Բաժիններ՝

Կողակն անհետացման եզրին է

«Իշխանի պաշարը, որն անցած տարի հասել էր 17 տոննայի, այսօր 1-2 տոննա է գնահատվում: Այսինքն, բավականին մեծ  արտահանում է տեղի ունեցել, որի արդյունքում վերադարձել ենք այն պատկերին, որը կար մինչև 2017 թվականը: Շարունակում են նվազել նաև կարասի պաշարները: Մեր գնահատականով՝ մոտավորապես 35-40 տոննա է այս պահին, բայց միշտ որսն  անսահմանափակ է լինում, քանի որ Սևանի համար ներմուծված և ոչ ցանկալի ձկնատեսակ ենք համարում: Խեցգետինը, սիգի պես, արդյունագործական կենսառեսուրս է:

Ցավոք, նրա պաշարներն էլ են նվազել, մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2300 տոննայից մի քիչ ավելի են: 2017թ. եղել է 2600 տոննա, 2016-ին՝ 4500, այսինքն՝  մոտ երկու անգամ նվազել է պաշարը: Բացի դա՝ նկատվում է երիտասարդացում, մանրացում, որը գերորսի արդյունք է հանդիսանում: Առաջարկել ենք, որ 350 տոննայից շատ չպետք է թողնեն, որ որսան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր ոչ մի կերպ չենք կարողանում սիգն ու իշխանը  վերականգնել այն քանակով, որը կապահովի արդյունագործական  որևէ պաշար և կարելի կլինի ինչ-որ մի մասով որսալ:

«Այս ձկնատեսակներն արգելված է որսալ: Մեզ  Բնապահպանության նախարարությունից դիմեցին՝ հարցնելով, թե ե՞րբ է բուն ձվադրումը տեղի ունենալու, մենք պատասխանեցինք, որ՝ դեկտեմբերի 20-ից հետո։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է պահպանվեն այսօրվա պաշարները։ Եթե չենք պաշտպանում նախաձվադրային վտառը, ապա վաղը չենք ունենա ձվադրող վտառ, որովհետև նույն ձկները դեկտեմբերին, հունվարին գնալու են ձվադրելու։ Այսօրվա ձուկը, որը հազարավոր ձկնկիթներ է պարունակում, որսում ենք ու հազարավոր ձկներ ենք կորցնում։

Հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ սրան չի անդրադառնում, իսկ ես կարծում եմ, որ սա կոռուպցիայի մի ձև է. չէ՞ որ Սևանի ձկնապաշարները հանդիսանում են պետական սեփականություն։ Եվ եթե չենք պահպանում պետական սեփականությունը, նշանակում է՝ չենք պայքարում կոռուպցիայի դեմ: Սա էլ է միլիոնների հարց, ինչո՞ւ չեք զբաղվում: Պետք է խստացնել պահպանությունը՝ արգելելով նման ձկնատեսակների ու խեցգետնի որսը: Այս սեզոնին ոչ մի նավակ չպետք է լիճ մտնի, որովհետև նույնիսկ կարասի անվան տակ՝ կորսան և՛ սիգ, և՛ իշխան»,- նշեց Բարդուղ Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է կողակին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենը հայտեց, որ նույնիսկ չեն կարողանում գնահատել, որովհետև հատեր են մնացել:

«Կողակի պաշարներից խոսելն ուղղակի սխալ է: Սևանում հիմա կողակը կարելի է հատով հաշվել:  Շատ է քչացել: Կողակն արդեն գտնվում է անհետացման եզրին: Բնապահպանության նախարարությանն ասել ենք, որ պետք է նրա արհեստական վերարտադրությամբ զբաղվել: Պահպանությունը, վերականգնումը պետք է ժամանակին կատարել, այլապես կուշանանք, ու ամեն ինչ իսպառ կվերանա»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ձկնորսները որսում են ոչ թե այնքան, որքան իրենց թույլատրվում է, այլ այնքան, ինչքան կարողանում են:

«Օրինակ՝ խեցգետնի նվազման պատճառներից մեկն այն է, որ 2014 թվականից սկսեցին ներմուծել չինական  խեցգետնորսիչներ, որոնց որսունակությունը 3-4 անգամ ավելի բարձր է, որսում են բոլոր չափի ձկներին՝ սկսած ամենամանրից: Կիլոմետրերով հատակին դրված է, գնացող-եկողին որսում է: Սա է պատճառը, որ խեցգետինը վաճառվում է 10.000-15.000 դրամով, իսկ մինչ այդ 2000 դրամ էր:  5-6 անգամ թանկացել է, քանի որ քանակը պակասել է»:

Անդրադառնալով վերահսկողության եղանակներին՝  Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենը նկատեց.

«Սա կառավարվում է, օրինակ, որսագործիքներով, որի դեպքում հնարավոր է կառավարել ու արգելել մանր չափի ձկներ բռնելը: Թող ստից չասեն, թե՝ ցանցը դնում ենք, սիգ ու իշխան էլ է ընկնում: Եթե մի որսագործիք դնում են, ապա լավ գիտեն, թե ինչի համար են դնում, որովհետև դրանք բոլորը տարբեր են: Օրինակ՝ իշխանի համար նախատեսված ցանցը մի տեղից ամրացվում և լողում է, որ իշխան բռնի, սիգինը հատակում է դրվում, կարասինը՝ այլ տեղերում: Ուզում եմ ասել՝ ամենը կառավարելի է: Սա շատ մեծ կոռուպցիա է: Բոլորը բղավում են, թե Սևանը սիրում են, բայց միայն բղավելով Սևանը չենք կարող փրկել»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս