Եվրահանձնաժողովը հաստատեց Ջիբրալթարի շուրջ Մադրիդի և Լոնդոնի միջեւ փոխզիջման բացակայությունը
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չէ: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը:
«Եվրահանձնաժողովը շարունակում է որպես միջնորդ աշխատել Ջիբրալթարի շուրջ կոնսուլտացիաներում: Առայժմ լուծում չի գտնվել, բայց, որքան ես գիտեմ, գագաթնաժողովը մնում է օրակարգում»,-ասել է նա:
«Այժմ այդ հիմնախնդրի շուրջ Բրյուսելում շարունակվում են մշտական ներկայացուցիչների կոնսուլտացիաները»,-նշել է նա: Վինտերշտայնը հրաժարվել է որեւիցե մեկնաբանություն անել այդ բանակցությունների բովանդակության շուրջ:
Ավելի վաղ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ի մասին համաձայնագրի նախագծում փոփոխություններ չլինեն Ջիբրալթարի վերաբերյալ, Իսպանիայն կարգելափակի Brexit-ի մասին համաձայնագիրը: Մադրիդը հստակ իրավաբանական երաշխիքներ է պահանջում, որ Ջիբրալթարի ապագա կարգավիճակի որոշման նկատմամբ Իսպանիայի դիրքորոշումը հաշվի կառնվի ապագա հարաբերությունների շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:
Իսպանիայի սուր հակազդեցությունն է հարուցել այն փաստը, որ Եվրամիությունը մեկուկես տարի ծախսեց՝ ձգտելով Մեծ Բրիտանիայից հասնել Հյուսիսային Իռլանդիայի հետ թափանցիկ սահմանի վերաբերյալ Իռլանդիայի պահանջների կատարման, սակայն համանման ջանքեր չձեռնարկեց Ջիբրալթարի նկատմամբ:
Եթե Ջիբրալթարի հետ կապված իրադրության շուրջ գոնե ընդհանուր պայմանավորվածություն ձեռք չբերվի Բրյուսելի, Լոնդոնի ու Մադրիդի միջեւ, Իսպանիան կարող է պահանջել՝ հետաձգել Brexit-ին նվիրված գագաթնաժողովը, որտեղ հանրակցության երկրները նոյեմբերի 25-ին պետք է հաստատեն ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի նախագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: