Լարսին այլընտրանքային ճանապարհներ կան, պարզապես ՀՀ իշխանությունները հարցին լուրջ չեն վերաբերվում. տնտեսագետ
Եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսը ժամանակ առ ժամանակ փակվում է և բեռնատար ու մարդատար մեքենաների համար ստեղծում բարդ իրավիճակ։
Այսօր առավոտյան Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ-ը և ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը կրկին հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ
Վերին Լարսի այլընտրանք ճանապարհ դիտարկում են ոչ միայն ավտոճանապարհը, այլ նաև լաստանավային փոխադրումը, որը գոյություն ունի այսօրվա դրությամբ, հատկապես` հաշվի առնելով գնային առաջարկությունը։
Սակայն մինչ օրս Լարսի այլընտրանքային ճանապարհի հետ կապված որևէ գործնական քայլ տեղի չի ունեցել։
168.am-ի հետ զրույցում Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության ղեկավար, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ օրակարգից այդ հարցը պետք է արդեն հանել, քանի որ բեռնատարներն աստիճանաբար սկսում են շարժվել։
«Երկու-երեք օր էր, բեռնատարները եղանակների պատճառով Լարսում կանգնած էին, բայց խնդիրն արդեն լուծված է, այլ խնդիրներ չունենք, ավելին ասել չեմ կարող, քանի որ 20-25 տարի է՝ այս ռեժիմով աշխատում ենք, պետք չէ ամեն ինչ սրել»,- ասաց Ա. Ղազարյանը։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Լարսի այլընտրանքային ճանապարհներին՝ նկատեց, որ Լարսին այլընտրանքային երկու ճանապարհ կա՝ Օսիայով, և մյուսը՝ Աբխազական երկաթուղին, չնայած վերջինը բավականին երկար գործընթացներ է պահանջում։
«Վերին Լարսի խնդիրը չի լուծվում, քանի որ մեր կառավարությունն այդ հարցին լուրջ չի վերաբերվում։ Գնում են տարբեր գործուղումների և վերադառնում, ու իրենց թվում է, թե հարց են լուծել։ Այստեղ պարզապես պետք է համատեղ գործողություններ իրականացնեն՝ մի քանի թունելների շինարարության, ճանապարհների վտանգավոր հատվածների կրճատման, և այլն։ Իհարկե, այլընտրանքային ճանապարհներ կան, եթե նույնիսկ վերը նշած երկու սցենարները դիտարկենք, ապա կարելի է հստակ ծրագիր մշակել և ներկայացնել անգամ միջազգային կառույցներին, որոնք, վստահ եմ, որ հետաքրքրություն կցուցաբերեն, որովհետև այն տարածաշրջանային բնույթ է կրում, և մի շարք կազմակերպություններ մտահոգված են հենց տարածաշրջանային ծրագրերով»,- նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Լարսի խնդիրը լուծելու համար ՀՀ իշխանությունների կողմից չկա
հետևողականություն, կան միայն էպիզոդիկ գործողություններ, որոնք սահմանափակվում են մեկ-երկու պաշտոնյայի գործուղումով Լարս։
Ըստ նրա, խնդիրը պետք է ավելի արմատական լուծում ունենա, ինչի համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք գործընկերների հետ։
«Լարսի փակ լինելը տնտեսության վրա թողնում է բացասական մեծ ազդեցություն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում գների բարձրացում, արհեստական դեֆիցիտներ են գոյանում տարբեր ապրանքների գծով, որոնք իրականում արդարացված չեն։ Կան օբյեկտիվ պատճառներ, որի հետևանքով և՛ ներմուծողներն են տուժում, և՛ սպառողները։ Կրկնում եմ՝ ոչ թե չկան այլընտրանքային ճանապարհներ, այլ դրանց ուղղությամբ աշխատողներ չկան։ Մենք որևէ մեկին վնաս չենք տալիս, եթե ունենանք այլընտրանքային ճանապարհ, հատկապես, եթե խոսքը նոր լրացուցիչ ենթակառուցվածքներ ձևավորելու մասին է։
Պարզապես Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք լուրեր են տարածում, թե այդ ամենը Վրաստանին իբրև ձեռնտու չէ, Ռուսաստանին շահավետ չէ, և այլն։ Շատ հեշտ է պատճառաբանություններ գտնել գործ չանողների համար»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ չնայած Լարսի փակվելը եղանակային պայմաններից է կախված, այդուհանդերձ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում խնդիրն այնպես լուծել, որ արհեստական քաշքշուկներ չլինեն։
«Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, ուստի ՀՀ իշխանություններն այնպես պետք է աշխատեին, որ Լարսը աշխատելուց ընդհանրապես խոչընդոտներ չունենար։ Մենք խնդիրներ ենք ունենում՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներկրման հետ կապված, ուստի հույսը միայն կապել Լարսի հետ՝ սխալ է։
Մենք այսօր պետք է ունենայինք երկրորդ ճանապարհը և մտածեինք մեր կոմունիկացիաները բարելավելու մասին։ Այս հարցում մենք ակտիվ չենք, այդ պատճառով էլ խնդիրներ ենք ունենում։ Չինովնիկներն էլ հերթով գալիս, անց են կենում, և ամեն մեկն իր անձնական հարցերով է զբաղված, և խնդրի մասին խոսում ենք միայն այն ժամանակ, երբ Լարսը փակվում է, բեռնատարներն օրերով մնում են այնտեղ։
Մենք հանգիստ նստում ու սպասում ենք, թե ինչ կլինի, իսկ այս խնդրի լուծման համար ամենօրյա աշխատանք է պետք։ Շատ ժամանակ մեր թերի աշխատանքը փորձում ենք վերագրել ուրիշներին, թե՝ տեսեք, Լարսը փակվեց, ժամանակին մտածեիք, որ չփակվեր։ Քաղաքական ուժերն էլ հերթով գալիս, անց են կենում, իսկ ժողովրդի վիճակը շարունակում է վատ մնալ, և Լարսի խնդիրն էլ՝ չլուծված»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան