Տարին ամփոփում ենք 5.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով

Վերջապես եկավ երկար սպասված հունվարի 31-ը, և Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Արդյունքում՝ դեկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է տնտեսական ակտիվության այս տարվա4-րդ եռամսյակի ամենաբարձր ցուցանիշը:

Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի դեկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 6.4 տոկոս:

Արդյունքում՝ 2018 թվականի տարեկան արդյունքներով՝ ՏԱՑ-ը կազմել է 5.8 տոկոս, նախորդ ամսվա նկատմամբ արագանալով 0.1 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել Ծառայությունների ոլորտի արձանագրած բարձր աճով, իսկ բացասական ցուցանիշ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության բովանդակությունը, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից՝ դեկտեմբեր ամսին առավել մեծ բացասական նպաստում է ունեցել գյուղատնտեսության ոլորտը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով -2 տոկոսով: Արդյունքում՝ ոլորտի տարեկան կուտակային ցուցանիշը 10 ամսվա կտրվածքով կազմել է -7.6 տոկոս:

Դեկտեմբեր ամսին կրկին անակնկալ է մատուցել արդյունաբերության ոլորտը՝ արձանագրելով բավականին բարձր աճի ցուցանիշ: Ինչո՞ւ է անակնկալ, որովհետև ինչպես բազմիցս նշել ենք, նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի չի գործում Թեղուտի հանքավայրը, իսկ հոկտեմբեր ամսվա կեսերից կասեցվեցին նաև Ալավերդու գործարանի աշխատանքները:

Այս ամենի արդյունքում՝ արդյունաբերության ոլորտն արձանագրեց բավականին բարձր ցուցանիշ՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ աճելով 5.5 տոկոսով, որն առաջին հայացքից և վերը թվարկված հանգամանքների պարագայում կասկածելի է թվում, սակայն այս առումով վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն՝ երբ Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվեն ոլորտի ճյուղերի թողարկումների ծավալները, և միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե որ ճյուղերի հաշվին է ապահովվել նման աճ, և ինչով էր պայմանավորված այս անակնկալը:

Շինարարության ոլորտում շարունակվում է դանդաղումը, և ամսական աճը նախորդի տարվա նույն ամսվա համեմատ մոտենալով նվազագույնին՝ կազմել է 1.2 տոկոս: Վերջինս 1.0 տոկոսային կետով նվազեցրել է ոլորտի տարեկան թողարկումների աճի ցուցանիշը՝ 5.5-ից հասցնելով 4.5-ի:

Համեմատաբար կայուն վիճակը շարունակվում է առևտրի ոլորտում: Դեկտեմբեր ամսվա արդյունքներով՝ աճը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ կազմել է 4.8 տոկոս, ինչի շնորհիվ տարեկան աճի ցուցանիշը դանդաղել է 0.5 տոկոսային կետով՝ մոտենալով 7.7 տոկոս ցուցանիշի մակարդակին:

2018 թվականի ընթացքում ամենաբարձր աճի ցուցանիշն է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Եթե նախորդ ամիս ոլորտի աճը կազմել էր 17.5 տոկոս, ապա արդեն դեկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ոլորտի աճը կազմել է 22.2 տոկոս, ինչը նաև արագացրել է տարեկան աճի ցուցանիշը 0.4 տոկոսային կետով՝ այն հասցնելով 18.8 տոկոսի մակարդակին:

Ամփոփելով օպերատիվ հավաքագրված ցուցանիշները՝ նշենք, որ բացասական ցուցանիշներ են արձանագրվել նաև արտահանման և ներմուծման ուղղություներով: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 5.6 տոկոսով: Նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 10.6 տոկոսով, իսկ ներմուծումը կրճատվել է 3 տոկոսով: Արդյունքում՝ արտաքին առևտրաշրջանառության տարեկան ցուցանիշի աճը դանդաղել է՝ կազմելով 16.4 տոկոս, իսկ արտահանման և ներմուծման տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար՝ 7.8 և 21.1 տոկոս:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս