«Նոր թափ պետք է հաղորդել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման և վավերացման գործընթացին». Լեհ վերլուծաբան
«ՀՀ նոր իշխանությունների օրոք կարիք կա հարաբերությունները հագեցնել բովանդակությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ ամփոփելով 2018թ. ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար:
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ամենակարևոր ձեռքբերումը ՀՀ-ԵՄ հարաբերություններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասնակի կիրարկման մեկնարկն էր և համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը:
Ըստ նրա, հայաստանյան հեղափոխական իրադարձությունների պատճառով այս գործընթացները երկարաձգվեցին, որոշ ծրագրերի վերջնաժամկետներ խախտվեցին, դանդաղեց Համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:
«Այս իրավիճակում սրանք բնական խնդիրներ են: Հասկանալի է, որ նոր Կառավարությանը ժամանակ էր հարկավոր ներքին առաջնահերթություններով զբաղվելու, արտաքին խնդիրներին անդրադառնալու և դրանք հունի մեջ գցելու համար: Հուսանք, որ առաջիկա տարվա ընթացքում կլինեն ավելի առարկայական արդյունքներ համաձայնագրի ներդրման ուղղությամբ, որը նաև նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացին, ինչը կարևոր է, քանի որ առանց բոլոր երկրների վավերացման՝ Հայաստանը չի կարողանա ամբողջությամբ իրականացնել համաձայնագիրը»,- ասաց Զաշտովտը:
Նա հիշեցրեց նաև 2018թ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի ընթացքում նա բազում հանդիպումներ ունեցավ եվրոպացի պաշտոնյաների հետ, ամիսներ անց Հայաստանում ընդունեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Դրանք հաջողված դրվագներ էին ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց նոր իշխանությունների օրոք կարիք կա այդ ամենը հագեցնել բովանդակությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցով»,- ասաց Զաշտովտը:
Ըստ նրա, եթե ՀՀ իշխանություններին չի բավարարում այն աջակցությունը, որը կարող է ԵՄ-ն ցուցաբերել Հայաստանին նախատեսված առկա համաձայնագրով, ապա այդ մասին քաղաքական հավակնություն պետք է ձևակերպի:
«Մենք հիշում ենք, որ Բրյուսելում ՀՀ վարչապետը որոշակի վերապահում հայտնեց: Նման իրավիճակներից խուսափելու համար պետք է հստակ օրակարգ ձևավորել եվրոպական ուղղությամբ, եթե կան նոր ակնկալիքներ ու հավակնություններ: Եթե չկան, պետք է առկա օրակարգի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, դա պակաս կարևոր չէ»,- ասաց Զաշտովտը: