Բաժիններ՝

Հայկական դրամը 25 տարեկան է

1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրվեց ազգային արժույթը՝ դրամը, որով դադարեցվեց խորհրդային եւ ռուսական դրամանիշերի շրջանառությունը։ Դրանով հիմք դրվեց Հայաստանի հիմնական ֆինանսական կառույցներին, այդ թվում նաեւ բանկային համակարգին։

Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 եւ 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994—ին՝ 10, 20, 50 լումա եւ 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները։ Առաջին թղթադրամներից 5 տարի անց շրջանառության մեջ դրվեցին 1000 դրամ եւ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները։ Ի դեպ, հայկական թղթադրամները կարելի է դասել աշխարհում ամենաորակյալների ու ամենապաշտպանվածների շարքին։ Հայաստանում պետական դրամատպարանի եւ դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ կենտրոնական բանկը համագործակցել է մի շարք հեղինակավոր ընկերությունների եւ դրամահատարանների հետ։

Ազգային արժույթը շրջանառության մեջ դրվեց երկրի համար բավականին բարդ եւ ծանր ժամանակաշրջանում։ «Այսօր կարող ենք փաստել, որ ազգային արժույթն ունի իր ավանդույթները եւ ամենակարեւորը՝ կայունություն։ Հայկական դրամն այս տարիների ընթացքում ապացուցել է իր կայունությունը, ամրությունը եւ մրցակցությունն այլ արժույթների հետ։ Ֆինանսական եւ հայկական դրամի կայունության մասին մենք չէ, որ բարձրաձայնում ենք, այլ միջազգային մասնագետները»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։

«Խորհրդային Միությունը քանդվելուց հետո ազգային արժույթ ունենալու հարց առաջացավ։ 1993թ. ներդրված առաջին թղթադրամների համար մրցույթ չէր հայտարարվել, դրանց հեղինակը Հրաչյա Ասլանյանն էր։ Արդեն երեք տարի անց, երբ դրամի արժեզրկում էր եղել, եւ նոր թղթադրամների անհրաժեշտություն կար, մեծ մրցույթ եղավ»,–պատմում է նկարիչ Ռուբեն Արուտչյանը, որն այդ մրցույթում առաջին եւ երկրորդ տեղը կիսել է Աշոտ Մանուկյանի հետ։ Վերջինս էլ ի վերջո դարձավ թղթադրամների հեղինակը, քանի որ Արուտչյանը հրաժարվել էր հօգուտ նրա։

Զրուցակիցս նշում է, որ Հայաստանի եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների թղթադրամների էսքիզների եւ առհասարակ կատարողականի (գույն, կատարում, թղթի չափ) միջեւ համեմատություն անցկացնելու դեպքում մեր թղթադրամները կարող են ամենալավը համարվել։ Այդ մասին ասել է նաեւ «ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների թղթադրամների ռեեստր» գրքի հեղինակ Դմիտրի Զագորենկոն։

Ռուբեն Արուտչյանը 2000թ. քրիստոնեության ընդունման 1700—ամյակի առիթով հայտարարված մրցույթի հաղթողն է՝ դառնալով 50 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի հեղինակը։ «Շատ մեծ մրցույթ էր։ Աշխատեցի «Գիզիկե ընդ Դեւրիենտ» գերմանական ընկերության համակարգչային դեպարտամենտում։ Հիանալի փորձ էր։ Միշտ հետաքրքրվել եմ, թե ինչպես է տպագրվում թղթադրամը, ինչպիսի ճանապարհ է անցնում»,– ասում է զրուցակիցս։

Կենտրոնական բանկի խորհրդի՝ 2001 թվականի հոկտեմբերին հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանության են արժանանում Կարեն Կոմենդարյանի եւ Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզները։ 2003թ. նշանը տեղադրվել է 10 հազարանոց թղթադրամի դարձերեսին։ 2007 թվականին գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012—ին՝ վերջնականապես հաստատվել ISO/UNICODE միջազգային ստանդարտներում։ Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշը՝ գրանշանը, հայոց այբուբենի «Դ» մեծատառն է՝ երկու հորիզոնական ընդգծված գծերով։ «Գրանշանի երկու գիծը կարծես օրինաչափ է։ Բոլոր արժույթներն էլ ունեն երկու գիծ՝ եվրոն, դոլարը, ֆունտը, լիրան։ Զարմանալի է, թե ինչու բոլորը չստեղծեցին այդ տարբերակը, այլ միայն մենք երկուսով»,–ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացված այն, որ քաղաքական, պետական գործիչների փոխարեն մեր թղթադրամների վրա պատկերված են մշակույթի, արվեստի եւ սպորտի ներկայացուցիչներ, նկարիչը նկատեց, որ այդ մոտեցումը հիանալիորեն նկարագրում է մեզ՝ ցույց տալով, որ մենք մշակութային ազգ են եւ ունենք մշակույթի հզոր անհատներ։

Հայկական դրամի թողարկման 15—ամյակի կապակցությամբ 2008 թվականին Կենտրոնական բանկի դիմաց տեղադրվեց դրամին նվիրված եւ դրամը խորհրդանշող բրոնզե արձանը։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

Այս տարի մայիսին Շուշիում բացվեց հայկական դրամի թանգարանը, որտեղ ցուցադրվում են Ծոփքի հայկական թագավորության, Արտաշեսյան դինաստիայից՝ Տիգրան Մեծի, Արտավազդ Բ—ի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ ժամանկաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ։ Թանգարանում առանձին ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամները, Շուշի քաղաքում 18–րդ դարի վերջին եւ 19—րդ դարասկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Արցախին նվիրված տարբեր տարիների թողարկված հուշադրամները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս