«Արվեստագետի իրավունք է՝ չնկարել պլակատ». «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ հեղափոխության մասին ֆիլմ նկարելու մասին

Երեկ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թալինում Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը միանշանակ չընկալվեց մեր հասարակության կողմից, և, բնականաբար, այն իր արձագանքներն ունեցավ նախ և առաջ ֆեյսբուքյան հայկական տիրույթում։

Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ, դիմելով հավաքվածներին, Սասուն Միքայելյանն ասել էր. «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր Հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը….»։

Այս ելույթին, ի թիվս այլոց, իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց նաև Արցախյան հերոսամարտի մասին պատմող, մեծ ճանաչում ունեցող «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ գրելով. «Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը, որը կրեց ժողովուրդը, ավելի կարևոր է, քան թե Արցախյան ազատամարտը… Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը:

Փաստորեն այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե բարի երթ ձեր քարոզարշավին…»:

Մհեր Մկրտչյանի այս գրառմանն ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սասուն Միքայելյանի խնդրահարույց հայտարարության դրական բաներից մեկն էն ա, որ Մհեր Մկրտչյանը հասկացել ա, որ «փաստորեն լրիվ անիմաստ ա նկարել Կյանք ու կռիվը»: Անկախ իրենից՝ մարդը խոստովանում ա՝ ֆիլմը ազդեցություն չի ունեցել, եթե սենց հայտարարություններ են հնչում:

Էս ինքնախոստովանությունը վկայում ա, որ երկրի համար գերկարևոր արժեքների մեյնսթրիմացման ու պլինտուսացման քաղաքականությունը սովորական երևույթ ա եղել, ու չեն էլ հասկացել՝ ինչ են անում: Իսկի քաղաքականություն էլ չի եղել, ուղղակի առօրեական վիճակ, կեցութաձև:

Ու երկրորդ խնդիրն էն ա, որ դրա հետևանքով Մհեր Մկրտչյանը սկսել ա մոռանալ, որ ինքը ընդամենը Կյանք ու կռիվ ա նկարել, իսկ Սասուն Միքայելյանն էդ Կյանք ու կռվում ա եղել անձամբ: Ասում ա՝ անիմաստ եմ նկարել… Նկարել էր, որ Սասունը չմոռանար էդ սաղ, երևի:)

Ավելացում. Կինոյի վերաբերյալ պետական քաղաքականությունը պետք ա ֆունդամենտալ վերանայել»։

Վահագն Թևոսյանի մեկնաբանությունը ևս տարատեսակ արձագանքների պատճառ դարձավ, և դրանցից մեկում օգտատերերից Վազգեն Սաղաթելյանը, հակադարձելով Վ. Թևոսյանին, մասնավորապես խնդրել էր պատասխանել. «Ի՞նչ կինո ունենք պետական միջոցներով նկարած, որ «Կյանք ու կռվին» մոտ ա գոնե 10 սմ։ Ավելին ասեմ, ինչ կինո ունենք առհասարակ»,- ապա ավելացրել,- «Որքանով ինձ հայտնի է Մհերին առաջարկվել էր նկարել ԴՈՒԽՈՎ կինո, հետո պարզվել էր, որ պետք ա ֆուլ Նիկոլի Հիսուսացման պրոցես լինի ու հրաժարվել էր (այ էդ, օրինակ, լավ կլիներ փոխեին, եթե բան են փոխում), կարծում եմ՝ էդ ա եղել պատճառը որ համեմատության մեջ է դրել էս համատեքստում (էն, ինչի մասին նկարել է ու ինչի մասին չի նկարել)»։

Այս հայտարարությունների կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանից։

Մհեր Մկրտչյանը նշեց, որ իր գրառումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Պարզապես երևույթն է իր համար եղել տգեղ, որին էլ և ինքն արձագանքել է։

«Թե հիմա Թևոսյանն ինչ է ուզում, ինչ է նկատում, իր անձնական խնդիրն է։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտվելու, կարող է և՛ վատը գրել, և՛ լավը, և՛ եթե իմ գրառման վերաբերյալ կան նաև վատ արձագանքներ, նորմալ է։ Եթե Թևոսյանը կարծում է, որ «Կյանք ու կռիվ»-ը արժեք չունի, դա իր անձնական կարծիքն է, 100 000 մարդ հակառակ կարծիքն ունի»,- հավելեց ֆիլմի ռեժիսորը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջարկվե՞լ է արդյոք իրեն նկարել հեղափոխության մասին ֆիլմ, Մհեր Մկրտչյանը պատասխանեեց, որ այդ մասին խոսակցություններ են եղել, որոնց մանրամասներն ինքը չի բացահայտի։

«Այդ կապակցությամբ ես հրապարակայնորեն ասել եմ, որ այս իրադարձությունների մասին ես ֆիլմ կնկարեմ այն ժամանակ, երբ լիովին, լայնորեն կհասկանամ ամեն կատարվածը, և ինքը լինի ոչ միակողմանի, այլ լայն, ճշմարիտ և ավելի խորը։ Սա արվեստագետի իրավունք է՝ չնկարել պլակատ»,- եզրափակեց Մհեր Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս