօրվա դիրքի ու նկարագրի համար որքան կարևոր էր դպրոցական տարիներին իր ստացած քրիստոնեական կրթությունը։ Էլ չեմ ասում, թե ազգային ինքնության ճանաչողության տեսակետից որքան կարևոր է այս առարկան, անկախ նրանից երեխայի ծնողները աթեիստ հայեր են, թե՞՝ այլադավան։ Վերջում աղոթքի մասին, ի վերջո բոլոր մարդիկ, խոստովանեն, թե՝ չխոստովանեն, նույնիսկ աթեիստները, իրենց կյանքի դժվարի պահերին աղոթում են, անկախ իրենցից մտքում ասում են․ «Աստվա՜ծ իմ»։ Դրանից  պետք չէ վախենալ, դա էլ պետք է սովորել, իհարկե կամավոր սկզբունքներով, ինչպես ասում է օրենքը։

Մենք՝, հայերս,  մեր գենի հետ շատ ավելի հարուստ ժառանգություն ենք ստացել։ Պետք է տեր կանգնենք այդ ժառանգությանը։

Այնպես որ, խնդրում եմ հեռու մնացեք այս առարկան դպրոցական ուսումնական պլաններից հանելու մտքից,, դա չի բխելու ո՛չ մեր գործող Սահմանադրությունից, ո՛չ Օրենքներից և ոչ էլ Հայաստան ու Արցախ միասնական պետականության կայացման, ամրացման  ու  հավերժության շահերից,  մեր եսակենտրոն ժամանակներում  մեզանում գլուխ բարձրացնող բազմաթիվ անբարոյական երևույթներ կկանխվեն նաև ա՛յս կրթությամբ, որի արդյունավետությունը դեռևս հեռու է գրված չափորոշիչներից։ Ա՛յ, սա խնդիր է, արժե ա՛յս մասին լրջորեն մտահոգվել ու սթափվել։

Հ․Գ․ Ուզում եմ իմանաք․ պապս  Ավետարանական եկեղեցու Պատվելի է եղել, 1950-ականների սկզբին իր համախոհների հետ Սովետական Հայաստանում հիմնադրել է Նար Դոսի փողոցի վրայի Ավետարանական եկեղեցին։ Հարգում եմ բոլոր կրոնները, բայց ամենից շատ հարգում  եմ իմ ազգային ինքնությունը, որն, ինձ համար, պայմանավորված է ոչ միայն լեզվով, մշակույթով, այլև Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր անդամ լինելով։ Կարող եք չհամաձայնվել, դա էլ ձեր իրավունքն է։

Անահիտ Բախշյան
Հանրային Խորհրդի անդամ
03․02․2019թ․

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս