
«Արդյունաբերական, գիտական Հայաստան կունենանք, եթե վաղվանից լայն ճանապարհաշինություն սկսվի». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր ուժի հետ այսօր քարոզարշավը որոշել էր անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
«Արդյունաբերական, գիտական Հայաստան կունենանք, եթե վաղվանից լայն ճանապարհաշինություն սկսվի: Բոլոր երկրները ճգնաժամը սկսում են հաղթահարել ճանապարհաշինությամբ: Մենք ունենք ճանապարհաշինական լավագույն կազմակերպությունները, մասնագետներ, որոնք կարող են երևի մի երկու տարում այդ հարցը լուծել: Մենք այստեղ Չինաստանի, տենդերների կարիքը չունենք: Հայաստանը կարող է լինել տարածաշրջանային անվտանգ երկիր՝ սեփական հումքի վրա արդյունաբերություն ունենալու, ֆինանսական ռեֆորմի դեպքում»,- լրագրողներին ասաց Լևոն Շիրինյանը:
Կուսակցության ծրագրում նշված է նաև, որ սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում:
Նրանք կարծում են, որ հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ հետարդյունաբերական կամ տեղեկատվական հասարակության փուլը, անհրաժեշտ է ստեղծել հետինդրուստրիալ և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների և դրա հիմքի վրա տեղեկատվական հասարակության ձևավորման հիմքերը:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ