Ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման հետ կապված դեռևս հստակ որոշում չկա
«Մեր հանդիպումների արդյունքում ձևավորվել է փոխադարձ վստահության մթնոլորտ, և հանդիպումները շարունակվելու են, որովհետև օրակարգում կան մի քանի որոշման նախագծեր։ Մեր գործընկերներին հնարավորություն ենք տվել, որպեսզի իրենք ոլորտի մյուս տնտեսվարողների հետ քննարկումների արդյունքում բերեն ոլորտի միասնական դիրքորոշումը։ Ունենք կոնսենսուսային մի քանի որոշումներ, որոնցից որևէ մեկի ընտրության դեպքում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները կհամարեն, որ իրենց շահերը ոտնահարված չեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ռեստորանների կողմից բարձրաձայնված այն խնդրին, որ շրջանառության հարկի բարձրացումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ռեստորանային բիզնեսի զարգացման համար, որի հետևանքով իրենք ևս կարող են բարձրացնել մատուցվող ծառայությունների գները։
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ռեստորաններն ընդհանուր պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։
Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020թ. 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս։
Այս առթիվ Հայաստանի ռեստորանների միությունը հունվարի 3-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 1 օրով կփակեն ռեստորանների դռները՝ ի նշան բողոքի։
Սակայն հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր միության մի շարք ներկայացուցիչների, որի ընթացքում քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ շրջանառության հարկի բարձրացման հետ կապված խնդիրները։
«Տարբերակներից մեկն այն էր, որ շրջանառության հարկի 10 տոկոսի բարձրացումը կիրառվի ոչ թե 2020 թվականին, այլ, օրինակ՝ մի քանի տարի հետո, այն պայմանով, որ մենք կստեղծենք այնպիսի իրավիճակ, երբ գնումների գործընթացն ավելի պատշաճ կփաստաթղթավորվի։ Մեր տնտեսվարողների բողոքը, ըստ էության, կապված է այն խնդրի հետ, որ ոչ բոլորն են ցանկանում և պատրաստ փաստաթղթավորել իրենց գործառույթները, իսկ իրենք շահագրգռված են, որ լինի փաստաթղթավորում։ Որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի մենք բիզնեսի հետ միասին գնահատենք, թե որն է այն տրամաբանական ժամանակահատվածը, որի շրջանակներում կձևավորենք փաստաթղթավորված գործառույթներ»,- ասաց Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ այն որոշումը, որը կընդունեն, կկիրառվի հետընթաց հունվարի 1-ից։
Զվարթ Խաչատրյան