
Հսկիչ-դրամարկղային կտրոնը պահեք. այն անորակ կամ որակյալ ապրանքների հետդարձի ամենահստակ ճանապարհն է

«Հսկիչ-դրամարկղային կտրոնների հետ խնդիրներ շատ են լինում: Մեզ գալիս ու բողոքում են: Ընդհանրապես, եթե էլեկտրոնային ճանապարհով են ապրանք ձեռք բերել, մենք անպայման ասում ենք, որ ցույց տան պայմանագիրը, իսկ եթե չկա, ապա անպայման հսկիչ-դրամարկղային կտրոն պետք է ունենան, նկարեն, ուղարկեն: Մեզ մոտ էլ երբ գալիս են՝ պատճենահանում ենք կտրոնն ու օրիգինալը տալիս սպառողին: Սակայն հաճախ կտրոնները պահած չեն լինում ու մենք չենք կարողանում նրանց օգնել, կամ էլ մեծ դժվարությամբ ենք կարողանում աջակցել ու հետ վերադարձնել ապրանքը, որի համար կա սահմանված 14-օրյա ժամկետ: Ուղղակի մեր սպառողին հորդորում եմ անպայման հսկիչ-դրամարկղային կտրոնը վերցնեն, որովհետև այն անորակ կամ որակյալ ապրանքների հետդարձի ամենահստակ ճանապարհն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է սուպերմարկետներին՝ Մելիտա Հակոբյանը նշեց, որ սպառողը հաճախ անտեղյակ է լինում. ապրանքը վերցնում է, հասնում է դրամարկղի մոտ, երբ անց են կացնում՝ գինը ավելի բարձր է լինում, քան գրված է եղել:
«Հիմա որոշ չափով ուղղումներ արվում են, բայց երբեմն շատ ապրանքների գինը փակցված չի լինում կամ սխալ է գրված: Հորդորում եմ մեր սպառողներին, որ ուշադիր լինեն, մենք ամեն տեղ, ամեն րոպե իրենց կողքին չենք կարող կանգնել: Բայց, եթե խնդիրներ կան՝ թող ահազանգեն մեզ, որպեսզի խաբված չլինեն»,- հավելեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:
Անի Կարապետյան