Բաքվի ստացած բացասական նշաններն ու Երևանի նուրբ բալանսավորումը

Դեկտեմբերի 10-12-ին Թբիլիսիում կազմակերպվող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի հավաքի կապակցությամբ կարեւոր նախանշաններ են փոխանցվում։ Հայտնապես այդ հավաքին չեն հրավիրելԱդրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին։ Բայց սա միակ երեւույթը չէ, որը նախանշային իմաստ ունի։ Այդ հավաքի ամփոփիչ բանաձեւի տեքստում նախատեսվում է կետ ներառել, որում նշվում է Ուկրաինայի եւՎրաստանի տարածքային ամբողջականությունը եւ խոսք չկա Ադրբեջանի մասին:

Անհրաժեշտ է մտաբերել, որ Ուկրաինան եւ Վրաստանը ԵՄ-Ի հետ կնքել են ասոցացման համաձայնագիրը եւ գուցե առաջին հայացքից դրա համար է նշվում այդ երկրների տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը, որ ներգրավվել է Արեւելյան գործընկերության ծրագրերում բնականաբար նույն կարգավիճակը չունի։

Առաջին հայացքից  ձեւավորվող այս տպավորությունը թերի է իհարկե, մանավանդ երբ նկատի ենք առնում Բրյուսելի նախընթաց դիրքորոշումները Բաքվի նկատմամբ։ Խավիարային դիւանագիտությունը, ադրբեջանական բարքերի Բրյուսելյան քաղաքական հարթություն տեղափոխելու Բաքվի պետական քաղաքականությունը, որը հանգեց ի իվերջո ԵԽԽՎ ղեկավար Ագրամունտի հրաժարականին՝ երկարաձիգ հետեւանքների տեղի տվող գործողություններ են փաստորեն։ Այդ հետեւանքներից հիշենք հուլիսի սկզբին Եվրախորհրդարանի քվեարկած միաժամանակյա բանաձեւերը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի մասին. առաջինը ըստ էության դրական-քաջալերական բնույթի, մինչ երկրորդը՝ բացասական-պայմանական։

Թբիլիսիի հավաքը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիղ հաջորդ օրը։ Այնտեղ անպայման Երեւանը կօգտագործի եւրոպական չափանիշերին ընդառաջ ընտրությունները ժողովրդավարական իրաւաչափություններով անցկացված լինելու փաստը, այն հակադրելով Բաքվի աւանդույթներին եւ ադրբեջանական կլանի վերարտադրության գործընթացներին։ Ինչը իբրեւ  բովանդակություն տարբեր ասելաձեւերով տեղ էր գտել Եվրոխորհրդարանի որդեգրած բանաձեւերում։

Երեւանի նկատմամբ եւրոպական գնահատականների հավանական շարունակությունը իհարկե զուտ ժողովրդավարական արժեչափերին չի վերաբերում։ Մեծ հաշվով գործընթացները ազդեցության գոտիների քաղաքական բախումների շրջանակներում դիտարկելու դեպքում նկատվում են Երեւան-ՀԱՊԿ վերջին զարգացումները։ Եւրոպական հայացքով այդ շրջանակներում նկատվում է Երեւանի կողմից հետխորհրդային եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին հարիր՝ չհեռացող ղեկավարներից առանձնացում, ինչը բնականաբար մանրադիտակի տակ է բերվում։ Առավել եւս Երեւանի ղեկավարի կողմից ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնի հարցով միեւնույն միաւորի անդամ պետությունների հետ ոչ ներդաշնակ պահվածքը։

Բնականաբար առանց այդ հարցին անդրադառնալու եւ ընտրությունների ժողովրդավար դրույթի վրա կենտրոնանալով ԵՄ-ի շրջանակները անպայման դրական գնահատականներ կտան Երեւանի հասցեին։

Քաղաքական պրակտիկան եւ տրամաբանությունը հուշում է, որ ԵՄ-ից բացասական ուղերձներ եւ ազդակներ ստացող Բաքուն իր հայացքը կ՛ուղղի դեպի մրցակից ոլորտ։Եւ այնտեղից կարող է ստանալ դրական ազդակներ՝ միեւնույն տրամաբանությամբ։

Այստեղ է, որ սկսվում Երեւանի կողմից ակտիվ կերպով կիրառելի բալանսավորման նուրբ խաղը. մանավանդ հետ-խորհրդային երկրների հատուկ՝ չհեռացող վարչակարգերի եւ ղեկավարների ախտանիշից ձերբազատման դրսեւորում ունեցած եւ ՀԱՊԿ-ի երկրների հետ վեճում հայտնված մեր պետության համար։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս